Գործերը, Պատմվածքներ

Աշխարհի վերջը

 Դեռ աշուն չէր, բայց արդեն ցուրտ էր: Եվ անձրևներ նույնպես գալիս էին: Քամին փչում էր աջ ու ձախից. ամպերը կապտում էին, ուռչում քամու մտրակի տակ. օրերով երկնքի սիրտը լիքն էր լինում, քիթմռութը՝ կախ: Առավոտից երկինքը տալիս ու առնում էր. մեկ բացվում էր, մեկ՝ փակվում: Բայց միայն կեսօրին սևոտած ամպերից սկսեց անձրև մաղել:

Անձրևի կաթիլները նռան հատիկի մեծություն ունեին. շրխկալով թափվեցին: Թաց հողը արագորեն վերածվեց ցեխի ու սկսեց ճլճլալ ոտքերիս տակ:

Թիկունքս աստիճանաբար խոնավացավ. արագ շարժվելուց քրտնակոլոլ էի եղել. անձրևի սառը կաթիլներից դող ընկավ մեջս: Սրթսրթալով՝ ծառից-ծառ կապված պարանին փռում էի լվացքը և մտածում, որ անձրևը դեռ երկար կմաղի: Միտքս ստուգելու համար վեր նայեցի.

– Հա,- թիկունքիցս ձայն լսեցի,- երկու օր կտևի, մինչև էսքան մանր մաղելով էդ ուռած ամպերը թեթևանան,- հարևանուհիս գլուխը կախ, ոտքի տակ ճամփան փնտրելով, դեպի ինձ էր գալիս:

– Ժամանակին եկար,- ասացի՝ առանց գործից կտրվելու,- վերջացնեմ, գնանք սուրճ խմենք:

– Սուրճի սիրտ են թողնո՞ւմ,- քիթը ֆսֆսացնելով մրթմրթաց նա:

– Ի՞նչ է պատահել,- հետաքրքրվեցի:

– Էլ ի՞նչ պիտի պատահեր,- դժգոհ հայացքը հառեց երեսիս,- Մոսկվայում ահաբեկիչները երկու շենք են պայթեցրել, Հնդկաստանում ինքնաթիռ է վայր ընկել, Թայվանում երկրաշարժը ավերածություններ է արել, Ամերիկայում փոթորիկը սրբել-տարել է ծովափնյա թաղերը …

– Հետո՞…

– Էդ բոլորը քի՞չ է,- զարմացավ նա:

– Էդ բոլորը ամեն օր էլ կատարվում է,- թաց ձեռքերս կողքերիս վրա չորացնելով՝ անտարբեր թոթվեցի ուսերս:- Էդ բոլորին որ նայենք, պիտի պարանը վզներս գցենք, կախվենք: Էնպես որ… Քեֆդ քոք պահի:

– Ճիշտը որ ասեմ,- ճակատը կնճռոտելով ու տնքալով՝ կմկմաց,- գիշերն էլ ամուսինս քնի մեջ ուրիշ կնոջ անուն տվեց:

– Կարող է պատահել,- նասկու թայը շրխկոցով թափ տալով՝ հաստատեցի,- երբ իմ ամուսինը սիրահարվում է ուրիշ կնոջ, ծեծված շան պես փակվում է իր մեջ ու հետս չի խոսում… Ոնց որ թե ՝ ես մեղավոր եմ:

– Բա հետո՞:

– … Էլ «հետո՞» մնաց: Հիմա գալի՞ս ես, թե չէ:

– Բայց դու ի՜նչ սառնասիրտ լիրբն ես,- ետևիցս գալով՝ նախանձոտ ասաց նա,- ո՜նց եմ ուզում քեզ նման լինել:

– Ինձ նմանը ո՞նց է:

– Ախր աշխարհի վերջն է, իսկ դու՝ դի՜նջ…. Քո սուրճի դարդն ես:

– Էս հողի վրա Աստված են խաչել, և նույնիսկ այդ դեպքում աշխարհի վերջը չի եկել… Էնպես որ մեր բախտից է՝ մերդ քո նման խելոքից մի քանի հոգի չի բերել:

– Բայց աշխարհի վերջը սուրբ գրքերում հենց էսօրվա նման էլ նկարագրված է:

– Յա՜,- կտրուկ կանգ առա ու ձայնիս ծաղրական երանգ հաղորդեցի,- բա ձեն հանիր. ուրեմն աշխարհի վերջն է, ավերվելու-վերանալու է, իսկ ես էստեղ ցրտից կուչ գալով մարդուս նասկիներն եմ փռում, դու էլ էդքան բանը գիտես ու խլնքոտ էրեխեքիդ քամակներն ես մաքրում:

– Բա ի՞նչ անենք:

– Ոնց՝ ինչ անենք… Էնքան բան կա, որ պիտի անեի կյանքիս ընթացքում, բայց որ արդեն աշխարհի վերջն է, բեր հենց հիմա սկսենք ամենակարևորից:

– Համաձայն եմ,- ոգևորվեց նա,- ի վերջո կյանքը մերն է, ինչ կուզենք՝ կանենք: Բեր գնանք բանկ, հանենք խնայողությունները, մատանի առնենք, դնենք մատներիս,- նա ձեռքը ձգեց իրենից հեռու, չռեց մատներն ու գնահատող հայացքով տնտղեց. կարծես մատանին արդեն մատին էր:

– Խելք հավաքիր,- խրատեցի,- մե՞ր խնայողություններով պիտի մատանի գնենք: Աշխարհում տղամարդիկ վերացե՞լ են, թող նվիրեն, էլի՜…

– Ի՜հ,- զզվանքով ձեռքը թափահարեց հարևանուհիս,- դու էլ հույս ունես, որ մեր տղամարդիկ մեզ զարդեր կնվիրեն… Շեն տարին ի՞նչ էին, մնաց՝ ավեր տարին:

– Էդ ի՞նչ նեղն ընկանք, որ մեր մարդկանց հույսին պիտի մնանք… Ձեռքներս քարի տա՞կ է:

– Դու հո չե՞ս ուզում լրբություն անել,- իր ասածին չհավատալով՝ աչքերը չռեց հարևանուհիս:

– Ի՞նչ է, չե՞ս լսել՝ աշխարհը գող ու բոզինն է… Ժողովրդական իմաստուն խոսք,- նրա ապշահար հայացքի ներքո ստիպված եղա կեսլուրջ-կեսկատակ պարզաբանել ես:

– Ես աշխարհը չեմ ուզում, ինձ իմ տունն էլ հերիք է,- չոր կտրեց նա:

– Հերի՞ք է , դե գնա, բա ինչի՞ ես կանգնել էս անձրևի տակ… Գնա թթուդ դիր, խլնքոտ էրեխեքիդ քնացրու, մարդդ էլ լակած թող գա ու ուրիշ կնոջ անուն մրթմրթա:

– Բայց դա մեղք է,- կիսաձայն կմկմաց նա:

– Մեղք է, բա ի՞նչ է, դրա համար էլ անմահ մարդ չկա, քանի որ մեղքի վարձը մահն է… Էնպես որ մեղք գործելը մեր հաստատված իրավունքն է:

– Օ՜Ֆ, գլուխ չեմ հանում,- նա մոլորվեց-մնաց,- ավելի լավ է՝ ես գնամ: Անպետք եղանակ է, տավարն էլ հիմա հանդից կգա:

– Ճիշտ ես անում, գնա՛,- նրա ուսին քաջալերելով թփթփացրի ես,- գնա տավարդ դիմավորիր… Էդ քո փիլիսոփայությամբ դու կարող ես Հայաստանի գերագույն կովկիթը դառնալ,- ծաղրեցի:

– Բա դու ի՞նչ ես անելու:

– Ե՞ս… Իջնելու եմ ճամփին,- վճռեցի վերջնականապես:- Մի ծանոթ ունեմ, անճոռնի «Կամազ» է քշում, բայց փոխարենը մի տասը տարով փոքր է մեզնից:

– Ա՜հ,- նա ինձ թևանցուկ արեց,- էդ երեխուն ի՞նչ ենք անելու, նոր-նոր պաչել պիտի սովորեցնենք…

– Դու գիտես, որ մեռար, էս կյանքն ու էս մարմինը տանելու ես հողի տակ,- ես վերից-վար ձեռքով ցույց տվեցի նրա փարթամ մարմինը:- Իսկ հողը վերադարձնելու սովորություն չունի,- ես ոտքերով դոփեցի գետնին:- Չունի՜… Տարածը տարած է: Ետ տալ չունի:

– Լավ, լրբություն մի դիր,- վախեցած աջ ու ձախ նայելով՝ կամաց ասաց նա,- հո բան չե՞մ ասում, ուղղակի կարծիքս եմ հայտնում:

… Ոտքներիս տակ օձորեն փորսող էր տալիս ճամփան, քարերի վրա խեժի պես ցրտից քարացել էին սփրթնած քարաքոսերը: Մի թրջված, մոլորված ոչխար քայլում էր մեր առջևից՝ պոչի տակից բշկուլները հատ-հատ կտկտացնելով քարերին… Անձրևից թրջվել, ինչ-որ ցանկապատի տակ խռպոտ հազում էր կատուն:

… Առաջինը ձայնը լսեցինք, ապա երևաց ավտոմեքենան. ասֆալտը թրջվել, ղժժում էր անիվների տակ. մթամած էր ու պատկերները լավ չէին երևում:

– Ըհը,- ձեռքերս իրար շփեցի ես,- հլա ուշադիր նայիր՝ «Կամա՞զ» է:

– Չէ:

– Ոչինչ, կանգնեցրու:

– Ես վախենում եմ,- զգուշացավ ընկերուհիս,- հարամ աշխարհ է, ինչ ձևի մարդ ասես, որ չկա… Բա որ մեզ տանեն անտառում սպանե՞ն:

– Դրանից աշխարհը հիմնահատակ չի ավերվի,- ծաղրեցի:

– Բա մեր երեխանե՞րը,- շարունակեց դարդ անել հարևանուհիս:

– Ա՜հ, պատերազմի տարի է, տղամարդիկ՝ քիչ. մեկնումեկը կամուսնանա մերոնց հետ… Երեխան էլ որ կա, շան թուլա է, ով դեմը բան նետեց, նրա կողմն էլ կգնա… Վախենում ես տիրություն անող չլինի՞:

Ես թափահարեցի ձեռքս: Մարդատարը կտրուկ արգելակեց ու ճռռալով կանգ առավ:

– Հլա դրանց կարմրած դեմքերին նայիր,- թևիցս կախ ընկավ հարևանուհիս,- վախենում եմ:

– Կարող է չեն սպանում, այլ սիրում են ու պաշտում, ադամանդներով զուգում ու զարդարում, դեմս էլ հազար աղախին պահում:

– Հա, աշխարհը քամբախվել է,- քինախնդաց հարևանուհիս,- էլ ուրիշ թագուհի չկար, մենակ դու էիր մնացել քո ճենճոտ գյուղում:

Մենք մոտեցանք: Մեքենայի դուռը բացվեց ու մի տղամարդ ոտքը դռնից դուրս գցեց.

– Կներեք, քուր ջան, մեքենայում տեղ չկա,- մեղա եկավ,- օրը մթամած է, չնկատեցի, որ երկուսով եք:

– Տեղ չկա՜,- ընկերուհիս հուսախաբ շշնջաց,- բա ո՞նց կլինի:

– Եթե մեկդ լինեիք, էլի մի կերպ կխցկվեինք, բայց երկուսիդ…- մարդը մեղավոր վեր ձգեց ուսերը,- հեչ տեղ չկա:

– Գի՞րկդ էլ տեղ չկա,- փորձելով նրա հայացքը որսալ՝ անմեղ զարմացա ես:

– Վայ քու ցավը տանեմ,- անմիջապես ուրախությունը ճառագեց տղամարդու թշերից,- դու մենակ արի, քեզ գլխիս էլ կնստեցնեմ:

– Գլուխդ պետք չէ,- առաջանալով կատակեցի ես,- ինձ գիրկդ լրիվ հերիք է:

– Ինչի՞ որ,- հայացքով ինձ քրքրեց տղամարդը,- սիրո՞ւն չեմ:

– Սիրուն երեսին փլավ չեն ուտում,- ասացի,- և բացի այդ՝ տղամարդու ողջ հարստությունը շալվարի մեջ է:

Երբ արդեն տեղավորվել էի մեքենայի մեջ, հարցական նայեցի հարևանուհուս.

-Ո՜ւֆ,- փնթփնթալով մոտեցավ նա,- իմ սիրտն ի՞նչ սիրտ է, որ քեզ պատահական մարդկանց հետ թողնեմ ու գնամ… Մի տեղ էլ ինձ համար բացեք:

1992թ.

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *