Գրականագիտական արձագանքներ

Մտապահվող իրականություն՝ Աստծուն փնտրելու ճանապարհին

Վովա Արզումանյան

Արձակի գեղարվեստական շնչառությունը կարևոր նախապայման է ժամանակի հոլովույթում պահպանվելու համար: Այս սկզբունքով ստեղծված գրականությունը չի կորցնում իր արդիականությունն անգամ այն պարագայում, երբ տվյալ ժամանակաշրջանը նոր կառուցվածքային և բովանդակային գրականություն է երևան բերում:

Սուսաննա Հարությունյանի գրական կեսնագրությունը փաստում է, որ արձակագիրն ինքնատիպ գրելաոճի սեփական սահմանը վաղուց է ուղենշել՝ անգամ ժամանակի վերիվարումներում կուռ արձակ ստեղծելու բծախնդրությանը հակված: Արձակագրի համար կարևոր է գրական ստեղծագործություն կառուցելու հիմքում ընտրված թեմայի կամ երևույթի խորությունը, բազմակողմանիությունն ու շարժունակությունը: Այս նախադրյալներն օգնում են հեղինակին արձակի պատկերավոր, բայց բավականին ծանրակշիռ միջավայր ստեղծելու ճանապարհին: Նկատենք, որ հեղինակի գրականությունը վերհուշի սկզբունքով է կառուցված՝ արտաքին ու ներքին ազդակների փոխգործակցությամբ, ժամանակի բարքերի, խոսելաձևի, մարդկային պահվածքի ու մտքի, բանականության շուրջ կատարվող գործողությունների համադրմամբ:

Այս համատեքստում դիտարկենք Սուսաննա Հարությունյանի գրական ճանապարհին հանդիպող բազմատարր ասելիքով ստեղծագործություններից «Նա Աստված էր փնտրում և քիչ մնաց գտներ»[1] վիպակը: Վերնագրի մեջ հեղինակը մի ամբողջ փիլիսոփայություն է համադրել՝ կյանքի բազմաբևեռ ընդհանրացումներով կերտված, քանզի սա ոչ թե կրոնական ենթատեքստերով է շաղախված, այլ իրական կյանքի պատկերն է ներկայացնում՝ հաճախ ընդունելի, որոշ դեպքերում՝ վիճելի: Հեղինակի տարածական չափումները չեն սահմանափակվում մարդու հոգեբանական շերտերը գեղարվեստական ստեղծագործության տարածության մեջ տեղավորելով  կամ դիտարկելով: Հեղինակը մեկ այլ խնդիր է առաջ բերում՝ մարդու մտածական աշխարհի ու կյանքի փոխըմբռնման շուրջ գտնելու այն կապը, որը կարող է իրավիճակից ելնելով՝ ճիշտ ընթացքավորվել: Սա դյուրին արվեստ չէ արձակում:

«Նա Աստված էր փնտրում և քիչ մնաց գտներ» վիպակում հեղինակը հոգևոր խուլ անկյուններ չի թողնում և պետք է նշել, որ ներքին տարածություն է բացում՝ մարդու ներաշխարհը ճանաչելու և վերաիմաստավորելու ընթացքով: Մարդու աշխարհայացքն այսօրվա իրականության մեջ հաճախ ենթադրելի թռիչքային զարգացում է ունենում՝ անհատների մեջ նոր բան փնտրելու հնարավորությամբ:

            Ի վերջո, սա ի՞նչ վիպակ է, որտեղի՞ց է սկսվում և դեպի ո՞ւր է գնում: Արդյոք վերջում սահմանափակվո՞ւմ է մարդկային տրամաբանությունը, թե կյանքի նորահայտ եզրերն է շարունակում շոշափել: Հարցերը շատ են, պատասխանները՝ տատանվող, և իհարկե, հեղինակի կողմից շնչավորված բառերի ու երևույթների կապակցմամբ:

            Ստեղծագործության թեման ու գաղափարն ամբողջացնելու համար նախ ուշադրություն դարձնենք հեղինակի գրողական հնարքներին: Հետաքրքիր է, որ վիպակն սկսվում է տատիկ-թոռնիկ զրույցով, որի ենթատեքստում զառամյալ տատի դաժան ճակատագիրն է ու տանը մնացած թոռան խենթությունները: Այնքան ինքնատիպ նկարագրություններով է հագեցրել հեղինակը, որ ամեն ինչ աչքիդ առաջ իրական է թվում: Տատի մահվան սնդուկը կարևոր պատկեր-առարկա է այս վիպակում:  Սա փաստում է նաև ժամանակի հասարակական կյանքում տեղ գտած ավանդույթի մասին, որը գեղարվեստականորեն բնավորություն է ձեռք բերել՝ հավասարապես ընդհանրացում գտնելով վիպակում գործող հերոսների գործողությունների հետ: Այս ամենը կապված է նաև հանգամանքների հետ, որոնց  շուրջ էլ, կարելի է ասել, կառուցված է սույն վիպակը:

            Շարմաղ տատի մտքում թափառող Նրան՝ Տիրոջը հասնելու երանությունը համոզիչ որոշում է դառնում թոռան՝ Արևի համար, որը տատի մահվան սնդուկում պահվող բրդե շալը խաղողի հետ է փոխանակել: Իհարկե, շալը խաղողի հետ փոխանակելն այս վիպակում ոչ այնքան կարևոր երևույթ է, ինչքան հերոսների հոգեբանական կերտվածքն ու մարդկային մոտեցումները, արձագանքը տարբեր երևույթների: Ճշմարտություն է, որ իրականությունը հաճախ է դրդում, որ մարդկային սխալներին ուշադրություն դարձնենք: Այսպես նաև տատը՝ նոր սերնդի մարդկային որակը հարցականի տակ դնելով է Արևին հակադարձում. «Քո սերունդն էս է՝ ոչ կյանքն է հարգում, ոչ մահը» (էջ 157): Իսկ գուցե հենց կյանքի ու մահվան խաչմերուկում հանդիպած այս պատմությունը գալիս է ասելու, որ ժամանակակից մարդը տեսակով ավելի լավը դառնալու հնարավորություն ունի: Համենայնդեպս, պետք է նկատենք, որ այս երկու զուգահեռ իրականություններում հեղինակը փորձել է տրամադրության բացակայության հետ չհամակերպվել և հեգնական լուծում տալ, չէ՞ որ կատակերգականին բնորոշ հակադրության բազմազան ձևերը կարող են դրսևորվել խոսքի և գործի, նպատակի և միջոցների, գործողության և համոզմունքների անհամապատասխանության մեջ։ Ու միշտ չէ, որ այդ անհամապատասխանությունն արտասովոր երևույթներին է առնչվում:

            Հեղինակի պատկերստեղծման տեխնիկան նորովի մոտեցումներով է հանդես գալիս այս վիպակում: Հեգնանքն ու միամտությունն ամբողջացնելու հնարքը կարող է հաճախ որոշիչ համարվել Արևի կերպարի համար, ասել է թե՝ չմտածված խոսքն ու գործն անհաշտելի իրականություն են ստեղծում: Այսպես, դիտարկենք վիպակի կարևորագույն  հատվածներից մեկը, որտեղ թոռը տատին հարցնում է. «Ինչի ոտքո՞վ ես գնալու էն աշխարհ» (էջ 158): Սա, իհարկե, երկու կերպարների երկխոսության ընթացքում  վիպակում կտրուկ ենթատեքստեր առաջ բերելուն է միտված, քանի որ խոսքի տարածությունը նաև ինքնատիպ մոտեցումներով պետք է լցվի:

            Տատի «Տերը եկել է» (էջ 158) արտահայտությանը թերահավատորեն մոտեցող Արևի բնավորությունը կարծես բացահայտվում  է այնժամ, երբ զրույցի շարունակականությունը ողողվում է տատի իրական և փիլիսոփայական, երանավետ խոսքերով. «Դու մարդու նման ես դատում, Նա՝ Աստծու… Սրանից հետո հողը խաղաղ կլինի, ժամանակը չի փոթորկվի երկրի երեսին, ո՛չ լաց կլինի, ո՛չ սով, ո՛չ մահ…» (էջ 159): Այս ամենին զուգահեռ անկողմնակալ պահվածք ստացավ Արևը՝ տատի հաստատակամ խոսքից «մի պահ իրական թվաց Աստծո գալը» (էջ 159): Սակայն աղջիկն այս ամենին լուրջ չի մոտենում, ավելին՝ ինչ-որ տեղ ծաղրում է տատի ծերությունն ու ենթադրում, որ տարիքն առած կնոջ գլուխը հնարավոր է, որ խառնվի: Հետաքրքիր է, որ այս ամենի շարունակությունն ասնպասելի է լինում, ու չնայած առկա հակադրված խոսակցությանը, ընթացքը համոզիչ է դառնում, հատկապես երբ որպես կերակրատեսակ է ընտրվում ձուկը: Այստեղ պետք է նշենք, որ հունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ  (IXΘΥΣ) բառի սկզբնատառերը բացվում են այսպես. ‹‹Հիսուս Քրիստոս››, ‹‹Աստծո Որդի››, ‹‹Փրկիչ››։ Բառը հինգ տառերի ծածկագիր է՝ նման աքրոստիկոսի.


I-Іησουç–Հիսուս
χ-χριστοç–Քրիստոս
θ-θεου–Աստծո
Υ-υιοç–Որդի
Σ- Σωτηρ – Փրկիչ

Գուցե սա նկատի ունենալով է հեղինակը վիպակում  ընտրել հենց ձուկը, որն ավելի շուտ է եփվում, քան հավը, որը եփելու մտքին կտրականապես դեմ եղավ  տատը՝ պատճառաբանելով, որ երկու շաբաթից վեց ամսական կդառնա ու ձու կածի:

       Պետք է նշենք, որ հարուստ բառամթերք ունի վիպակի հեղինակը, որը ոչ միայն նկարագրում է գյուղի ճանապարհները, ամեն ծակ ու ծուկը, հերոսների ապրելակերպն ու բնավորությունը, այլև միանգամայն հստակ ներկայացնում երկրային կյանքի բարքերը, ընդունելի և մերժելի կողմերը, որոնք հաճախ տողատակերում կարող ենք փնտրել: Բայց պետք է նաև հավելենք, որ յուրաքանչյուր հերոսի խոսք ունի բնավորություն, ինչպես իրականում է, ինքնաբացահայտվում են Սուսաննա Հարությունյանի ստեղծած հերոսները, որոնք չեն լռում ու ոչինչ չեն թաքցնում իրենց մեջ: Ասել է թե՝ մարդուն խոսքից կարող ես ճանաչել: Չնայած այս արտահայտությունը որոշ չափով վիճելի է, բայց այս վիպակում ուրույն ընդհանրացում ունի՝ ընտրված կերպարները մանրակրկիտ ուսումնասիրելու և մարդկային տեսակները ճանաչելու առումով:

        Ընթերցողի առջև բացվում է գյուղական տեսարանը՝ հողի ու եղանակի միախառնումից մինչև գոյատևող ժողովուրդ, իսկ «փողոցի վերջում, վերջակետի պես, նստած էր պառավ Նոյեմը» (էջ 160): Վերջինիս կերպարը նույնպես հեղինակը կարևոր շեշտադրմամբ է առանցքային դարձրել, որովհետև երկու ծեր կնոջ մտածելակերպի տարբերություններն ենք մենք տեսնում, թե ով ինչպես է նայում մյուսին և կյանքին: Նոյեմի խոսքում էլ փիլիսոփայական երանգ կա, սակայն նա ավելի շատ հակված է ճշմարտությունը տեղում ասել. «Մենք երբեք չենք սպասում նրան, ով մեր կողքին է» (էջ 161): Այսպես, թվում է, թե Նոյեմը հավատում է, որ Նա կա, բայց այդուհանդերձ իր զրույցով նոր կառուցվածքային տարր է մտնում՝ մարդուց և հողից հիասթափվելու փաստը. «Ի՞նչ օրի է հասել, մարդուց հիասթափվել՝ Աստված է փնտրում: Մեռնելու նամուս չունի՞, թե՞ վախենում է» (էջ 161): Իսկ ինչո՞ւ վախենալ մեռնելուց. այս հարցը կարող է հռետորական մնալ, քանզի տարակարծությունները նույնպես շատ կլինեն՝ հիմնավորված և անհիմն: Ակամայից հիշեցի Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակի այս հատվածը. «Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի»: Անշուշտ,  երկրի ու երկնքի կապն ու Աստծո կամքն անքննարկելի են: Իսկ հողը… «Հո՛ղ, հո՛ղ, էս ի՞նչ օրն ես գցում մարդուն» (էջ 162):

           Այսպիսով, Արևն այնուհետև գնում է ձկնորսի մոտ՝ ձուկ բերելու: Ձկնորսի զարմանքից՝ ինչո՞ւ է տասը ձուկ տանում աղջիկը, շարունակականություն է հաղորդվում վիպակի ընթացքին: Ձկնորսի խոսքում էլ ինչ-որ չափով փիլիսոփայական տարրեր կան, որից կարելի է երազակացնել, որ վիպակում հանդիպող ոչ ոք և ոչինչ  պատահական չէ, և մեկը մյուսին լրացնելու են գալիս:

            «Որպես կանոն, նա, ում մենք սպասում ենք, երբեք չի գալիս» (էջ 163). ձկնորսի այս պատասխանն Արևին՝ կարելի է դիտարկել որպես Նոյեմի մտքի շարունակությունը, չէ՞ որ նա էլ իր հերթին խոսքի մեջ աղջկան համոզում էր, որ «Նա չի գա… Մենք երբեք չենք սպասում նրան, ով մեր կողքին է» (էջ 161): Սա մարդկային բնավորությունն է՝ հաճախ հանդուրժող ու հանգիստ, երբեմն-երբեմն էլ՝ հրաբորբոք ու հաստատակամ: Բայց երբեմն հակադրվում են սխալ ենթադրությունն ու իրականությունը՝ իրավացիորեն մատնանշելով մարդ-Աստված մշտամնա կապի մասին, որն ավելի է ամրապնդվում, երբ մարդը հակված է լինում հետևել հենց Տիրոջ օրենքներին: Նկատենք, որ ձկնորսի հետ զրույցի ժամանակ Արևի պնդումը, թե տատը համոզված է, որ Նա եկել է, նոր ալիք է ի հայտ բերում ձկնորսի մտքերին, որն էլ իր հերթին հերքում է «հին ու անհավանական պատմությունը» (էջ 163): Սակայն աղջկա համառությունը ստիպում է, որ ձկնորսը շարունակի հերքել Նրա գոյությունը. «Նա եկել է, ասել է՝ ես եմ Տերը, բայց քանի որ հագին քրձեր են եղել, ոչ ոք չի հավատացել, որ թագավոր է: Նա սկսել է մարդկանց բացատրել, որ երբ թագավորը գալիս է դարերի միջով, նրա շքեղ հագուստը բնականաբար վերածվում է ցնցոտու, քանի որ հողի վրա ժամանակը փշփշոտ է: Կամ գուցե կասկած է հարուցել այն, որ Նա ոչ միայն վեր չէ իրենցից, այլև նման է… Համենայնդեպս՝ խաչել են: Նա չի նեղացել, բայց լքել է հողը» (էջ 163): Մարդ-հող կապը միայն այստեղ չէ շեշտադրվում: Սա գուցե ներքին համոզմունք առաջացնելու համար է հեղինակը մեկ գծով տարել ամբողջ վիպակի հերոսների մտահայեցությամբ, որովհետև հողի թեման շոշափում էր նաև ծեր Նոյեմը, որը Արևի տատից երկու ամսով էր փոքր:  Մարդկային մտքի ուշադրության կենտրոնում միանգամից հայտնվում է մարդը՝ իր տեսակետներով ու աշխարհայացքով: Մի՞թե սա ցույց է տալիս, որ մարդ հոգով ու մարմնով աստվածամերժ է: Բայց, առհասարակ, այստեղ մարդկային էությունն է կարևոր, որը փորձում է անհատի՝ ժամանակի  կուտակած  մտքերի կծիկը բացել:

           Երբ տատն Արևին նախատում է՝ «չանեն ամեն պատահած մարդու հետ թուլացնելու համար» (էջ 163), վիպական զարգացումը կրկին համեմվում է տատ-թոռ զրույցով, որը կարծես կապող օղակներից գլխավորն է այս վիպակում: Եվ Արևին հանդիպած մարդկանց խոսքերը հերքելու համար նա փորձում է բացատրել, որ «Նա չի կարող չգալ, միշտ էլ գալիս է, որովհետև այս հողով է մեծարվում: Եվ չգնալ նույնպես չի կարող: Գիտես, չէ՞, այստեղ Նրան խաչում են. հո չի՞ կարող հավերժորեն խաչվել» (էջ 164): Այստեղ  հուզված աղջիկը մտածում է, որ «Աստված ազնիվ չի վարվել, տիեզերքը արդարաբար չի կիսել մեզ հետ՝ երկինքը վերցրել է իրեն, խաչը թողել է հողին» (էջ 164): Մի ամբողջ փիլիսոփայություն կա այս մեկ նախադասության մեջ: Ենթադրելի է, որ այդ ամենի միջով անցնելուց և մարդկանց խոսքը լսելուց հետո աղջկա միտքն սկսում է իրականությունն ինքնուրույնաբար վերլուծել: Սակայն տատի խոսքը, թե «բոլորս էլ ի վերջո հողին ենք վերադարձնում այն, ինչ ստացել ենք նրանից» (էջ 164), կարծես կասկածների մեջ է գցում աղջկան, քանզի ձկնորսը նույնպես համոզիչ էր խոսում Տիրոջ մասին: Այդժամ տարակուսանքի մեջ հայտնված Արևի անհանգստությանը, թե՝ հանկարծ չքնի տատը, որովհետև ճանապարհ ունի գնալու, արձագանքը տատի կողմից անսպասելի էր. «Շտապելդ ի՞նչ է… Ճամփան՝ մերը, Տերը՝ մերը, հողը՝ մերը…» (էջ 165):

           Հեղինակի պատումը ուրույն ընթացքով տանելու շնորհիվ գիշերվան հաջորդող օրը նորից նույն փողոցով է ուղեկցվում, որտեղ վերջակետի պես էլի նստած է պառավ Նոյեմը, որը նույնպես հետաքրքրված է Արևի տատի գնալով:

            Վիպակի մյուս հատվածում պարզվում է, որ գյուղը շուկա չունի և մարդիկ ապրանք էին վաճառում իրենց իսկ տներից: Արևն ամեն ինչ ուսումնասիրում էր ու բառ առ բառ կարդում: Սակայն ուշադրության կենտրոնում հայտնվեց հենց այս մեկը. «Դուռլուսամուտ, կուշետկա, դագաղ՝ ճիշտ քո չափսով» (էջ 166): Մտածմունքների մեջ ընկավ՝ արդյոք ճիշտ է գրված, երբ հանկարծ դռների արանքից տղան հայտնեց, որ հայրը Արևին է կանչում: Այստեղ հեղինակը ներկայացնում է դագաղներ պատրաստողի տանը հայտնված աղջկա ապրումները, նկարագրում, թե ինչ կար-չկար այդ տան սրահում և ներկայացնում է ընդհանուր մթնոլորտը: Ճիշտ է, աղջիկը տարակուսում է ու վախենում, բայց չի հեռանում դագաղագործ վարպետի սրահից: Այստեղ նաև Արևի զարմանքն ենք տեսնում, երբ լսում է վարպետի այն խոսքերը, որ երիտասարդների համար կաղնեփայտից է դագաղ սարքում: «Մի քիչ թանկ է, բայց գիտես, որ ապրանք է, գիտես՝ տեղ ես պառկած…» (էջ 167). հաճախորդին համոզելու հնարն այս դեպքում երկխոսությանը նոր ենթատեքստ է  հաղորդում  և Արևի հարցը տեղին էր, թե անձամբ մեջը պառկե՞լ է վարպետը:

            Արևը ելքեր էր փնտրում վարպետից պրծնելու համար, մտքում որոշում է տատի համար կաղնեփայտից դագաղ պատվիրի: Շարմաղ տատի ասած՝ Արևն այստեղ էլ «չանեն թուլացրեց» և մահվան սնդուկի պարունակությունն էր թվարկում: Բայց չէ՞ որ տատը գնում է Նրա մոտ ու պարտադիր պետք է վարպետին էլ ասեր, որ տատը «Նրան տեսնելու ավելի լավ ճամփա գիտի, քան մեռնելն է» (էջ 169): Նկատենք, որ աղջկա մտքում արդեն ուրվագծվել է տատի ասածը: Ենթադրելի է, որ նա արդեն հավատում է և վիպակի շարունակությունը պետք է մարդկանց կարծիքի հետ ավելի սուր հակադրվի, որով կհանգուցալուծեն վիպակի ավարտը: «Կտորեղենի» մոտ թխացած մաշկով կնոջ և Արևի զրույցը նույնպես վերոնշյալիս մասին են վկայում:  Կինը խորամանկ գտնվելով բաց չի թողնում հնարավորությունը՝  աղջկան ամեն կերպ համոզելով խմեցնի տատին ու իմանա Տիրոջ տեղը: Իսկ գինեվաճառի ամբողջ մտածմունքն  իր գինու գումարն էր, սակայն, բացառություն եղավ միայն մեկ պայմանով, որ Տիրոջ տեղն իրեն էլ հայտնեն: Ուշագրավ ու անակնկալ է զինվորի հետ հանդիպման դրվագը, որ իր տաբատն էր վաճառում, զայրանալուց հետո նետում  փողոցի բանուկ մասը: Իհարկե, այստեղ պետք է Արևը մխիթարելու եզրեր գտներ, և նա որոշում է ցնցոտու հետ համեմատել զինվորի տաբատը, և վերջինիս զայրույթին ի պատասխան՝ աղջիկը բացատրեց. «Դու չգիտես, որ միայն Աստծո հագին են ցնցոտիները մասունք դառնում: Իսկ դու ոչ միայն Աստված չես, այլև զինվորներն են Նրան խաչել, բա ի՞նչ էիր ուզում» (էջ 176): Իսկ զինվորը, որ և՛ մեռել է, և՛ ապրել, բայց Նրան չի տեսել, նախընտրում է լռության մեջ մի քանի բառ ասել ու չվիճել բորբոքված աղջկա հետ: Կասկածներն Արևի մտքում իսկական խառնաշփոթ էին սարքել: Տուն վերադառնալով՝  հասկացավ ու հիասթափվեց, որ իր տատը միտքը փոխել է և այլևս չի գնում Նրա մոտ:

            Վիպակը գաղափարական լայն ընդհանրացումներ է ստանում հատկապես վերջին երկու հատվածներում, երբ աղջիկը կրկին հանդիպում է ձկնորսին ու հայտնում տատի որոշման մասին: Իսկ ձկնորսի խոսքը, որ «Աստված փնտրելը ամենահարմար պատրվակն է ապրել սկսելու համար» (էջ 181 ), վիրավորեց Արևին: Տուն  վերադառնալով՝  նա տատի հոժարակամ խոսքերը լսեց. «Ո՞ւր գնանք: Ելնում է երկինք՝ փնտրում ենք, իջնում է գետնին՝ խաչում ենք… Նա մեր լեզուն չի հասկանում, մենք՝ Նրա: Ասենք գնացինք: Գիտես մենակ մե՞նք ենք: Բոլորն էլ նրան փնտրելու են գալիս և հեռանում են՝ այդպես էլ նրան չգտած: Շատերը նույնիսկ կորցրած են հեռանում, և անելու բան չի մնում, ուրիշ ոչինչ չի մնում անելու…» (էջ 181 ): Անշուշտ, հեղինակը տարողունակ ասելիքով է հագեցրել հերոսի խոսքը, որը մարդու ապրելու պատկերն է արտացոլում: Իսկ հողը… այսքան պինդ, բայց «որբ է, մայր չունի: Ունեցածը հայրն է՝ էն էլ Աստված, էն էլ՝ երկնքում…» (էջ 181): Հողի և երկնքի ամուր կապին թերահավատորեն մոտեցող Արևը որոշում է ուրիշ տեղ փնտրել ճշմարտությունը: Իսկ ձկնորսը, որը Արևի համար իմաստուն էր թվացել, աղջկա՝ Նրան պարտադիր տեսնելու  համառ կամքին ու ցանկությանն արձագանքում  է ոչ պատահական խորհրդով. «Գնալու համար երեք բան է անհրաժեշտ… ճանապարհ, պատճառ և դրամ» (էջ 182): Իհարկե, դրամը չի հասցնի աշխատել, որովհետև «Նրա գալը մի պահ է միայն, գնալը՝ դարեդար: Իսկ փողը երկնքից չի թափվում» (էջ 183): Բայց ամեն կերպ աղջիկն ուզում էր Նրա մոտ տանող ճանապարհի տեղն իմանալ, որին ի պատասխան իրականությանը միտված ձկնորսը պատասխանում է. «Ճամփաները շատ են: Տիեզերքը պայթում է ճամփաների առատությունից, ընտրիր՝ որն ուզում ես: Չնայած խելացիներն ընտրում են ամենաերկարը, որովհետև ինչքան երկար է մարդու ճամփան, այնքան հեռու է վերջը: Այդ իսկ պատճառով մարդու ճամփան երկարում է հողից մինչ երկինք, իսկ մարդկության ճամփան ձգվում է մինչ հավերժություն» (էջ 184):

            Նշենք, որ Սուսաննա Հարությունյանի արձակը, անհատական մտածողության արգասիք լինելով, ազդակներ է ստացել նաև հանրային մտքի բանավիճային ալիքներից:

            Պատահականություն չէ, որ հեղինակը վիպակի հերոսուհուն Արև է անվանակոչել: Եվ հենց Արևն է փնտրում Աստծուն: Անշուշտ, վիպակի դիպաշարը բավականին հետաքրքիր է կառուցված, և կարելի է ենթադրել, որ հեղինակը Աստծուն գտնելու ճանապարհի վերջնական տարբերակը ցույց չի տալիս հերոսին: Այդ ճանապարհն է ուղենշում մարդու կյանքը՝ իրականի ու թվացյալի միջակայքում: Եվ յուրաքանչյուր մարդ պետք է ինքն ընտրի Աստծուն հասնելու ուղին:


[1] Ս. Հարությունյան, Խմբանկար մեռյալներով և անմահներով, Երևան 2013, էջ 156-184 (հետայսու գրքից բերվող մեջբերումների էջերը կնշվեն բնագրին կից):

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *