Սուսաննա Հարությունյանի «Լուրեր կյանքից» և «Կռնատ խրտվիլակը» պատմվածքները
«Դու, եթե մանավանդ գրող ես, ընդունո՞ւմ ես չլուտների եղբայրությունը, քեզ հավասար նրանց գահընկեցությունը»[1][1]:
Հրանտ Մաթևոսյան
Գնալը գնում են, սակայն նաև թողնում են: Թողնում են այն, ինչ դարերով թողել են` անգամ հետ չնայելով, որովհետև գիտեն, որ տանելու են իրենց խաչը: Թողել են կնոջը` նրան վստահելով տունը, ծնողներին, երեխաներին: Թողել են ծնողներին` նրանց թողնելով իրենց ծնված տունն ու ծննդավայրը: Իսկ տղամարդը հասել է օսմանյան տերության նավահանգստային քաղաքներ, Ղրիմ, Թիֆլիս ու Բաքու, Միջին Ասիա ու Մերձավոր Արևելք, Հին աշխարհ ու Նոր երկիր, Ռուսաստան: Այսօր թերևս չի մնացել «չյուրացված» երկիր: Ասիական ու աֆրիկյան երկրներն են դառնում «հերկվող խոպան»: Արտագաղթի առաջին մակարդակը բնութագրող բառերը տարբեր են` պանդխտություն, արտագնա աշխատանք, խոպան, երևույթն է նույնական ու արդեն արմատ է ձգել գենետիկ մակարդակում: Փաստորեն օտարումն սկսվում է ընտանիքից: Մնացողն է դառնում տիրոջ պաշտոնակատար: Արդյունքում ձևավորվել են յուրահատուկ մի մայրիշխանություն և անիշխանություն, որ դարերով կան, արձանագրվել ու գեղարվեստական պատկերման առարկա են դարձել բազմիցս` իրենց ամենատարբեր հետևանքներով:
Հր. Մաթևոսյանն է վկայում. «<…> պահողը մայրիշխանությունն էր: Երկի՛րը նույնպես: Ես իմ մանկության տարիներին դրա ականատեսը եղա: Պիտի չկրկնվեր, բայց պատերազմը տղամարդկանց ճակատ քշեց և վիթխարի երկրի հոգսը դարձյալ կանանց, մայրերի ու երեխաների վրա մնաց: Եզների հետ մաճ էին բռնում` գյուղական բոլոր աշխատանքների մեջ ամենադժվարը, որ ամեն տղամարդու չեն վստահում»[2]: Ըստ էության այսօր ոչինչ չի փոխվել` օրացույցի թերթիկից զատ: Հավելվել են նոր «պարտականություններ»: Սակայն այս դեպքում էլ թեման չէ կարևորը, այլ թեմայի կրող-իրացնողը` մարդը: Ու թե արտագաղթը երևույթի դուրսն է, ապա կա նաև ներսը` դարձերեսը: Իսկ ներսում կյանքի բազմադիմությունը կա, և կա մարդկանց, դեպք ու դիպվածի ու իրողությունների անկրկնելիությունը:
Մեկ միջանկյալ թվացող օրինակ: Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը» պատմվածքը ներկայացնում է հեղինակի ամենանախընտրած կերպարը` լուսանցքում հայտնված մարդուն: Հինգ երեխաների մայր երեսնութամյա Սիրանը տագնապ ունի իր ընտանիքի համար, որովհետև ամուսին Սերոժը ռուսաստաններից չի գալիս, ու դադարել են զանգերը: Հացադուլ հայտարարած կինը հասնում է նրան, որ մեկնում է Մոսկվա, տեսնում ամուսնուն ու մեկ շաբաթից հետ դառնում: Չնայած «սիրել-սիրվելու մասին էնքան էլ չէր մտածում», սակայն հետդարձի «ամբողջ ճանապարհին անձայն արտասվեց: Մերթընդմերթ ձեռքը տանում էր ամուսնու համբույրից այրվող շուրթերին ու լպստում էր դրանց` արտասուքից թրջված աղահամը»[3]:
Միամիտ պատմություն, տխուր պատմություն, որ գալիս է Ն. Գոգոլի «Շինելից» ու Անտոն Չեխովից, մեր Նար-Դոսից ու Ստ. Զորյանից, որովհետև նորից ու նորից վերադառնում ենք փոքր մարդու հիմնախնդրին: Ու հավելվում են արտագնա աշխատանքն ու քաղաքակրթական նորույթը. ամուսնու գրպաններից հավաքած ու ամուսնուն հավատալով` «ցեցի դեղ» համարած ապահովիչները նվեր է տալիս ծանոթ-հարևանուհիներին ու «հորդորեց անպայման տեղաշորի մեջ պահել <…>, որ բուրդը ցեցը չուտի» (11): Եվ լույսի բացվելուն պես պարզվում է ճշմարտությունը. «Էս հարամ անտերները նվեր ես տալիս, որ ի՞նչ անենք… Թե՞ մարդիդ հետ արդեն սրանով եք սիլի-բիլի անում, պա ռուսկի…» (12): Միամիտ ու դյուրահավատ, անգետ ու անփորձ կնոջ համար այս դիպվածը անհետևանք չի կարող անցնել. «Օրն անցավ լուսաբացի իրադարձության կրկնություններով` հեռու-մոտիկ հարևան-բարեկամների մասնակցությամբ, ու Սիրանն այլևս լաց չեղավ:
Երբ իրիկունը լռեցրեց սիրտը սղոցող կշտամբանքների հեղեղը, Սիրանին թվաց, թե մարմինը վաղուց, շատ վաղուց ցեց է ընկել ու դեռ ուտում է իրեն: Անսպասելի վեր կացավ, բաղնիքում երկար ու ցավոտ լողացավ, պահարանից հանեց ամենալավ շորերը, հագավ ու հենց էդպես` տոնական հագուկապով վերցրեց կաթի դույլն ու գնաց գոմ:
Սերոժի պատկերով հեռախոսը դանդաղ սուզվեց դեռ հեղուկ թրիքի գոլորշու մեջ ու հանգավ:
Կովերին պիտի կթեր» (12):
Եվ ներսում այլ պատմություններ կան, որոնցից է Սուսաննա Հարությունյանի պարզ, անհավակնոտ «Լուրեր կյանքից» պատմվածքը[4]: Անդրադառնանք ոչ թե սյուժեի, այլ ֆաբուլայի սկզբին. «… Սկիզբը` վաթսուն թվական: Գյուղացու ընտանիք. գյուղացու թողածը աշխարհին` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակ, ցեխով շարած մի տուն, մի անմարդ ու անճար կնիկ` վզին վեց որբ: Տեգրն ամուսնացավ: Երեխու ձեռից բռնեցին, սուսուփուս դուրս եկան: <…> Գնացին հուշտլիկ, քամուց երկինք ելնող ավազների վրա տնավորվեցին: Ամուսինը թողեց, գնաց Ռուսաստան: Երկու տարվա ամուսնացած էին, սիրտները իրար վրա տաք, բայց չգնալ չէր լինի» (59):
Երևի այս աղքատ երկրում այս կերպ սկիզբ առել են հազարավոր ընտանիքներ: Ս. Հարությունյանի Բավականն իր ամուսնու հետ նմանատիպ ընտանիքներից մեկը սկզբնավորողներից է, և սրանց նախատիպը մաթևոսյանական Աղուն-Սիմոնն են` Աղունի «Տուն ենք սարքելու» կարգախոսով: «Լեռնային դաժան դեկտեմբեր: Իրենք էլ քոչվորի վրանի տակ, բամբակե չտաքացնող` երեքի համար միակ վերմակով… Աղջկա կոկորդը կլոր տարին լցված ու կլոր տարին կապած, ինքը` քխքխկալով… Կարելի էր մի վայրկյանում մեռնել: Իսկ իրենք ապրելու միտք ունեին… Այդ տարի պիտի տուն շարեին, մյուս տարի` ապրանք առնեին, ետքը` մոր վրա քար պիտի քաշեին, էլի եղբայր պիտի պսակեին… Կյանք է` դեպքը դեպքի ետևից, իրենք էլ նամուսով մարդիկ, ուզեցին ամեն ինչ տեղը-տեղին անել, կյանքին պարտք չմնալ, ապրելը հարամվեց գլխներին: Ամուսինն էնքան գնաց-եկավ, դարձավ թևավոր թռչուն, բախտը բաժանեց տաք ու սառ երկրների` ձմեռն էստեղ, ամառը` դուրս, շանթահար ծառի նման երկատվեց` մի կեսը հարավ փռած, մյուսը` հյուսիս: Սովորեց թափառական կյանքին, արդեն որ ուզենա էլ` չի կարող մնալ մի տեղում» (60): Մարդկային ամենատարբեր պատմություններ ու կենսագրություններ հյուսում են մեկ և նույն մարդկային ճակատագիր կամ նույն ճակատագրի տարբերակներ: «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» ասացվածքն այս դեպքում վերաձևենք «Պտուղները նույն ձևով են գլորվում» տարբերակով, որովհետև գնացողների զավակներն էլ են գնում: «Վարդուշի տղան չգնա՞ց: Բոլորն էլ գնում են: Մեր արյունը գնում է օտար ափերում դառնալու սևագործ ու կրիմինալ» (62):
Իբր քիչ էր դարերով ձևավորվածը, գումարվեցին ժամանակի անկանխատեսելիությամբ ենթադրվող նոր իրողություններ. «Ա՜խ, պատերազմ ու հեղափոխություն… Թո՛ւ, թո՛ւ քեզ… Ով զինվոր էր` զոհվեց ու սպանվեց, ով զինվոր չէր` չդիմացավ լացի ու պատերազմի ծանրությանը, անունը դրեց` աշխատանք չկա, հացի եմ գնում, փախավ: Ոչ մեկն ազնվություն չունեցավ ասելու. «Հայրենիք, ես քեզ այլևս չեմ դիմանում…»: Գնացին հացի ու հացով Հայոց հարցը լուծելու` առողջ, ջահել տղամարդիկ, ընտանիքի հոգս ու հսկողությունից գլուխներն ազատ, ոտքի վրա տրվելու պատրաստ, բաց կանանց մեջ: <…> Էստեղ էլ երկիրը ջրի հետ գնո՜ւմ է: Ապագան վաճառքի է հանված. վաճառում են գործարան առ գործարան, շենք առ շենք, քար առ քար, կյանք առ կյանք… Լավ է գոնե ապրելու համար անհրաժեշտ բաները` հողն ու Աստված, ժողովուրդը դեռ կարողանում է պահել իր ձեռքին» (60-61):
Ո՞վ է հասարակ ու հաստատակամ այս կինը, որ ապրելու համառ բնազդով ապրել ու փաստորեն մսխել է իր կյանքը. «Գործարարության սկզբունքով ունեցածը փոխանակել է կյանքի հետ. դու ինձ` ջահելություն, ես քեզ` մարդ ու երեխա, դու ինձ` առողջություն, ես քեզ` ապրուստ, դու ինձ` հույս ու հավատ, ես քեզ` հարգանք-պատիվ… Անհաջող գործարք, անարժեք ունեցվածք, բայց ավելի ձեռնտու, քան չունենալը… Էսպես թե էնպես կյանքն իրենը տանելու է` առանց հարց ու պատասխանի: Իր դեպքում գոնե ծեղ ու մեղ թողել է փոխարենը` տունուտեղ, կով ու հորթ, երկու ոտքի տեղ արևի տակ, հարազատ մարդիկ, ովքեր իր հետ թշնամու պես դաժան են վարվում… Հակառակ դեպքում կդառնար կայացած կորուսյալ» (53-54):
Փաստորեն մենակ է ապրել այս կինը` չունենալով նկատելի ուրախություններ, հոգսի բեռան տակ կքած: Մի անգամ թունաքիմիկատների խանութ բացած ռուսերենի նախկին ուսուցչի առաջարկը մերժել էր, որովհետև իր «գործը խոշոր, ճակատագրական հարցեր լուծելն էր` ոչ թե մի ծեղ վայելք, այլ հիմնասյուն լինելը, մարդկանց հիացական հայացքների ներքո դժբախտանալը, կանացի չծախսված հորմոնների առատությունից հիպերտոնիկ դառնալը, որ Ռուսաստանի փողոցներում ամենատարբեր աշխատանք արած` գողությունից մինչև շինարարություն, ու ամենատարբեր ծոցեր մտած ամուսինը պարզերես մտնի մարդամեջ» (54): Բավականը ձևակերպել է իր սկզբունքը. «Մենակությունը լցնելու լավագույն ձևը ապրելն է` ամուսնանալը, տունուտեղ դնելը, երեխա բերելը, անկողնային հիվանդ խնամելը… Մի խոսքով` ինչ-որ բանով պիտի լցնես ժամանակը, այնպես քիփ լցնես, որ րոպե անգամ չմնա գիտակցելու, թե անցնող օրերը քո կյանքն են տանում» (54): Սա դառնում է տանուլ տված կյանք. «… Ապրածի ոչ ամառն ամռան նման եղավ, ոչ էլ ձմեռը` ձմռան: Տերը իրեն փոքր մարդ էր ստեղծել ու մեծ դեր դեմ տվեց. միաժամանակ և՛ կին պիտի լինես, և՛ մայր, և՛ հողի մշակ, և՛ տանդ տեր, և՛ փախստականին սպասող, և՛ զինվոր. եզան պես պիտի բանես ու իմաստունի նման մտածես… Որտեղի՞ց: Չկարողացավ` ճկռեց-մնաց» (62):
Նորից դառնանք Հր. Մաթևոսյանի խոսքին. «Մնձուրու մոտ մի հատված կա: Ձմռանը խաշնարած ցեղերը քարայրներից հայտնվում էին և իրենց հիվանդների համար հայ կանանցից թթու, թթվի ջուր վերցնում` անմարդ տնից: Տաս-տասնհինգ անսպասելի հյուր ճամփու կդնեին ու տունը չէր աղքատանա»[5]: Ասվածի վարիացիա պատկերացնենք Ս. Հարությունյանի ստեղծած այս փոքրիկ պարբերությունը. «… Գաղթականները եկել լցվել են` օտարի կողմից մորթոտված, յուրայինի կողմից անտեսված: Էդքան չկա, որ բոլորին տաս, չտաս էլ` կերածդ թևերդ է գնում: Էստեղ Քրիստոս է պետք, որ հայոց քարերը վերածի բոքոնների ու բաժանի սովյալներին, էն էլ Քրիստոսն ի՞նչ՝ մենք իրեն տեր ենք, ինքը մեզ՝ չէ» (61):
Եվս մեկ չմեկնաբանվող զուգահեռ, այս անգամ էլ Հր. Մաթևոսյանի բարձրաձայնած մտքի հետ. «պատերազմը տղամարդկանց ճակատ քշեց, և վիթխարի երկրի հոգսը դարձյալ կանանց, մայրերի ու երեխաների վրա մնաց»: Կանայք հետանկախական տարիներին յուրացրին հացթուխի, էլեկտրիկի, փայտահատի, ջրկիրի, հնոցապանի մասնագիտություններ: Ս. Հարությունյանը հավելում է ևս մեկը. «…Մարդ է մահանում, տղամարդ չկա, որ դագաղը տանի: Էդ մի հոգսը չէին վերցրել իրենց վրա, էդ էլ ուսեցին: Զուռնաչի Վաչիկի դագաղն առջևից յոթանասունամյա Հռիփն էր տանում, ետևից սարսաղ Մայրուշը, որին տասնհինգ տարեկանում գառուհորթ արածեցնելիս անհայտ մարդիկ սարերում բռնաբարել էին:
-Էս ի՞նչ էր…- վախեցած սվսվում էր Մայրուշը,- Սաղ տղամարդու ծանրություն տանելն ավելի հեշտ է, քան մեռածինը:
Ինքը գնում էր առջևից, զարհուրանքից կոտր չընկնելով ու կուրծքը հաղթանակած բանակի դրոշակրի պես դուրս ցցած, ձեռքը խցկած դագաղի ու ուսի արանքը, որ ծանրությունը գոնե կիսվի ուսի ու դաստակի միջև:
-Տար,- կիսաձայն հրամայում էր Հռիփն ու սգավոր քայլում, ոնց որ իրեն տաներ,- պատկերացրու խոտ է շալակիդ:
-Ո՞նց պատկերացնեմ, երբ որ թարմ փետի հոտը քիթս խուտուտ է տալիս: Իմ երևակայությունը էդ աստիճան զարգացած չէ:
<…> Հետո մի շաբաթ վազելին էր քսում ուսերին ու տրորում, ցավը չէր անցնում: Ուսախառն` թևերն այնպես էին տնքում, որ լաց լինելով էր կովը կթում» (61):
Եվ այսքանից հետո հեռուներից եկած օտարագիր նամակը, որ չի կարող կարդալ ու լուսաբացի հետ շտապում է թոշակառու ուսուցչի մոտ: Սա էլ չցանկանալով բացատրում է. «ինչ-որ կին է գրել… Մարդդ երջանիկ է, նոր կին ու երեխա ունի <…> էն ռուս կինը քեզնից մարդուդ է ուզում, որ իր երեխային հայր լինի…» (62): Ինքը ներքուստ արդեն հաշտվել է այս մտքի հետ. «Մարդը գա: Ո՞ւր գա: Ջահել ժամանակ ցրտից ու խոնավությունից էր զգացմունքը մարմնում սառչում, հիմա՝ ցավից. ի՜նչ սեր, ի՜նչ բան, իրար մարմնի հոտն էլ են մոռացել, մինչև նորից ընտելանում են մեկմեկու, գալիս է չվելու ժամանակը» (61), բայց որ արդեն բարձրաձայնում են իրողությունը, և աշխարհը գիտի, ու իր հաշտվելո՞ւ, թե՞ հակառակվելու պահն է, կյանքի չնչին մանրուքներից հյուսված, հույսերով կարկատված, զգացմունքներով ցողված ողբն է հնչում, որ սպառնալիք չէ, ոչ էլ պարտադրանք, որ հրաժարում է ոչ թե ամուսնուց, այլ իր ապրածից.
«Թո՜ղ չը-գա՛,- դարձավ չոր ու կտրական,- թող չգա՛, էսքան տարի անմարդ ապրել եմ, էլի կապրեմ… Առաջին անգամը չէ: Դու էլ, ախպեր ջան, իրեն գրի, թող չգա, ջանը սաղ ըլնի: Գալիս է` ի՞նչ անեմ, աչքերի գույնն էլ եմ մոռացել: Ոչ էլ սիրած ճաշն եմ հիշում: Գրիր՝ մնա՛, ախպեր ջան, քո գալ ու չգալով չմեռանք: Բոշան կգա ուրբաթ, ինչ-որ առել եմ իր համար` կես գնով նորից ետ կտամ… Գիտես քի՞չ փող է` չորս բլուզ, տասը զույգ նասկի, քսանչորս թաշկինակ, մայկա-տրուսիկ, մի տուփ հոտավետ օճառ, թրաշի փրփուր… Ա՜-հագին փող է: Կնստեմ-կուտեմ` օրը երկու տապակած հավ, դեմս էլ Կիրովաբադից եկած փախստականները համբալություն կանեն… Ես էլ տանձս դույլերը լցրած` կը՛տ, կը՛տ, կգնամ շրջկենտրոն… Ի՞նչն է բոլ` թրթուրը: Կփոխանակեմ, դեղ կբերեմ, այգուս ճիճուներին հատ-հատ կթունավորեմ… Տո դե՛ղ էլ կտամ, դե՛ղ էլ կառնեմ… Շրջկենտրոնը վարած-ցանած` ետ կգամ: Գրիր, ախպեր ջան, ինչքան ուզում է` թող մնա: Պինջակի թևն առանց դրա էլ մուկն արդեն կրծել է, կհագցնեմ խրտվիլակին… Վաքսած կոշիկներն էլ … Թող խրտվիլակս` սիրտն իր գործի վրա տաք, ուրախ-ուրախ թռչուններին վախացնի: Գրիր` մնա՛, ախպեր ջան… Հուր-հավիտյան` մեռնելու պես` մնա՛» (63-64):
Այս անգամ էլ նրբին հումոր կա՝ այս կնոջ մի թաքուն հույսը բացահայտող.
«- Էդ կնիկն ի՞նչ է գրում՝ ընդմի՞շտ, թե՞ ժամանակավոր:
– Ժամանակի մասին բան չկա գրած, ենթադրում եմ` անժամկետ:
– Մարդու կյանքը սկիզբ ու վերջ ունի, անժամկետը հավերժն է» (64):
… «Պիտի ցանկանայի, որ գրական ԻՄ ԳՈՐԾԸ ԿՈԹՈՂ ԴԱՌՆԱ իմ ժամանակ ապրած ՄԱՅՐԵՐԻՆ, նրանց, որ իրենց բաժին սերը գողությամբ, թաքուն մի կերպ խլած ունեցան: Դա գրելու համար երկու կյանքն էլ քիչ է»[6],- մաթևոսյանական խոսքը հուշում և հաստատում է, որ այս կյանքում Ս. Հարությունյանն էլ եթե ոչ կոթող, ապա վիմագիր ու վկայություն, գիր է թողնում իր օրերի հասարակ մարդկանց, անտեսվածների, որբևայրի և ոչ որբևայրի կանանց մասին, որոնք իրենց կյանքով դարձել են արտագաղթի դարձերեսը:
Ս. Հարությունյանը նախընտրում է խորհրդանշական ավարտներ, երբ անհատական պատմությունը ընդհանրացման հնարավորություն է տալիս, որ այս դեպքում էլ կա. «Ստորերկրյա ջուրը կրծել, փուչ է գցել լեռան ներսը, ու եթե ձայներ են ելնում կույր աչքի պես մութ անձավներից, վհուկների երգը չէ դա, քամին է տնքացնում սարի ներսը» (65): Պատմվածքը կյանքի ճշմարիտ ու հետևողական պատկեր է, որ բացում է կնոջ հոգում ձևավորված անձավ-խոռոչները և լսելի դարձնում քամի-արտագաղթի երկնած ողբը:
«Կռնատ խրտվիլակը» պատմվածքը արտագաղթի հետ կապվում է ընդամենը մի փոքրիկ պատկեր-նախադասությամբ՝ «Իզուր տունը կտակեցինք տղաներին: Ամերիկաներն ու եվրոպաները թողած ինչի՞ կգան էս քարերի մեջ օձ ու կարիճի հետ ապրելու» (77), և մեկ այլ` կողմակի թվացող նախադասությամբ, որ կապվում է Հայկազի հարևանի որդու և Հայկազի կոշիկների հետ. «Առավոտյան Հայկազը հագավ խրտվիլակի հագից հանած պիջակն ու սուր քթերով լաքե կոշիկները: Կոշիկների քթերը նեղ ու երկար էին: Այն մնացել էր հարևանի տղայից, ով Մոսկվայում մի կնոջ հետ էր ամուսնացել` իր մորից հինգ տարով էլ մեծ, և եկել էր ծնողներին ասելու. «Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս»: Գնալիս մոռացել էր լաքից կոշիկները» (79):
Մնացյալը` ըստ տեքստի, երբ պարզ է դառնում, որ ոչ թե «Աստծո երևակայությունը», այլ մարդկային խեղճությունն ու աղքատությունն էլ կարող են ցնցել իրենց դաժանությամբ: Ծեր ամուսինները հասել են կյանքի մայրամուտին, բայց ոչ մահվանը: Ուրեմն ապրել է պետք: Մոռացված պետությունից («արդեն քանի՜ տարի ու ամիս` թոշակ չեն ստացել») ու զավակներից՝ ապրում են Հայկազն ու կինը. «Իրենց ապրածն էն է, որ քնում են ու արթնանում», «խոտն ու կանաչն էլ որ չլիներ, հիմա սովամահ էին եղել. անասունին հավասար տարվա մի կեսը թարմ կանաչով են սնվում, մյուսը` չորացրած» (69): Եվ չնայած «Աստված խեղճացել է, մենք էլ հետը» (77), սակայն «Այս պահին միայն մի բան չի կարելի՝ մեռնել» (76): Այնինչ` «Բախտավորությունը հենց դա է,- նախանձեց կինը,- որ ապրելով մեռնես: Թե չէ սա կյա՞նք է` մեռնելով ենք ապրում» (78):
«Կոմունիստների թվից՝ է՜ քսան-երեսուն տարուց ավել» Հայկազն այգում բարդուց խրտվիլակ էր սարքել. «Թեև վաղուց արդեն բարդին խրտվիլակի չինար բոյն էր, ու նրա ոչ բարն էին տեսնում, ոչ` հովը, բայց առաջվա պես կանգնած էր այգու երկնային բարձունքում, Աստծո նման ամեն ինչ տեսնում էր ու ոչնչի չէր խառնվում` այսքան տարի ոչ մի անգամ չէր խոսել, չէր մռնչացել, չէր պատժել… Բայց միշտ կար, և թռչունները վախենում էին նրանից» (67): «Պեպենոտ խրտվիլակի ցից թևերը փտել էին: Առանց քամու, առանց պատճառի ճթացին, ճթճթացին, պոկվեցին» (67): Տարիներ առաջ Հայկազը Ռումինիայից բերած համարյա նոր պիջակն էր «նվիրել» խրտվիլակին: Անթև խրտվիլակի ինչի՞ն է արդեն պիջակը, որ ժամանակին սև էր` կարմիր զոլերով ու ընտիր կտորից, հիմա արևից սպիտակել էր ու դարձել կեղտակուր: Այլևս խրտվիլակին ոչ պետքական պիջակը կարող է նորից դառնալ իրենը: «… Մեր խրտվիլակի հագից եմ հանել, թևերը փտել էին, իրենց-իրենց ընկան` ոնց որ քյավթառ ատամ» (68),- կատակում է Հայկազը, և կինն է բնական համարում. «խրտվիլակը` մերը, պիջակը` մերը, ոչ մի ամոթ բան էլ չկա» (74):
«Մյուս գրպանը ծակ էր, բայց դե էդ ի՞նչ ունի պահելու, որ գրպանի կարիք էլ զգա. ինչ կար-չկար` ծախեցին-ծախծխեցին, որ անկախությանը դիմանան, մնացել է էս մի թիզ հողն ու չորս պատը, էն էլ գին տվող չկա: Մարդիկ ճոխ տունուտեղ թողած գնում են օտարություն, իրենց ավերակին ո՞վ փող կտա» (68-69):
Ոչ միայն տունը գնող չկա, այլև հատակն է փտել, էլեկտրականությունն է անջատված, դեռ ամառ է, բայց «Ոսկորները մրսում էին. ուրեմն աշունը հասեհաս գալիս է: Էլի պիտի քամին վախեցնելով դուռ-լուսամուտ ծեծի ու պատի տակ գոռալով լա` ծառերի մազերը փետելով, իրենք էլ վերմակի տակ կուչ եկած` եռման ջուր խմեն, որ արյունը սառույց չկապի: Ու կարող է պատահել` ձմռան ամենացուրտ օրը հանկարծ պարզվի, որ այլևս եռացրած ջուր չունեն` սպառվեցին-վերջացան փայտ ու նավթ, քրջուփալաս, տետր ու գիրք: Վառելու արժան օրգանական նյութերից մնացին սեփական մարմինն ու անձնագիրը` հարգարժան ՀՀ անվավեր ճանաչված քաղաքացի…» (75):
Չասենք «անկոտրում կամք», «ապրելու համառություն», ասենք ապրելու հույս ու ձգտում, քանի որ «Այս պահին միայն մի բան չի կարելի` մեռնել»: Ու Հայկազը որոշել է. «Ես դրանց մերը… Էդ բոզի տղերքն ո՞վ են, որ ինձ խեղճացնեն՝ էն էլ՝ ստամոքսով», ու մեջտեղ է բերվում հոգեպահուստը. «կապոցից ամերիկյան մանր դոլարներ ընկան, ու ծանր զնգոց եկավ. ոսկու զնգոց էր», ինչը թաղման համար էին պահել. «Ախր էստեղ հեչ երկու դատարկ դագաղի փող չկա, ի՞նչ պիտի անես: Մեր հավերժական հանգիստը երկու օրում ուտենք ու գնանք զուգարան» (76):
Խրտվիլակից հետ առած պիջակը ծառայելու է իր նպատակին, և Հայկազն այս պիջակով հաջորդ առավոտյան շրջկենտրոն է գնալու նավթ, ալյուր, շաքարավազ, հույս, ապրելու մուրհակ, մթերք գնելու: Բայց ուրիշ բան է ասում պատմվածքի ավարտը. «Պառավը մտքում «Հայր մեր» արտասանելով նայեց, մինչև ամուսինը գնաց՝ գնա՜ց, գնա՜ց, գնա՛ց: Եվ «… Զի քո է արքայություն» մասում աղոթքն ընդհատելով` սարսափահար մտածեց. «Վերջ»» (80): Ամբողջ պատմվածքը, նրանում երևակվող փոքրիկ մանրամասերը` կենսական, կենցաղային, նկարագրական, հոգեբանական, այլևայլ, անտեսանելի ուղղորդմամբ մոտեցնում են այս վերջին: Տեքստի հետ ընթերցողական անմիջական շփումը հնարավորություն կտա ոչինչ չբացառել, ապրել «չլուտների» հետ եղբայրացած, չմոռանալով պատճառների, արդյունքի ու հետևանքի մասին: Իսկ հետևանքը տեսակի կորուստն է, ինքնության օտարումը և ինքնաօտարվելը, «ավերակաց թագավորության» ձևավորումը: Րաֆֆու «Սամվել» վեպի կերպարներից մեկը Արտագերս ամրոցում մեկուսացած Փառանձեմ թագուգին է, որ ճրագալույցին ջահեր է վառում բերդապարիսպներին՝ բնակության ու ներկայության պատրանք ստեղծելու համար: Բավականն ու իր նմանները, Հայկազն ու կինն են Փառանձեմ թագուհին, «լույսի պահապանները» արտագաղթից հետո:
Վ. Փիլոյան, Ակնարկներ արդի հայ գրականության, Երևան, «Լուսակն» հրատարակչություն, 2018, էջ 301-312
[1] Հր. Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Ե., «Հայագիտակ» հրատ., 2004, էջ 120:
[2] Հր. Մաթևոսյան, Զրույց ի՛ր և մայրերի հետ, «Հայաստանի աշխատավորուհի», 1985, թիվ 1, էջ 5-6:
[3] Ն. Կռոյան, Ցեցի դեղը, Ե., «Ակտուալ արվեստ», էջ 10: Մեջբերումների էջերը նշվում են շարադրանքի մեջ:
[4] Ս. Հարությունյան, Խմբանկար մեռյալներով և անմահներով, Ե., «Էդիթ Պրինտ» հրատ., 2013, էջ 42-65: Մեջբերումների էջերը նշվում են շարադրանքի մեջ:
[5] Հր. Մաթևոսյան, Զրույց ի՛ր և մայրերի հետ, «Հայաստանի աշխատավորուհի», 1985, թիվ 1, էջ 5-6:
[6] Հր. Մաթևոսյան, Զրույց ի՛ր և մայրերի հետ, «Հայաստանի աշխատավորուհի», 1985, թիվ 1, էջ 5-6: