Գրականագիտական արձագանքներ

Դեպի հայկական բարոկկո

Քրիստոֆեր Աթամյան

«Խոստացել էր երեխային սպանել՝ հենց ծնվի»,- այս սարսափազդու խոսքերով է սկսվում Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» գիրքը,  որն արժանացել է ՀՀ նախագահի 2016 թ․ գրականության մրցանակին։ 1963թ․ ծնված Սուսաննա Հարությունյանը հրապարակել է ութ վեպ՝ ներառյալ «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վեպը և պատմվածքների մի քանի ժողովածու։ Լինելով Հայաստանում հայտնի գրող, նա խմբագրում է նաև «Կայարան» գրական հանդեսը։ Երևելի հեղինակի սույն պատումի  գործողությունների հիմքում ընկած շարժառիթը հաստատապես կգրավի ցանկացած մարդաբանական կամ սոցիոլոգիական հետաքրքրություն ունեցող մեկին։  Մոտավորապես քսաներորդ դարամիջում հայկական կովկասի մի փոքր գյուղում ծավալվող վեպը նկարագրում է 1894 թ․ համիդյան ջարդերից փրկված մի խումբ փախստականների կյանքը։ Այդ գյուղի բնակիչները մեծապես տխուր և սնահավատ կյանքով են ապրում, բայց բավականաչափ երջանիկ են թվում։ Սա այն դեպքում, երբ նրանք ապրում են Հարութի պաշտպանիչ վերահսկողության ներքո, որը ոստիկանի և կնքահոր խառնուրդի պես մի բան է։ Նրանք վաճառում են իրենց միրգն ու բանջարեղենը շրջակա գյուղերին և ապրում մշտական վախի մեջ՝ բռնվելու վախի, թուրքերի վերադառնալու վախի, միմյանց նկատմամբ վախի։

«Ագռավները Նոյից առաջ» վեպի հիմնական սյուժեն հյուսվում է մահից մազապուրծ եղած երկվորյակների շուրջը։ Հարութը մեծանում և սիրահարվում է մի ջահել աղջկա՝ Նախշունին, որը մի օր հանկարծակի է հայտնվում գյուղում, և ում բռնաբարել ու խոշտանգել են թուրք զինվորները։  Իրավիճակը էլ ավելի է բարդանում նրա հղիության հանգամանքով, երբ գյուղի կանայք դավ են նյութում ծնվելիք երեխային սպանելու նպատակով։ Ամոթի գործոնը մեծ դեր է խաղում այստեղ, հաշվի առնելով այն նվաստացումը, որին հայերը վերջերս են ենթարկվել։ Սակայն երբ լույս աշխարհ են գալիս երկվորյակները, Սաթոն՝ տատմերը, որ մի պարկ ալյուրի համար հանգիստ երեխա կսպաներ, չի համակերպվում միանգամից երկու երեխա սպանելու մտքի հետ։ Ա՜յ քեզ բան, ինչպիսի տարօրինակ բարքեր։ Նմանապես, Հարութը, որ չի սիրում որևէ նորեկի, կամ երբ մեկնումեկը գյուղում կտրում է իր ճամփան, չի վարանում կացինը գլխին իջեցնել կամ ձիով քարշ տալ, ճամփեզրին մասնատելով և պատառոտելով մարմինը, պահպանում է նրանց։

            Հարությունյանն իր տարերքի մեջ է, երբ նկարագրում է ձի հեծած Սաթոյին, ում Հարութն ուղարկել է մարդու ոսկոր պեղելու, աղալու և բրդուճի մեջ փաթաթած սարսափահար նորեկներին հրամցնելու՝ իբր վախը հաղթահարելու համար․

«Ու որոշվեց… Էլի վախը կար՝ մթից, ցրտից, գիշատիչներից, բայց Աստծո առաջ ունեցած վախը չէր չոքացնում, որովհետև բարի գործ էին անում: Եվ երբ լուսինը կուլ գնաց, ու աշխարհը մութ էր՝ աղավնու աչքի պես համատարած սև բիբ, Սաթոն հեծավ Կատաղած ձին ու սուրաց գիշերվա խաղաղության միջով: Իսկ գիշերվա խաղաղությունը սահմռկեցնող էր. այն բաղկացած էր ոռնոցներից, ճուռակների կոտրտվող ձայներից, ձորերում խեղդամահ եղող քամու հառաչներից, գագաթներից տեղատարափ հոսող քարերի կճկճոցից… գիշերվա խաղաղությունը բնության ձայների ու տիեզերական լռության պայքարն էր. մեկ սա էր ահագնանում, նրա կոկորդը բռնած խեղդամահ անում, մեկ նա էր ակտիվանում, սրան ոչնչացնում… Ու սուրում էր Սաթոն ձիու գավակին կպած, չհասկանալով՝ ո՞ւմ կողմը բռնի: Երբեք էդքան չէր վախեցել: Իրեն մնար՝ կհրաժարվեր, բայց սրունքների տակ թրթռում էին քրտնած կենդանու տրոփող երակները, որոնց եռքից գոլորշի էր ելնում ձիու կողերից, ու սարսափում էր, որ եթե չանի կարեցածը, էդ տրոփող կողերով ձին էսպես կատաղի վարգելով ձարե պարանից կախ կտանի իր ծերացող մարմինը, ոսկորները կփշրի քարերին, և մայրամուտի հետ ոչ ոք չի ստուգի՝ քարերի վրա իր արյո՞ւնն է սևացած, թե՞ արևի քրտինքը: Կյանքում առաջին անգամ և առաջին մարդն էր Հարութից բացի, որ լքեց գյուղը, վերադարձավ այն տեղը, որտեղից Հարութն իրեն կարպետի մեջ փաթաթած, շալակն առած թաքուն սարերը հանեց: Մթան մեջ խարխափելով՝ գնաց դեպի գերեզմանոց… Շան պես չորեքթաթ քանդեց առաջին պատահած շիրիմը ու ոսկորները հանելով բերեց: Գիշերով լվաց, չորացրեց, երկանքով աղաց, ոսկորի փոշին բովեց շաջի մեջ, ալյուրի հետ խառնած՝ խմոր հունցեց, բոքոն թխեց ու բաժանեց գաղթականներին: Գաղթականները կերան ու ոսկորների ալրափոշու հետ մարսեցին նաև սեփական վախերը»:

Թեև Հարությունյանը տեխնիկապես ռեալիստ գրող է, կերպարներն այնքան ծայրահեղ են, որ նրանց մեջ անշուշտ առասպելական ինչ-որ բան կա։ Նրանք այլակերպված են, ձգված, թե կուզեք՝ ծալված պատմության և անիրական ու տարօրինակ այն կյանքի պարտադրանքով, որ իրենց վզին է փաթաթել մեկուսացումն  ու այս գյուղի կենսակերպը։

Երբ կարդում էի «Ագռավները Նոյից առաջ» վեպը, նաիվ, նույնիսկ բարրոկոյի նրբությանը բնորոշ  պատկերները շարունակում էին իմ գլխում նորից ի հայտ գալ։ Նաիվ, քանզի իմ կարծիքով արվեստի այս ճյուղը հաճախ պատկերում է գյուղական կյանքը պարզունակ, նկարագրական տեսարաններով։ Մասնավորապես, Թիֆլիսեցի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի նկարներն էին շարունակում աչքիս առաջ պտտվել։ Խաչատուրյանը, որ ներկայացնում էր Հայաստանը 2009թ․ Վենետիկի Բիենալեում, շատերի համար իհարկե համարվում էր պրիմիտիվիզմի ուղղության նկարիչ։ Բայց ի տարբերություն Հաիթիի (Էրնստ Լուիզոր, Սանսիլուս Իսմայիլ) կամ Խորվաթիայի (Էմերիկ Ֆեժես, Դրագան Գազի, Իվան Գեներալիչ) նաիվ նկարչության դպրոցների, Խաչատուրյանի աշխատանքը մի ինչ-որ վիթխարի և չափազանցված բան ունի իր մեջ։ Ձևաչափերը շատ մեծ են և գերմարդկային և թվում են էքսպրեսիոնիստական, նույնիսկ բարրոկոյի երանգներով։ Գրող Մարկ Ֆրանկոն կոլաբորացիոնիստ պարող և խորեոգրաֆ Սերժ Լիֆարի մասին իր վերջին «Ֆաշիստական շրջադարձ Սերժ Լիֆարի պարում» գրքում (Նյու-Յորք, Օքսֆորդի համալսարանի տպագրություն, 2020թ․) հակադրում է բարրոկոն նեոդասականությանը։ Նեոդասականը կամ դասականը ներկայացնում է ավանդական բալետը, մինչդեռ բարրոկոն ներառում է նաև իր ծնած հակառակ շարժումները․ նվազ կարծր, անհատական ոճի ավելի լայն արտահայտմամբ, վիթխարածավալ՝ ներկայացման մեջ։ Սա իհարկե կարելի է տարբերակել ճշգրիտ բարրոկոյից՝ արվեստի և երաժշտության այն ճյուղից, որ ներկայացնում էին այնպիսի երևելիներ, ինչպիսք են Ռեմբրանդտը, Բեռնինին կամ Կարավաջիոն։ Շարժման բառարանային բնութագրումը ավելի քան ուղիղ է․ «17-18րդ դարերի եվրոպական ճարտարապետության, երաժշտության և արվեստի մի ուղղությունը ցուցանող ոճ, որը հետևեց մաներիզմին և սահմանվում է գեղազարդ մանրամասներով»։ Թեև Խաչատուրյանի ստեղծագործությունները տեխնիկապես նման չեն վերոնշյալ նկարիչներին, սակայն խորաապես կրում են վերոնշյալ որակները։ Նմանապես, Հարությունյանի գրվածքներն էլ ունեն չափազանցության, կոնտրաստի և դյուցազներգության տարրեր, բավարար չափով, որ հիշեցնեն բարոկկոյի վարպետների մեծ մասին։ Եթե համարենք, որ գեղանկարչության և գրականության դպրոցները գոյություն ունեն ոլորտային, այլ ոչ հաջորդական լուսապատկերում, ապա Հարությունյանի ռեալիզմը, ինչպես Խաչատուրյանի արվեստը, ձևավորվում է թերևս այն լայն եզրաշերտի միջակայքում, որ բաժանում է երկու դպրոցները՝ նաիվը և բարրոկոն, եթե իհարկե հնարավոր է ուղեղում միաժամանակ երկուսն էլ տեղավորել։

Դառնալով մեր նյութին, ասենք, որ «Ագռավները Նոյից առաջ» վեպի գյուղացիները ի վերջո սկսում են նյարդայնանալ։ Մի օր հանկարծակի հայտնվում է գերմանացի գերիների մի խումբ, որ ռուսներն էին հարկադրաբար բերել գյուղի շրջակա հովտում տաժանակիր աշխատանք կատարելու։ Աղետն անշուշտ սպասելի է, բայց ոչ այն տեսքով, որ ընթերցողը սկզբում կարող է երևակայել։ Արդյոք իրենց քողարկված գոյությունը կավարտվի՞, թե՞ կշարունակեն աշխարհից մեկուսացած կյանքը։ Միայն ժամանակը կարող է ասել։ Հարությունյանը ներառում է որոշ տպավորիչ պատմական փաստեր, ինչպիսիք Մուշից կույս երգչի բռնաբարությունն է կամ 1894-95 թվականներին հայերի այլ տեսակի խաչելությունը։ Սրանք օգնում են ընթերցողին հասկանալու, որ հայերի սպանությունները թուրքերի ձեռքով իրականում երկարատև մի գործընթաց է եղել, այլ ոչ թե պարզապես Օսմանյան կայսրության փլուզման կամ «հինգերորդ շարասյան» վախերի հետևանք, ինպես առայսօր շարունակում են պնդել որոշ թուրք քաղաքական գործիչներ և պատմաբանններ։ Մինչ հուզիչ վեպը գլորվում է դեպի իր անխուսափելի հանգուցալուծումը, տեսարանը, որ իմ գլխում էի երևակայել, մի փոքր նաիվ է թվում, մի փոքր էլ բարրոկո։

հ․գ․

Այս առաջին լայնամասշտաբ կոտորածները, որ Հայկական բարձրավանդակի երկայնքով 300.000 հայի սպանության պատճառ դարձան, նախորդեցին Աղետին կամ 1915-23 թվականների հայկական ցեղասպանությանը։ Ճակատագրի հեգնանքով որոշ վկայություններ փաստում են, որ ժամանակի իշխող սուլթան Աբդուլ Համիդը հայկական և քրդական արմատներ ուներ։ 

    Թարգմանությունը անգլերենից՝ Մհեր Իսրայելյանի

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *