Վիպակ

Անտառի մեղավոր անցյալը

Ոչ մարդասպանություն  էր, ոչ բան․ ծառ էր՝ կտրել էին, ու ոստիկանները կատակելով, ծիծաղելով եկան։ Կարևորը՝ բունը մնացել էր, արմատները կային, մի օր անձրև կաներ, մի օր՝ արև, ջահել ճյուղեր կաճեին՝ կանցներ-կգնար․․․

Բայց դե, օրենքը պահանջում էր, ու ոստիկանները եկան վկա ու հանցագործ փնտրելու։ Անտառի փեշին ապրողներին էին հարցաքննում, բայց ո՞վ դրանց հետ գլուխ ունի, միամիտ մի բան ես ասում՝ կրակն ես ընկնում։ Էնքան են տանում-բերում, հոգիդ հանում են։ Ասեցի. «Ձե՞ռ եք առնում․․․ ես էնքան եմ հոգնում, որ քնեցի, վերջ, վրովս տանկ անցնի, չեմ զգա,- բայց լավ էլ լսել էի՝ ծառը էնպիսի դրմփոցով տապալվեց, որ լճի ձայնը խլացավ, քնահարամ թռչունները ահաբեկված ծղրտալով աջ ու ձախ թպրտացին,- համ էլ, ասում եմ, նամուսով կնիկը ի՞նչ գործ ունի գիշերով դրսում, էն էլ՝ անտառի փեշին»։ Սիմոնն էլ ասեց։ Ասեց՝ «Վազն անցեք․․․ ոչ տեսել ենք, ոչ՝ լսել»։ Հետո, որ տուն էինք գնում Սիմոնն ասեց՝ «Մեզ լավ պահեցինք, ճիշտը դա էր․․․ ո՞վ  ա արնոտ կացինը Աննիկի ձեռքը տեսել․․․ էդ շան աղջիկը հոգին պիտի ազատե՞ր էդ տանջանքից, թե չէ․․․»։

Իսկ էդ օրը Սիմոնը թքել՝ թո՛ւ ասել էր։ Սիմոնի պես բարի, ուրախ մարդը որ զայրանա ու թքի` ո՞ւր ես։ Բայց չէր կարողացել զզվանքը զսպել, թքել, թո՛ւ էր ասել, ուրեմն Հայկը ճիշտ էր։ Բայց հենց սկզբից, երբ հավարը գցեցին, օգնելու էր գնացել, ուղղակի ուշացել էր, վերջում էր հասել։ Ու՝ թո՛ւ էր ասել։ Չնայած էդ հարաբերություններում ինքն էլ մի բան չէր, քառասուն կնիկ էր արել։ Բայց ազնիվ էր, հենց մեկին սիրահարվում էր, մյուսին հրաժեշտ էր տալիս, չէր խաբում, ստելով չէր ստորացնում։ Լավ էլ ուշադիր էր։ Մեկ էլ տեսար՝ գալիս, պարտքով փող էր ուզում․ «Չորրորդ կնկաս աղջիկը հիվանդ ա, գնամ տեսնեմ՝ հո լուրջ բան չի՞», կամ՝ «Յոթերորդ կնկաս տղի գործերը ոստիկանությունում են։ Գնամ հասնեմ՝ էրեխու վրա գործ չսարքեն»։

Ու որ վերջին մասը տեսել էր, ասում էր՝ դռան մոտ մի գյուղի չափ մարդ հավաքված, ու դրանց մոտ ոստիկանը գոռաց Հայկի վրա, ասեց. «…Մատով կպել ես, կկոխեմ ծակը, սաղ կյանքդ կփտես»,- ու հենց ոստիկանը ոտը քաշել էր, կնիկը էկել էր թե՝ Հայկ ջան, կոֆե կխմե՞ս: «Թո՛ւ,- ասում էր Սիմոնը:- Իզուր ե՞ն ասել՝ նմանը նմանին ա գտնում, սենց բաներ են տեսել, նոր են ասել, հո չե՞ն հորինել»։ Իսկ գիշերախառը, հենց հավարը գցեցին, Սիմոնը կոշիկ էլ չհագավ, չստերով վազեց օգնելու։ Դուռը որ բացել, տեսել էր դրանց փոքր աղջիկը՝ յոթ-ութ տարեկան, լացելով գոռացել, օգնություն էր կանչել, աշխարհն աչքին մթնել էր։ Լուսաբացից մի ժամ առաջ էր եղել։ Կացինը վերցրել էր ու վազել։ Բայց ուշ էր հասել, մի կացնով էլ արդեն Հայկն էր անտառի փեշին կանգնած եղել ու գոռացել էր. «Ով մոտեցավ, վիզը կթռցնեմ»։ Անտառը պիտի շրջանցեր, ուրիշ կողմից պիտի մտներ։ Բայց մյուս կողմից սարերն էին, մնում էր Քարվաճառի կողմից գար, մտներ անտառ։ Ժամից ավելի էր տևել։ էդ ընթացքում ոստիկաններն արդեն հասած էին եղել։ Բայց ոստիկաններից առաջ Քարվաճառ գնացող զինվորականներն էին կնկա լացի ձենը լսել։ Զինվորական հագուստով, զենքով որ իջել էին՝ առողջ, վայրի տղամարդիկ, Հայկը զինաթափ էր եղել։ Հենց էդպես էլ, Հայկի աչքի առաջ, կնկան դրել էին մեքենա, տարել հանձնել ոստիկանություն։ Ասում էին, իբր, հենց զինվորականի պատճառով էլ ամեն ինչ սկսվել էր։ Իբր, ցերեկով սրանք կանգնել, խմելու ջուր էին ուզել, Աննիկը թան էր տվել։ Էստեղից էլ կռիվը սկսվել էր, թե՝ էդ ի՞նչ հոգատարություն ա։ Խանդել էր Հայկը։ Բայց սուտ ա, Հայկը կռված տղա էր, զինվորականի վրա խոսացող չէր, եթե անգամ կնիկը գառ տար դրանց։ Ասում են, ես դրան ավելի եմ հավատում, գիշերը Հայկը քսմսվել է կնկան, քսմսվել, սա էլ թե՝ հոգնած եմ․․․ գուցե երկուսը իրար հետ՝ համ քսմսվել է, համ էլ ջահել, վայրի զինվորականի կրակոտ աչքերն ու պինդ ջլերն է հիշել, իսկ ինքը՝ արդեն հիսունն անց։ Մի տարի էլ նման մի բան էղել էր։ Էն ժամանակ էլ Սաքոն էլի Հայկին էր մեղադրում, ասում էր. «Ա՛յ մարդ, եթե դու խանդոտ ես, ինչի՞ ես տունդ ճամփի բերնին սարքել, որ ում ինչ պետք լինի՝ դուռդ ծեծի․ մեկի մեքենան ա փչանում, մյուսը օտարական ա՝ բարեկամի տան տեղն ա հարցնում, մեկելը ժամանակ չունի առաջանա՝ լուրը քո կնկա մոտ ա թողնում, որ տեղ հասցնի․․․ բա չօգնի՞։ Էդ էր՝ էդ․ տունդ սարի գագաթին շարեիր․․․»։

էդ տարի, որ Սիմոնը էդպես էր ասում, ուրեմն մի օտարական կանգնել, իր հորաքրոջ տեգոր տան տեղն էր հարցրել, հետն էլ գլխացավի դեղ էր ուզել։ Համենայն դեպս էդպես էին պատմում։ Աննիկը հենց գնացել էր դեղը բերելու, Հայկը դրա տակ դավադրություն էր տեսել, դուրս էր էկել էս մարդուն քֆուր-քյաֆարով գցել էր քացու տակ։ Կնիկը վազելով էկել, հասկացել էր՝ ինչ է կատարվում, ու որպեսզի ամուսնուն համոզի, որ իր մտածածը չի, գոռացել էր․«Հայկ ջան, ճռնիկ[1] տուր, ճռնի՛կ»։ Իբր՝ ես քոնն եմ, իմ սիրտը քո համար ա ցավում, ես քո հաղթանակն եմ ուզում։ Սա օտարականին թողել, շուռ էր էկել, կնկան խփել, թե՝ ես քու սենցն ու նենցը. «Ընչի՞ իմ անճռնիկ գործը սարքեցիր ճռնիկով․․․»։ Հիմա էլ, հնարավոր ա, սրտի նեղությունից  արած լինի։ Տնաշեն, ասա, քսանչորս տարվա մարդուկնիկ եք, ուզում ես առաջին գիշերվա կարոտո՞վ քեզ գրկի։ Հենց էդպես գիշերանոցով էլ քաշել հանել էր տեղերի միջից, տարել կապել անտառի ծառերից։ Բոլորն ասում էին՝ գելերը կերած կլինեն։ Բայց լավ է՝ ամառ էր, աշուն կամ ձմեռ լիներ, ցուրտը գազաններից շուտ կուտեր դրան, էդ չորս էրեխեն կմնար անմեր։ Հայկն էլ, ով գիտի, կնկան վախեցնելու կամ գուցե հենց գելերից պաշտպանելու համար էլ կացինն առած անտառի տակ պահակ էր կանգնել։ Դրանց ո՞վ ա հասկանում։ Սիմոնն ասում էր՝ շատ ամոթ էր։ Եթե տարել-կապել ես, ախպեր, կացինն էլ ձեռիդ՝ գործը մինչև վերջ հասցրու։ Սպանի՛, ախպեր։ Թե չէ ո՞ւմ ես ձեռ առնում, կնկադ կապել ծառերից, գյուղին քնահարամ արել ու ի՞նչ՝ պահա՞կ ես կանգնել։ Դրա՞ համար ես էրեխեքիդ ընկնավորացրել, գյուղը քնաքուն արել։ Խեղճ էրեխեքը ամոթից լացում էին։ Գրողը տանի էդ տեսակ ծնողին, դրանք որ ծերանան, ոտուձեռից ընկնեն, ու էդ էրեխեքը դրանց դնեն տաշտի մեջ, լողացնեն կամ  ճաշ կերցնեն, ի՞նչ սրտով են էդ գուրգուրանքն ընդունելու, էս օրը չեն հիշելո՞ւ, էս օրվա լացը, էս քնահարամ մարդկանց, հետաքրքրասեր հայացքները, Հայկի գոռոցն ու կացին ճոճելը, պարանը, ծառը, էդպես էլ չերևացող գելերին․․․ էս գիշերը չեն հիշելո՞ւ։  Ումի՞ց ես պաշտպանում, Հա՛յկ։ Հույսդ գելերի վրա՞ էր։ Պայման էիր կապե՞լ գելերի հետ։ Գելն էր ու՝ կուշտ էր գալիս, գելն էր ու՝ անտառ չէր մտնում, սարերով էր անցնում,  գելն էր՝ առհասարակ գոյություն չուներ, քո հարցերը ո՞վ պիտի լուծեր, Հայկ տղա։ Բայց Սիմոնը վերջում էր հասել։ Ասում էր․ «Էդքան մարդ դռանը հավաքված, ոստիկանները մեքենայից իջեցրին Աննիկին, գիշերանոցը սաղ գյուղը տեսավ»։ Աննիկն էլ խեղճացած, ուրիշ օրեր ածան հավից շատ էր կչկչում, իսկ էդ ժամանակ գլուխը կախ անցել էր մարդկանց միջով։ Ոստիկանն էլ առաջն ընկած գնացել էր ու Հայկի վրա մատ թափ տվել, թե՝ «խաթրին կպել ես, ինձ հետ գործ կունենաս»։ Թե ասա, դու որ քեզ մեղավոր չես զգում, Աննիկ աղջիկ,- ասում էր Սիմոնը,- ինչի՞ ես գլուխդ կախում, ինչի՞ ես հայացքդ փախցնում մարդկանցից, էդ ո՞վ գիշերանոց չի հագնում, որ դու էլ իբր դրանից ամաչեցիր, վայվավիլե[1]՝ գիշերանոցդ տեսան։ Էլ ո՞նց կլիներ։ Գնա քեզ քարափից գցի․․․ Հայկին որ հավատանք՝ տրուսիկդ տեսնող էլ ա էղել»։ Բայց ամոթ, ամո՛թ Հայկին։ Մարդ իր քսանչորս տարվա կնկան  լրբի անուն կկպցնի՞, հետո էլ կացինն առած դեմը կկանգնի՞։ «Էդքանից հետո,- ասում էր Սիմոնը,- կամ պիտի սպանես, կամ բաժանվես, ոչ թե ոչխարի պես գլուխդ կախած կանգնես, ոստիկանը վրեդ մատ թափ տա»։ Ու էդպես Աննիկը, խարույկ բարձրացվող վհուկի պես մազերը գզգզված, քայլել ա ոստիկանի հետևից մինչև տան դուռը։ Ոստիկանը ներս չի մտել, բայց ինչ-որ պետքն ա՝ Հայկին հասկացրել ա։ Սիմոնն ասում էր՝ շատ ամոթ էր, հատկապես էդ վերջին պահը, թո՛ւ՝ ասում էր, երբ արդեն ժողովուրդը ցրվում էր, մի քանի հոգի էին մնացել, ու Աննիկը նույն գիշերանոցով դուրս ա էկել ու հարցրել, իբր բան էլ չի պատահել, հարցրել ա՝ Հայկ ջան, կոֆե կուզե՞ս։ «Բա քեզ էդպես ստորացնեն, խայտառակեն,- ասում էր Սիմոնը,- ու դու դրան ասես ջա՞ն, ասես՝ կոֆե՞։ Հասունացած էլ երեխեք ունեք ախր։ Թո՛ւ, – ասում էր Սիմոնը,- ուրեմն Հայկը ճիշտ էր, դրան էդպես էլ պետք էր, թո՜ւ․․․»։

Սիմոնը՝ Սիմոն, բայց ես Հայկի կողմից եմ։ Թե ասա, Աննիկ աղջիկ,  ո՞ւր ես օգնություն կանչել, սաղ գյուղով խեղճին խայտառակ արել։ Ծերացող տղամարդ ա, արել՝ արել ա։ Ի՞նչ գիտես մարմինը ինչ վիճակում ա, կամ հոգում ինչեր են կատարվում․․․ Հայկին նո՞ր ենք ճանաչելու, քեզ վա՞տ ամուսին ա էղել։ Հարևան մարդ ենք, ասելո՞վ չի։ Չէ՞ որ ես եմ տեսել,  իմ աչքով եմ տեսել, կթու կովի պես կթում էր։ Մի օր հենց բակում հանեց քսան հազարանոցը. «Հազար դրամը՝ ծնունդիդ, հազարը՝ մարտի ութին, հազարը՝ ապրիլի յոթին, հազարը՝ ձմեռ պապի կողմից․․․»,- ու էսպես՝ երկու տարվա տոներն ու նվերները բիրիքով փակեց։ Ճիշտ ա, հազար դրամով հիմա լավագույն դեպքում երկու կիլո կարտոլ կառնես, բայց կարևորը կամեցողությունն ա։ Իբր Աննիկն իրենից ի՞նչ ա ներկայացնում։ Հայկի տունն էլ էդտեղ շինվի, գրպանից հանածը քսանհազարանոց ա։ էկավ հորքուրին տեսնելու, քսան հազար դրամի միրգ ու ուտելիք էր բերել։ Ծախսող, լավ տղա ա, ոչ թե կնկա նման՝ ժլատ մեռնում ա․ մի տարի ա՝ փորը ցավում ա, բժշկի էլ չի գնում, գերադասում ա ցավի հետ ապրի, քան թե մի քանի կոպեկ փող ծախսի։ Դա պիտի Սուրոյի հարսը չըլներ, աղջիկն ըլներ։ Նա էլ էր կոպեկի համար հոգի տալիս։ Տղերքը փող էին ուղարկում, որ ապրի, իրեն զրկելով բա՜րդում էր՝ հարկը հարկի վրա՝ երկո՛ւ, երե՛ք, չո՛րս․․․ գիտեր պիտի գան ապրեն։ Մեռավ՝ հեչ կնի՛կը կողքին չէր էղել։ Չնայած Սիմոնն էլ դրան գովում ա, ասում ա՝ մի տարի իրեն զրկեց, Հայկին մեքենա առավ։ Մեքենաս էլ մեքենա լինի՝ սովետական, մետաղի ջարդոն։ Բայց դե, գոնե ոտները գետնից կտրվում են․․․ Սիմոնին ասում եմ. «Էդ էլ չանե՞ր, ջահելությունից մինչև էսօր հետևից հազար բամբասանք ա կախված։ Բայց Հայկը տանում ա։ Հիշո՞ւմ ես,- ասում եմ Սիմոնին, չնայած ես էլ չեմ հիշում, կեսուրիցս եմ լսել։ Էդ ժամանակ ես սրանց հարևան չէի,- Հայկի հերն ու մերը ուղիղ մի շաբաթ քնեցին Հասոյի տանը, էն, որ հիմա ավերակ ա, որ դրա երեսը չտեսնեն։

Ամեն օր նորածնին գրկած, գալիս, նստում էր Հայկենց դարպասի տակ ու էրեխուն լացացնում։ Մարդկանց խղճի վրա էր ուզում ազդել, որ ներս առնեն։ Լավ ա՝ Հասոյի մերը մեռել էր էդ ժամանակ, բանալին տվել էր, որ իր լիմոնի ծառը ջրեն։ Հայկի ծնողները, օղորմի իրանց, կարգին մարդիկ էին, լիմոնի ծառի հետևից նայում էին ու զարմանում, թե էդ էրեխեն ինչի՞ պիտի էդքան լացի։ Ով գիտի՝ չէր կերակրում։ Չնայած ես դրանից հավատում եմ՝ կճմթած էլ կլինի, մենակ թե՝ իր գործը առաջ տանի։ Խեղճերը գիշերով թաքուն մտնում էին իրանց տուն, հաց էին ուտում, շոր փոխում, լույսը դեռ չբացված վազում, Հասոյի լիմոնի ծառի հետևը թաքնվում։ Հարևանները հերթով դուրս էին գալիս, համոզում էին, ասում․ «Ա՛յ աղչի, գնա տուն, իրանք էստեղ չեն, տունը մարդ չկա»։ Մի շաբաթ էլ ցուցանակ կախեցին, իբր տունը վաճառվում ա, էլի ձեռ չքաշեց։ Ասսու դրած օրը նորածնին գրկած, դրանց դարպասի տակը նստած էր։ Քոսո՛տ։ Գիտեր, թե, որ էրեխու ձենն ընկավ ականջները, սրտները թուլացած դուրս են վազելու, ներս տանեն։ Էլի բարի մարդիկ էին, էնքան թաքնվեցին, մինչև Հայկը էկավ, հայրություն ճանաչեց, ու մինչև հիմա էլ մարդիկ կասկածում են՝ Հայկը երկու մետր բոյ ունի, էդ տղան՝ թիզուկես։ Ո՞ւմ ա քաշել․․․ էնքան էլ քաղցր «պապա ջան» ա ասում Հայկին։ Բանակում ա, լավ էլ գովասանագրեր ու կրծքանշաններ ա ստանում։ Տենց ա, էդ նորմալ ծնող ունեցողներն են ծնողական սիրուց փչանում, բճերը բոլորն էլ կարգին մարդ են դառնում։ Զատո Աննիկը կեսրարի մեռնելուն մի կաթ արցունք չթափեց։ Խեղճ կեսուրը նայեց դրա երեսին, հոգոց հանեց ու ասեց՝ բա՛, Աննիկ ջան։ Ու բոլորը հասկացան ինչն ինչոց է․․․ Փնթի՜։ Էրեխեքի շորերը սապոնաջրի մեջ բակում էնքան էր թողնում, ջուրը  նեխում էր, որդերը մեջը քթվթում էին։ Մեր նման անկողնային կեսուր-կեսրար ա պահե՞լ։ Էդքան անում, անում ենք՝ մի չորբերան շնորհակալություն էլ չենք ստանում։ Մի շաբաթ դրա խեղճ կեսուրը պառկեց, իրան ուտում էր։ Մեր ներկայությամբ խոնարհ հարս էր ձևանում, բայց որ կեսուրը ձեն էր տալիս՝ «Ի՞նչ ա, մամա ջան»,- չարությունից ատամները կցած, պռոշները առանց շարժելու նետում էր։ Էն տոնով՝ իբր զզվացրել ես, արժան չես, բայց ես ինքնահարգանքից ելնելով՝ անում եմ։  Թե չէ՝ էդ ընտիր տունուտեղը իր բերնից էր․․․ Էլ չհիշենք գերեզմանաքարի պատմությունը։ Դա որ լրիվ խայտառակաություն էր։ Չնայած իմ գրողի տարած քույրն էր մեղավոր։ Մի օր մեռելոցի օրը Աննիկը բերանը մինչև ականջները բաց իրան գցեց մեր տուն․

-Աղչի, սիրտս թուլանում ա,- ասեց,- ոնց որ գյոռնափշտիկ դուրս գա դեմս։ Կեսրարիս քարը որ դնում էինք, Հայկին ստիպեցի, թե՝ քանի ձեռդ փող կա, մորդ նկարն էլ ծեծել տուր, դրա մեռնելուց ի՞նչ իմանաս՝ ինչ վիճակում կլինենք։ Իզուր ստիպեցի, դրա ղսմաթը ես գիտեմ, ղսմաթով չըլներ, Սուրիկի նման մարդ կառներ, ճորտի պես դեմը վազվզում էր։ Խեղճ կեսրարս տասնհինգ տարի ա՝ չկա, դա հլը պինդ-պինդ նստած ա։ Հիմա ռիսկ չեմ անում տուն մտնեմ, սեղանի գլխին որ նստած տենում եմ, ոտներս թուլանում են, ոնց որ էն աշխարհից եկած ըլնի, չնայած որ՝ ծննդյան թիվը քարին գրած ա, մահվանը՝ չէ։

 Իմ սատկած քուրը թե.

-Ում նկարը քարին ժամանակից շուտ ծեծում են, դրանք երկար են ապրում, փորձած բան ա։

-Բերանդ խերով բաց, աման,- Աննիկը տնքաց,-․․․ դառանք հիսուն տարեկան, բա էլ ե՞րբ ենք ազատ ապրելու։

-Եթե ուզում ես շուտ ազատվես, մի մեխ վերցրու, գնա ծննդյան թվի կողքը՝ մահվան թվի տեղում, մեր էսօրվա ամիս-ամսաթիվը խազի։ Մագիան կգործի, համոզված եմ, հենց էս տարի էլ կմեռնի։

Աննիկը շիրմաքարին խազեր անելուց դեռ նոր էր վերադառնում, շտապօգնությունը արդեն դռանը կանգնած էր, պառավը վատացել էր։

-Թաղեմ քեզ, Անո,- խղճի խայթից Աննիկն իրան ուտում էր,- ընչի՞ քեզ լսեցի, ընչի՞ էդ մեղքը վերցրի իմ հոգու վրա, ջհանդամը մեռներ։

 Բայց էդ անգամը բժիշկները փրկեցին։ Դրանից հետո հենց կեսուրի վրա կատաղում էր, վազում էր գերեզմանոց։ Որպեսզի մեխի խազածը ջնջվի նոր թիվ գրելիս՝ էս անգամ զուբիլով էր գրում, տարին պտտվում էր՝ փոփոխություն չկար, կեսուրը պինդ-պինդ նստած էր։ Հաջորդը արդեն ավելի ծանրակշիռ գործիք․․․ էնքան արեց, տվեց քարը ջարդեց։ Ոստիկանները տեղում հայտնաբերեցին հանցագործին։ Տասնհինգ օրվա ձերբակալություն տվին կյանքը պղծելու համար։ Լավ ա՝ խիղճ էին ունեցել, մազերը չէին խուզել, թե չէ խեղճ էրեխեքը լեղաճաք կլինեին։ Հետ էկավ, էդ տասնհինգ օրում անճանաչելի փոխվել էր։ Չէր նիհարել, սմքել էր։ Հեշտ ա՞՝ երկու շաբաթ տնից հեռու, չոր նառերին․․․ Հլա ոստիկանի մեքենայից չիջած՝ վազեց մեր տուն, քրոջս թե. «Անո, թաղեմ քեզ»։ «Ես էի հիմար,- պաշտպանվեց քուրս,- դո՞ւ ինչ էիր։ Դրա կյանքից քեզ ի՞նչ խեր էր էկել, որ դրա մահից ինչ գար․․․»։

Բայց Հայկը կարգին տղամարդ ա, ներեց։ Ներեց էլ, նոր քար էլ դրեց․․․Սիմոնն ասում ա՝ ո՞նց չներեր։ Առաջինը կնիկն էր գնացել էդ քայլին։ Աննիկի հոր տնից Հայկը որ գողություն էր արել, Աննիկն էլ նրան ներեց։ Տեղում կարճեցին գնաց։ Չնայած, ասում ա, կես բերան բողոքեր, Հայկը հիմա բերդում էր։ Ապացույցներ, մատնահետքեր, հարևաններ․․․ բոլոր վկայությունները կային։ Վիրավորականն էն էր, որ ոչ դուռ էր ջարդել, ոչ լուսամուտ․․․ բանալիով աներոջ դուռը բացել, մտել էր, պետքն էղածը վերցրել։ Դրանից հետո մտել էր խոհանոց, սուրճ խմել, շոկոլադ կերել․․․ մատնահետքերը շոկոլադի թղթի վրա կային, բայց բացահայտ գործ էր, անգամ չստուգեցին էլ՝ իրենն էր, թե չէ։ Էդքանից հետո էլ աներոջ հավաքածուից մի շիշ հիսուն տարվա կոնյակ էր թռցրել ու գնացել։ Ոստիկանները Հայկին հայտնաբերեցին հենց նույն օրը՝ Երևանում՝ մի հեղինակավոր թերթի խմբագրի հետ իր թռցրած կոնյակը խմելիս։ Ոստիկանը էդպես էլ ասել էր, երբ սա շիշը վերցրել էր, որ հերթական բաժակը լցնի, ասել էր. «Ձեռքերդ վե՛ր, Հայկ Համբարձումյան, դուք ձերբակալված եք»։ Շիշը Հայկի ձեռից ընկել, ջարդվել էր։ Խմբագրի աչքերը հետը գնացել էին՝ գրագետ, սոված խմբագիր, ամեն օր ա՞ հիսուն տարեկան կոնյակ խմում։ Ոստիկանը Հայկին նստացրել էր մեքենան, գողոնն էլ խմբագիրն ինքն էր տվել, ու բերել էր բաժանմունք։ Աննիկի հորը խորհուրդ էր տվել, ասել էր՝ բողոք մի գրի, էղածը բան չի։ Վերադարձրել էր Հայկի գողացած բանաստեղծությունները, որ սա տարել էր իր անունով տպել տալու, ասել․ «Սրա համար չարժի մարդ նստացնել»։ Հայկի վրա էլ գոռացել էր․ «Գողանալուց  իմացի ինչ ես տանում․ խմբագիրն ասեց՝ տպելու բան չի․․․»։ Աներոջն ու Հայկին տարբեր մեքենաներով գյուղ բերին։ Մի կլոր տարի տևեց, մինչև հաշտվեցին։ Բայց Աննիկն, ասում են, հենց առաջին գիշերն էլ ներեց։

Էն որ Սիմոնն էր, թքում էր, թու՝ ասում էր, Աննիկ աղջիկ, բա մարդ քեզ էդպես ստորացնի, ու դու նրան ասես ջա՞ն, ասես կոֆե՞։ Բայց ես Աննիկի վրա ուրիշ բանի համար եմ զարմանում․ սատկես դու, Աննիկ աղջիկ, էն աշխարհը գնաս, տո՛, էն աշխարհից էլ դենն անցնես, այ կնիկ, բա որ իրար էդքան խաբել ու խաբնվել, անգամ ներել եք, քո տղամարդուն ինչի՞ էիր խայտառակ անում, էլ ինչի՞ էիր գոռում՝ օգնությո՜ւն․․․


[1]Ճռնիկ- ոտք գցել (բրբ.)

[1]վայվավիլե –  տեսեք-տեսեք (բրբ.)

 

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *