Գործերը, Պատմվածքներ

Լուսնի մահվան օրը

Ասում էր. «Մի­ան­գա­մից մոր­թե­ցի»: Ու­զում էր, որ ես իրեն խղ­ճամ. «Այլ ելք չկար,- ասում էր,- թի­կուն­քում քնած երե­խա­ներն էին, դի­մա­ցը՝ գիշ­ե­րը, որ չնա­յած աստ­ղազարդ էր, բայց գիշ­եր էր վեր­ջա­պես»: Մինչ էդ մի­այն հավ էր մոր­թած եղել, էն էլ՝ երբ հյուր էր ունեցել։ Իսկ բա­կում տղա­մարդ չկար: Ստիպ­ված՝ ասում էր: «Դա­նա­կը որ գցե­ցի վի­զը, մի հևքով հո­գին թռավ… ձե­ռիս վրա տաք սո­րաց ու վերջ: Զգա­ցի, ամեն ինչ զգա­ցի… իրե­նից էլ լավ»: Շատ էր ու­զում, որ իր վի­ճա­կի մեջ մտ­նեմ: Նրա­նով էր իրեն մխի­թա­րում, որ չէր տան­ջել, հմուտ էր մոր­թել. «Թուր­քի պես,- ասում էր,- գցելն ու կտ­րե­լը մեկ էղավ: Բախտս էն­քա­նով բե­րեց, որ դա­նակ­նե­րը նոր էի սրել տվել՝ թթ­վի կա­ղամ­բը կտ­րա­տե­լու հա­մար»: Երդ­վում էր, որ նա­խօ­րոք պլա­նա­վո­րած չի եղել: «Դե լավ,- ասում էի,- հե­րիք ա ար­դա­րա­նաս, հո ի՞նձ չես մոր­թել»: «Չէ,- ասում էր,- մեղք էր… նույ­նիսկ ար­նա­խում ձմու­կը* դա չէր անի: Ամա՛ն, ամա՛ն…- իրեն բա­բա էր չա­փում,- մե­ղա քեզ, Տեր, մե­ղա՛…»: Չէր կա­րո­ղա­նում իրեն նե­րել. «Մի րո­պե… մի րո­պե որ դի­մա­նա­յի, պա­հը կանց­ներ, ու էդ բա­նը չէի անի»: «Բո­լո­րի կյան­քում էլ էդ րո­պեն է հա­մը հա­նում»,- կատա­կի էի տա­լիս: «Էն­քան էլ մեղք էր,- ասում էր,- ուժ էլ չու­ներ դի­մադ­րե­լու, ով գի­տի՝ չէր էլ հաս­կա­նում, որ կա­րե­լի ա դի­մադ­րել»: Ու­զում էր, որ իրեն մխի­թա­րեմ. «Հե­րիք ա, հա՞,- սաս­տում էի,- արել՝ արել ես, գլու­խը քա­րը»: Շա­րու­նա­կում էր մղկ­տալ. «Բայց ի՞նչ անե­ի՝ ես կա­տա­ղած, դա­նակն էլ՝ սուր. հո իմ սիր­տը չէ­ի՞ խրե­լու»: Ազդ­վել էր. ինքն իրե­նից չէր սպա­սում նման դա­ժա­նու­թյուն. «Երբ ար­յան մեծ մա­սը ար­դեն գնա­ցել էր, կար­ծես նոր հասկա­ցավ ինչ ա կա­տար­վել, բայց ար­դեն ուշ էր. մի անո­րոշ ցն­ցու­մով ոտ­նե­րը ջղաձգ­վե­ցին ու վերջ… Պետք էր, պե՛տք՝ դի­մադ­րել,- նա­խա­տում էր,- կա­տուն որ կա­տու ա՝ էլի չանչ ա գցում…»: Հի­մա էլ մեղ­քը մորթ­վո­ղի վրա էր գցում. «Գո­նե մի ան­գամ քա­ցի տար, հա՛…»: Գետ­նին լեր­դա­ցած ար­յու­նից սար­սա­փել էր: Դուրս էր վա­զել: Սա­ռը ջրի տակ սրս­փա­լով եր­կար լվաց­վել էր: Ջրի սառ­նու­թյու­նից սթափ­վել էր: Վա­զել էր տուն, շո­րե­րը փո­խել, որ երե­խա­նե­րը արթ­նա­նա­լիս չտես­նեն, ու դուրս էր եկել: Չնա­յած ար­շա­լույ­սին դեռ ժա­մա­նակ կար, չէր համ­բե­րել, ծե­ծել էր հարևանի դու­ռը ու դու­ռը բա­ցած հարևանին կան­չել՝ «Արի տես՝ ինչ եմ արել…»: Հարևանը նա­յել էր ժա­մա­ցույ­ցին. գիշ­ե­րը նրան էլ էր վա­խեց­րել: «Հեչ շո­րերն էլ չհա­գավ, հենց էդ­պես շա­պիկ-­թում­բա­նով դուրս թռավ…»: Հարևանից գոհ էր՝ «Կար­գին մարդ դուրս եկավ»: Առա­ջին մխի­թա­րո­ղը հարևանն էր եղել. «Բե­րանդ չբա­ցես, բան չխո­սես… թող սու­սու­փուս անց­նի, գնա»: Ին­քը հա­մա­ձայն չէր. «Ար­յուն թա­փե­լու սու­սու­փու­սը ո՞րն ա»,- ասում էր: Ասում էր. «Էլ մոր­թե­լու իմաս­տը ո՞րն էր, որ սու­սու­փուս…»: Մխի­թա­րում էի՝ «Մորթ­վո­ղի հա­մար բա­ցար­ձակ մեկ ա՝ ու­ռա կգո­ռաք, թե դհոլ կզար­կեք…»: Դառ­նա­ցած հո­գոց էր հա­նում. «Էն էլ ըտենց դհոլ զար­կել…»: Էս­տեղ իրոք մխի­թա­րել էր պետք. «Կարևորը մար­դիկ պատ­ճա­ռը չհաս­կա­ցան»: «Հարևանը գլ­խի ըն­կավ,- ասում էր,- կյանք տե­սած մարդ էր, հո խոտ չէ՞ր ու­տում»: Ասել էր՝ «Կնիկ, էս ի՞նչ ես արել, ին­չի՞ ես արել… Էս լխ­պոր գա­ռը ին­չիդ էր պետք, գո­նե ղո­չը մոր­թե­իր՝ հրեն, դմա­կը որդ­նել ա»: «Ան­տեր մնա… սիրտս լիքն էր՝ մեծ ու պու­ճուր էի՞ նա­յում»: «է՞,- զար­մա­ցել էր հարևանը,- սրա­նից մի կա­գին փլավ էլ չի լի­նի, խեղ­ճի պճեղ­նե­րը չեն էլ պն­դա­ցել, հլա կճղակ էլ չեն դա­ռել… ար­յունն էլ մի կար­գին չի հա­սու­նա­ցել, ոնց որ ար­յուն չլի­նի»: Հարևանն էս­տեղ սխալ­վում էր. «Ար­յան հա­սու­նա­նա­լը ո՞րն ա,- զար­մա­նում էր,- լավ էլ կպ­չուն գո­լոր­շի ու­ներ»: Շատ էր տանջ­վում պատ­մե­լիս, զգում էի, որ ամեն ինչ նո­րից աչ­քի առաջ է գա­լիս, իրոք սկ­սել էի խղ­ճալ. «Ո՛ւֆ, յու­ղու­մեղր չենք խմել, կնի՛կ, հե­րիք ա…»: «Ախր իմաստ էլ չու­նե­ցավ մոր­թե­լը…»,- ասում էր մատ­նե­րը ջարդր­տե­լով:

«Դրա­նից հե­տո մի շա­բաթ էլ մեր տա­նը պա­հե­ցի, վեր­ջում էլի հարևանին խնդ­րե­ցի, որդ­նած դմա­կով ղո­չը մոր­թեց»,- ղո­չի մա­սին ար­դեն ավե­լի հան­գիստ էր պատ­մում: Ասում էր, միշտ էլ էդ­պես է ճամ­փու դրել, ամեն տա­րի էլ՝ բե­ռու­բար­ձով: «Հի­մա­րի մեկն ես եղել»,- նե­տում էի: «Տա­սը կի­լո մեղր լց­րի, եր­կու գլուխ պա­նիր…»: Չեմ թող­նում շա­րու­նա­կի. «Մարդ մի պայ­թաց­րու, հե­րիք ա…»: «Ասե­ցի մեղք ա, ան­մարդ կնիկ ա…»,- էլի եմ ընդ­հա­տում, էս ան­գամ ֆռ­թաց­նե­լով. «Դու մարդ ու­նե­ցողն էիր, ին­քը՝ ան­մար­դը…»: «Ասե­ցի՝ մեղք ա,- շա­րու­նա­կում էր կի­սատ թո­ղած տե­ղից,- տեգ­րե­րի հետ նույն բա­կում ա ապ­րում, թող խո­սե­լա­տեղ ու­նե­նա, հան­կարծ գլ­խի չընկ­նեն»: Ծըք, ծըք, ծըք՝ հի­աս­թափ­ված տա­րու­բե­րում եմ գլուխս: «Իրան չէ, էրե­խե­քին խղ­ճա­ցի… աղ­ջիկ էրե­խա էին, տեգ­րե­րը որ գլ­խի ընկ­նե­ին, էլ չէ­ին օգ­նի… դա էրե­խա մե­ծաց­նո՞ղ էր. իրա նման լիրբ պի­տի սար­քեր»: Վա՜յ՝ ճա­րա­հատ­յալ եր­կինք եմ նա­յում: Էս­տեղ չա­րա­նում է. «Լրիվ դու էիր մե­ղա­վոր»: «Ե՞ս… ես յոթ տա­րե­կան էրե­խա էի էդ ժամանակ, ես ի՞նչ մե­ղա­վոր եմ, որ քո ըն­կե­րու­հին լիրբ ա»: «Դու պայ­ման­ներ ստեղ­ծե­ցիր…»: «Ես մի մատ էրե­խա՝ հեչ չգի­տե­ի էլ, որ մար­դիկ լի­նում են նա­մու­սով ու ան­նա­մուս»: «Որ դու չհի­վան­դա­նա­յիր…»:

Խոս­քը մորս ման­կու­թյան ըն­կե­րու­հու մա­սին էր, որ ամեն ամառ իր եր­կու աղ­ջիկ­նե­րի հետ գա­լիս էր մեր տուն հանգս­տա­նա­լու: էդ գիշ­եր ես հի­վան­դա­ցել եմ՝ ջեր­մել ու հա­զա­ցել: Բրոնխ­ներս լրիվ փակ­վել են: Մայրս վա­խե­ցել է՝ կխեղդ­վեմ: Որոշ­ել են՝ մայրս տա­նը կմ­նա, իր չորս և ըն­կե­րու­հու եր­կու քնած երե­խե­քի մոտ, հայրս ու մորս ըն­կե­րու­հին ինձ կտա­նեն հի­վան­դա­նոց՝ բժշ­կի: Բժիշ­կը նա­յում, ասում է՝ բան էլ չկա: Հետ դառ­նա­լիս ինձ թող­նում են վա­րոր­դի մոտ, իրենք իջ­նում են ան­տա­ռ: Ես սկ­սում եմ լալ ու դո­ղաց­նել: Վա­րոր­դը տա­ռա­պում է հետս: Գա­լիս, մորս ամեն ինչ պատ­մում է: Բայց մայրս, իր ասե­լով, բա­րի էր. ամեն տար­վա պես գառ է մոր­թում, գյու­ղա­կան բա­րի­քներով ըն­կե­րու­հուն ճամ­փու դնում. «…Որ իր ըն­տա­նի­քում հան­կարծ կա­տար­վա­ծը չհաս­կա­նա­յին, մեղք էր, տեգ­րե­րի հետ նույն բա­կում էր ապ­րում»,- անընդ­հատ ար­դա­րա­նում էր: «Ան­խելք ես եղել, ան­խելք: Ես կա­սե­ի՝ հի­մար»: Էլի ինձ էր մե­ղադ­րում. «Դու որ չհի­վան­դա­նա­յիր… գիշ­ե­րով ան­տա­ռ մտ­նո­ղի մտ­քով էդ պի­տի անց­ներ, բա ի՞նչ…»: Ու ինչ­քան ըն­կե­րու­հու, այո՝ ըն­կե­րու­հու, ոչ թե հորս, դա­վա­ճա­նու­թյան մա­սին էր պատ­մում՝ «Տղա­մարդն ու շու­նը մեկ են,- ասում էր,- ին­քը պի­տի թույլ չտար», էլի հիշ­ում էր, թե ոնց մոր­թեց ան­մեղ գա­ռը. «Այ մարդ, մի գոմ լի­քը հա­վու­ճիվ, իմ աչ­քը ին­չի՞ հենց է՛դ գա­ռը տե­սավ…»:

Տա­րի­նե­րի հետ հորս սի­րու­հի­նե­րը փոխ­վել էին: Մայրս մե­կի եղ­բայր­նե­րին էր խնդ­րել սան­ձե­րը քաշ­են, մյու­սի ամուս­նու ական­ջին էր հասց­րել: «Էն մե­կին էլ փո­ղո­ցում բռ­նե­ցի, էն­քա՜ն ծե­ծե­ցի… ցե­խաջ­րի մեջ խեղ­դա­մահ արի»: «Հպար­տա­նա­լու տեղ ու­նես»,- գո­վում էի: Բայց միևնույն է. ոնց պտտ­վում էր՝ հաս­նում էր մորթ­ած գա­ռա­նը: Էն­քան պատ­մեց՝ դար­ձավ ժա­ռան­գա­կան ու­նեց­վածք, փո­խանց­վեց ինձ: «Գո­նե իմ ան­կող­նում չլի­ներ,- հի­մա էլ ես էի բո­ղո­քում, երբ ամուս­նուս բռ­նաց­րել էի. թար­սի պես էլ՝ օժի­տիս սա­վանն էի փռել… գո­նե մի ան­գամ վրան քնած լի­նեի…»: Տխուր ժպ­տում էր. «Որ մի գառ լի­ներ՝ մոր­թեիր, սիրտդ ահա­գին կհո­վա­նար»:

Հե­տա­գա­յում, երբ ոչ մի­այն ամու­սինն ու ըն­կե­րու­հին, այլև սե­փա­կան ձե­ռու­ոտն էին դա­վա­ճա­նում, գա­ռան պատ­մու­թյու­նը փո­փո­խու­թյուն­ներ կրեց. եր­բեմն փոխ­վում էր ժա­մա­նա­կը՝ ոչ թե գիշ­եր էր, այլ ցե­րեկ կամ ար­շա­լույս, հարևանը՝ ոչ թե շա­պիկ-թում­բա­նով էր, այլ սա­րից էշ­ով փայտ էր բե­րում, գա­ռան տա­րի­քը՝ ոչ թե ամ­սա­կան էր, այլ քսան օրական, ես՝ ոչ թե բրոնխ­ներս էին փակ, այլ թո­քա­բորբ էի… Մորս ջա­հե­լու­թյու­նից մինչև ծե­րու­թյուն գա­ռը մորթ­վեց՝ տար­վա բո­լոր եղա­նակ­նե­րին, օր­վա տար­բեր ժա­մե­րի ու տար­բեր պա­րա­գա­նե­րում… Խիղ­ճը դեռ տան­ջում էր ան­տե­ղի ­տե­ղը մորթ­ած գա­ռան հա­մար, բայց ներ­քին գո­հու­նա­կու­թուն այ­նու­ա­մե­նայ­նիվ կար. պատ­մում էր ար­դեն առանց իրեն ու­տե­լու, ինչ­-որ տեղ բա­վարար­ված. մոր­թե­լը մայրս հա­մա­րում էր իր լի­ա­կա­տար հաղ­թա­նա­կը, ասես ոչ թե գառ, այլ նրան էր մոր­թել:

Հ.Գ. Վեր­ջին ան­գամ պատ­մե­լիս գա­ռը երեք օրա­կան էր՝ լխ­պո՜ր-լխ­պոր, դող­դո­ղա­ցող ոտ­նե­րին հա­զիվ էր կանգ­նում: ժա­մա­նա­կը՝ մի անն­ման մայ­րա­մուտ: Հարևանը՝ ծանր սգի մեջ էր, մորն էր թա­ղել: Ես՝ հի­վան­դոտ, նվազ էրե­խա էի…:

Բայց միևնույն է. խղ­ճի մա­սին խոսք լի­նել չէր կա­րող՝ գա­ռը պի­տի մորթ­վեր:

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *