Գործերը, Պատմվածքներ

Բորոտ դրախտ

Ըստ օրացույցի` օրը շաբաթ էր. արևածագը` առավոտյան ժամը յոթն անց քառասուն րոպեին, ցերեկվա տևողությունը` տասը ժամ, մայրամուտը պիտի գար երեկոյան հինգն անց քառասուն: Լուսինը քսան օրական էր, և ինչպես միշտ` նրա հակառակ երեսը չէր երևում. գուցե այն տգեղ էր, և լուսինը չէր ուզում մարդկանց ահաբեկել: Ինչորէ` տեսած երազը բարի էր, կկատարվեր երեք օրում, իսկ եթե կատարվեր երկու օրում` չար: Եղանակն անձրևային էր, տեղ-տեղ` արևոտ, լեռնային շրջաններում հնարավոր էր բուք: Այն վայրերում, ուր ուխտատեղիներ շատ կան` բարեխառն: Արևի վրա մագնիսկան փոթորիկները հանդարտվել էին, դրանց փոխարինելու էին եկել մագնիսկան լացերը, որից ելնելով էլ` օդի հարաբերական խոնավությունը` բարձր: Մթնոլորտային ճնշումը` կախված Երկնավորի տրամադրությունից: Օրը բարեհաջող էր մեռնելու  կամ նման խոշորամասշտաբ որոնումների համար: Կարելի էր զբաղվել նաև այլ գործերով, բայց դրանց հաջողությունը երաշխավորված չէր: Մեռնողներին` խորհուրդ էր տրվում մեռնել, ապրողներին` խորհուրդ էր տրվում ապրել: Ցանկացած դեպքում` առաջն Աստված:

Այսպիսին էր օրվա համառոտ կենսագրությունը, երբ Երևանի Կոնդ թաղամասում, ուր ծերացած տներն իրար կպած էին, ինչպես սիամական երկվորյակներ, արթնացավ Հրաչը:

Նստեց անկողնում: Հորանջելով նայեց պատից կախված օրացույցի էջին, ուր ծիծաղելի միամտությամբ ու մանրիկ տառերով տպված էին օրվա տևողության, արևի ելումուտի, լուսնի, երազների չար ու բարի լինելու, մթնոլորտային կյանքի մասին տեղեկությունները, կենտրոնացավ երազը մեկնաբանող մասի վրա ու փորձեց մտաբերել, թե ի՞նչ երազ է տեսել: Հագնվեց` միաժամանակ հիշելով երազը` աշնան այգին, բերքի տակ ճկռած ծառերը, և թե ինչպես էր արևը կաթում նրանց կատարներին: Չհասցրեց մենկաբանել տեսածը, աղմուկով ներս վազեց թոռնիկը: Նրա ետևից` երեխային սաստող մայրը: Նրա ետևից` հարսին սաստող տատը:

– Ի՞նչ եք ուզում երեխայից,- չստերը հագնելով` Հրաչը գոռաց կանանց վրա ու գորովանքով կանչեց տղային,- արի, արի պապիի մոտ:

 Կանայք դժկամորեն կանգ առան, ձայները կտրեցին: Հաղթանակից ոգևորված` երեխան գրապահարանի դարակը դատարկեց գետնին, գտավ ինչ-որ տետր, շուռումուռ տվեց էջերը, բան չհասկացավ ու կազմից բռնած` բերեց. «Պապի էս ի՞նչ է»: Հրաչը վերցրեց տետրը. տղայի բարձրագույն մաթմատիկայի տետրն էր. թերթեց` գրած, ջնջած, կրճատած… մի էջ, երկու, տասը… մի տետր` լուծած, լուծած ու վերջում` հավասար է զերոյի:

–  Սա՞, բալես,- շոյեց թոռան գլուխը,- սա կյանքն է… երբ քեզ կոտորելով կանոն ու բանաձև ես անգիր անում, ժամանակ կորցնում, կյանքի հանելուկները լուծելով ապրում ես մի տարի, երկու, քսան, հարյուր ու վերջում պատասխանը` հավասար է զերոյի:

Քամին դռան առաջ քարութուփ էր լցրել, ինչպես ալիքն է փոթորկից հետո սատկած ձկներ նետում ափ:

Հրաչը ոտքով մի կողմ տարավ քարերը.

– Արի շեմն ավլի,- ներսից կանչեց կնոջն ու գնաց:

– Ո՞ւր,- ձայնեց կինը նրա ետևից:

– Սևան:

— Բա սա լճի եղանա՞կ է: էս աշուն օրով… թոքաբորբ ես շալակելու,- ավելը ձեռքին` դեպի դուռը շտապեց կինը:

– Ես հո՞ գիԺ չեմ, որ էս եղանակին լողամ,- արդեն դրսում արդարացավ Հրաչը,- գնում եմ դելֆին տեսնելու:

Բակում հարևան վարորդը պատրաստվում էր նրան տեղ տանել ու մեքենայի հայելուց կախված աչքի ուլունքն ուղղել, չորսբոլորը փակցված Տիրամոր պատկերն ու հայտնի դերասանուհիների կիսամերկ նկարներն էր կարգի բերում.

– Ի՞նչ դելֆին,- հարցրեց զարմացած ու կիսամերկ դերասնուհիներից հայացքը չկտրելով:

– Բա չե՞ս իմացել, Սևանա լիճ դելֆին են բերել բաց թողել:

– Հորս արև..․- վարորդը ծիծաղելով շարունակեց նկարների տեղերը փոխփխել,- էս ինչքան խելռածներ կան աշխարհում: Դել‎ֆին… չէ մի չէ` շնաձուկ:

– Շուկայուն եմ լսել:

Հարևանը բաց պորտով ինչ-որ շիկահերի նկար ներքևից բարձրացրեց վեր, ապա մեքենայի գրպանիկից հանեց կեղտոտ լաթի մի կտոր, սրբեց ապակու, հայելու, մերկ դերասանուհիների ու Տիրամոր վրայի փոշին, ինքնագոհ ասաց` ըհը, ու ավելացրեց.

– Հոգուդ հետ են խաղացել, էդ ինչո՞վ պիտի բերեին:

– Ակվարիում-ինքնաթիռով… շուկայում ականջովս եմ լսել:

-Էն էլ շուկայում…- կասկածեց մինչ այդ լուռ կինը,- ուրիշ բան`  ռադիոյով լսած լինեիր:

– Աշխարհի բոլոր ճշմարտություններն էլ շուկաներում են ասվում, խաժամուժի ժխորի մեջ, դրա համար էլ մնում են անլսելի:

– Միակ արթուն ականջը դու էիր,- ծիծաղը թաքցնելով` կինն ավլեց քամու բերած քար ու փոշին:

– Այ ցավդ տանեմ, անցյալ տարի մեկը Սևանից երեք կիլանոց ձուկ էր բռնել, հեռուստացույցով ցույց տվեցին որպես հերոսություն, դաժե ուզում էին Գինեսի գրքում գրանցել տալ, Սևանում դելֆին որտեղի՞ց,- սառը դատեց  վարորդ հարևանը:

– …Բերել են: Եվրոպայից: Ակվարիում-ինքնաթռով,- չէր հանձնվում Հրաչը:

– Չէ,- պնդեց հարևանը,- էդպիսի բան որ լիներ, հիմա քաղաքը թնդում էր, ոչ թե քո անձնական գաղտնիքն էր: Փա՜հ,- դեռ զարմանում էր վարորդը,- դել‎ֆին… չէմիչէ` կետ:

– Դել‎ֆին… չէ մի չէ` ջրահարս,- զարմանքին զուգահեռ մեծանում էր նաև կնոջ երևակայությունը:

– Ա՛յ,- մատը նրա կնոջ կողմը տնկեց հարևանը,- մեռնեմ խելքիդ: Եվրոպային գլխի գցիր,- ծաղրեց Հրաչին,- ծախս անելուց հետո, թող ջրահարս բերեն, թե չէ` դելֆ‎ին… խելք հավաքի, խե՜լք… էս երկրում ռուս կա, ամերիկացի կա, եվրոպացի կա, դաժե նեգր կա, բայց ըտենց բանե՞ր… խելք հավաքի:

Հրաչը լռեց, ձեռքերը գրպանները խոթած` մի քանի րոպե  կենտրոնացած նայեց ցած` սեփական ոտնաթաթերին, մտքերի մեջ ընկավ, ապա դարձավ հարևանին.

– Կարո՞ղ է իմանաս` ջրահարսերը ոնց են բազմանում, իկրա՞ են դնում, թե՞ մարդու նման:

Նրա կինը հանկարծակի դադարեց ավլելը, կտրուկ ուղղվեց ու զայրույթից ավելը նետեց իր ավլած քար ու փոշու մեջ.

– Հլա տես` խելքն ինչին է տվել… Քո դնջության վրա զարմանում եմ: Ուրեմն դու էլ ուրիշ ցավ ու դարդ չունես, ուրեմն քո դարդը մենակ ջրահարսերի բազմանալն է: Հանգիստ եղիր, Հրաչ տղա, քո օգնությունը էդ հարցում հաստատ պետք չի գա, ջրահարսերի սերունդը բարելավող կգտնվի, քո նմանը էդ հրաշք ձկնեղենի ինչի՞ն է պետք որ…

– Պա՛հ,- ավելի շատ հարևանի ներկայությունից, քան  ասվածից վիրավորվեց Հրաչը,- ի՞նչս է պակաս: Մոռացե՞լ ես, անցյալ տարի երկու նկար վերնիսաժում վաճառեցի, մեկը տարան Ամերիկա, մյուսը` Հալեպ: Հիմա եկել, ուրանում ես:

Մեքենայի քթամասին թքելով ու քրջի կտորով փայլեցնելով`

– Հանճարը ե՞րբ է գնահատվել որ…- լուրջ-լուրջ մրթմրթաց վարորդը:

– Ասա, է՜, ասա,- հուզվեց Հրաչը:

– Ասում եմ, էլի,- վարորդը կռացավ ու նույն քրջով պլպլացրեց սեփական կոշիկները,- դու հլա լավ ես պրծել, մի ժամանակ դրանց այրում էին խարուկի վրա:

-Այրվելը սրա համեմատ փառք է,- Հրաչը քմծիծաղով ցույց տվեց կնոջը:

-… Ամերիկա չէ, ուզում է Մարս տարած լինեն… Քանի՞ կոպեկ արժի… բա էլ հայր ունեցողը չունեցողից ինչո՞վ պիտի տարբերվի, եթե տղայիդ բանակի քեֆին մի սեղան էլ չգցես,- կատակից վիրավորված` ավելի ոգևորվեց նրա կինը,- Ուրեմն խնամիս գա ու սեղանիս մի շիշ օղի չլինի՞, որ ասի բարի ճանապարհ: Հը՞: էդ երեսով էլ հողեղեն կանանց հարցերը լուծեցիր, անցար ձկնեղեններին, էդտեղից էլ կամաց-կամաց կելնես երկինք` հրեղեններին նվաճելու:

– Բայց ո՞վ  նվաճելու անուն տվեց,- հանգիստ ու անտարբեր զարմացավ Հրաչը,- պարզ գիտական հետաքրքրասիրություն է… օրինակ դու գիտե՞ս` ոնց են բազմանում:

  – Քո ի՞նչ գործն է, թե ո՞նց կբազմանա ուրիշի ձուկ-կնիկը,- ամուսնու հանգստությունը գրգռեց կնոջն ու նա բարձրացրեց ձայնը,- կամուսնանա՛, գողություն կանի՛, բոզություն կանի, որ մտքին դնի`  մի ձևի կբազմանա, էդ ցա՞վն էլ են քեզ տվել:

… Պատերազմը հլա մի կարգին չի էլ ավարտվել, սահմանի վրա օրական մարդ են խփում… իսկ սահման հսկելը ոստիկանական խաղ չէ. էնտեղ կրակում են առանց զգուշացնելու, բա որ գնա ու չգա՞,- դեռևս ողջ զավակի վրա լաց եղավ կինը:

– Բա: Բա որ գնա ու չգա՞… արժի դրա համար քեֆ անել,- տարակուսեց Հրաչը:

Կինը պնդում էր, որ արժի: Նա թևը պարզել էր թոռան կողմը, որը մարմինը դռան ետևում թողած` գլուխն հանել էր դուրս ու մեծերին էր նայում.

–  Բա էս մի մատ երեխան իր հորը ո՞նց հիշի` դուռը սուսուփուս փակեց ու գնա՞ց: Գնաց ու չեկա՞վ: Ո՛չ: Նա պիտի հիշի, որ իր հերը ուրախ գնաց` ուտել-խմելով, պարել-երգելով…. էդպես պիտի հիշի, որ ինքնավստահ մեծանա:

–  Թող գնա, ծառայի, գա: Ոչ մի բան էլ չի լինի: Ես մահվանը չհավատացող մարդ եմ:

–  Ես էլ, բայց այլ բան է մահն առհասարակ, այլ բան` քո որդու մահը… բա քո ապրելը էլ քանի՞ կոպեկ արժի: Գոնե մի հինգ հազար ճարի, հա,- կինը ճպճպացրեց աչքերն ու մեն մի կաթիլ արցունք հանեց,- բա էրեխուս հանեմ դուրս ու դուռը ետևից փակե՞մ: Բա էլ գիշերները ո՞նց կքնեմ… կամ դու ո՞նց կքնես:

Ամուսինը նրա հետ համաձայն էր. սովետական տարիները լինեին` սեղան կգցեին, հարազատ-բարեկամ կգային, կուտեին, կխմեին… նաև շփման առիթ էր. կզրուցեին, քե‎ֆ-հալ կհարցնեին, բայց որ հնարավոր չէր, ի՞նչ աներ.

–  Որտեղի՞ց…Գնամ գողությո՞ւն անեմ, թե՞ մարդ սպանեմ: Մորս հետ կռիվ տուր, որ ինձ ոչ թագաժառանգ է ծնել, ոչ էլ նարկաբարոն: Ի՞նչ անեմ,- խեղճացավ Հրաչը:

–  Ես գիտեմ` ինչ անես,- կինը մոռացավ լացը, գործնական մարդու կեցվածքով նրա թևից քաշեց, մտցրեց ներս, համարյա ուժով տարավ պահարանի մոտ, առանց ամուսնու թթված դեմքին ուշադրություն դարձնելու, պահարանից հանեց ու սկսեց նրա դեմքի հետ հարմարեցնել` սկզբում` վերնաշապիկները, ապա վերնաշապիկին` փողկապները: Չափում էր, տնտղում, գույն ու ձև հարմարեցնում, հին ու նոր ջոկջկում և առանց գործից կտրվելու խոսում,- երեկ եմ իմացել… «Լուրերով»: Քո դասընկեր Վարդանին հիշո՞ւմ ես, էն, որ մարդ էր խփել ու մեր տանը վեց ամիս թաքնված մնաց: Միամիտ եղանակի տեսությանն էի սպասում, մեկ էլ տեսնեմ  դրան են ցույց տալիս: Նշանակել են միջազգային ծրագրերի կոորդինատոր: Գնա ու աշխատանք ուզիր: Լավ տղա էր երևում, անաղուհաց չի լինի, քո լավությունը կհիշի: Կհիշի, որ դու չթաքցնեիր իրեն, հլա սովետական տարիներից, սիբիրներում փտած կլիներ: Գնա՛, կօգնի:

–  Հիմա ես գնա՞մ, թե՞ սպասեմ,- դրսից կանչեց վարորդ հարևանը:

–  Գնա՛, գնա՛,- ձայնեց կինը,- գնա քո գործերով:

Հեռացող մեքենայի աղմուկը իր հետ տարավ Հրաչի` դել‎ֆին տեսնելու երազանքը, ու նա, ինչպես միշտ, կյանքի առաջ դարձյալ խեղճացավ.

–  Քանի՜ տարի` չենք տեսնվել: Հիմա գնամ` ի՞նչ ասեմ,- վիզը կնոջ հագցրած փողկապի մեջ անօգնական  ձգեց, դժգոհեց Հրաչը: Կինը վիզը ետ գցած նայեց ամուսնու դեմքին, փողկապին, ուսին գցած վերնաշապիկին, մտածեց, որ ընտրությունը ճիշտ է.

–  Որ հանդիպեք, խոսակցությունն ինքնիրեն կստացվի:

Այդ պահին եղանակը լրջացավ, մթամած ամպեր կուտակվեցին, երկինքն ափերից մգվեց, ծանծաղացավ, մամռակալեց. ապա սկսեց կայծակներով ինքնախարազանել, կրակե հարվածներով պատռտել մեջքը: Արյան փոխարեն անձրև թափվեց:

–  էսպիսի եղանակին ո՞ւր գնաս,- նեղսրտեց Հրաչը,- մեկի մոտ, որին քսան տարի չես տեսել ու` դեղին փողկապով, տասնհինգ տարվա վաղեմության կոստյումով, համարյա անհնար խնդրանքով,- հագուստները նետեց բազմոցին ու խռոված կանգնեց նկարակալի առջև: Մի քայլ ետ գնաց, վիզը ետ գցած զննեց նկարը, նորից մոտեցավ, մոտիկից զննեց:

Իր պլանը ձախողված տեսնելով` կինը կատաղեց:

–  Հերիք է, հինգ ամիս է մորաքրոջդ ես նկարում: Իմաստ ունի՞ մի սմքած պառավի վրա էդքան ժամանակ ծախսել:

–  Հենց ներկեր առա, լուսապսակը կնակարեմ, կդառնա Տիրամայր,- խոստացավ Հրաչը:

–  Ի՞նչ իմաստ ունի Տիրամայր նկարելը… ոչ մարդիկ են գնահատում, ոչ էլ հենց իրենք` տիրամայրերը… էլ չասած, որ սոված փորում հոգի չկա: Իսկ եթե հոգի չկա, Տիրամոր կարիք էլ չկա: Ավելի լավ է Մասիսներ նկարես, սփյուռքահայերը լավ գին են տալիս: Երեկ նույնիսկ մեկը զանգահարել ու հարցնում էր` Մասիսներ ունե՞ք,- խաբեց` ամուսնուն ոգևորելու համար:

–  Սփյուռքահայերն էլ հետաքրքիր են,- մրթմրթաց Հրաչը,- իմաստ ունի՞ էդքան Մասիսներ գնել… դա էլ հոգեկան օնանիզմի տեսակ է,- նա նկարակալի մոտից վերցրեց երեկչէառաջինօրվա սուրճի բաժակն ու գնաց խոհանոց,- Մի ձեռքով կորցրած Մասիսներն ենք գնում, մյուսով վաճառում ենք մնացած լեռները: Մենակ հայը էդպիսի բան կանի,- ասաց կնոջ կողքով անցնելիս:

–  Որ սուրճ լինի` լա՞վ է,- սպանող հանգստությամբ նետեց կինը: Նա ձգվեց դեպի խոհանոցի բաց դուռը ու գոռաց ամուսնու ետևից,- խանութները էլ մեզ պարտքով բան չեն տալիս:

–  Հավանաբար սխալ չեն անում,- Հրաչը դեռ խոսում էր մասիսների մասին,- մի կտավ պահելն ավելի հեշտ է, քան  լեռն ամբողջությամբ:

Խոհանոցի դարակում իրոք սուրճ չկար: Բայց Հրաչն ուզում էր: Նաև ուզում էր ապացուցած լինել, որ կինը սխալ է: Նա վերցրեց երեկ չէ առաջին օրվանից մնացած սուրճի բաժակը, որի տակ նստվածքն արդեն չորացել էր: Դանակի ծայրով փորեց բաժակի տակի չորացած նստվածքը, դատարկեց ջազվեի մեջ, ջուր ավելացրեց: Արտաքին տեսքից վատ սուրճ չէր: Բաժակը հանդիսավոր բռնած` Հրաչը մտավ սենյակ.

–  Նորմալ մարդկանց համար միշտ և ամենուր ամեն ինչ էլ ճարվում է,- ասաց մի կում ‎‎ֆռթացնելով:

–  Էգոիստ,- նույն հանգստությամբ նետեց կինը:

 Որպեսզի ցույց տա, որ կինն անտանելի է. նա շրխկոցով սեղանին դրեց սուրճի բաժակը, փնչացնելով հագավ կնոջ ջոկջկած պիջակ-փողկապը ու կուրծքը տրորելով դուրս եկավ. «Այ էսպես, ծվեն-ծվեն, դանդաղ ու ամեն օր, ամեն  վայրկյան` կին ու երեխա, ծնող ու հայրենիք պոկռտում են` նյարդ, առողջություն, հպարտություն, ժամանակ` հասցնում մահվան: Բայց ոչ ոք չի ընդունի, որ` իր մեղքով, բժշկական փաստաթղթերում կգրեն տարածված մի բան, ասենք, սիրտ-անոթային կամ լեղաքարային մի հիվանդություն ու` վերջ»:

Սառուցյալ օվկիանոսի հալվելն այլևս առասպել չէր. գիտնականները զգուշացնում էին` շուտով: Կհասնե՞ր արդյոք հալոցքը Հայաստան, կհերիքե՞ր այն մի նոր ջրհեղեղի, ի՞նչ կմնար այս ջրհեղեղից հետո` մի Նո՞յ ու մի տապա՞ն, թե՞ Տիրոջ զայրույթի ջրերն այս անգամ ավելի հեռուն կգնան: Այս հարցն էր մտքում, երբ ջրափոսերի վրայով թռչկոտելով` քայլում էր դեպի ընկերոջ տուն:

Ընկերոջ աղջկա հարսանիքն էր: Տունը զարդարված էր փուչիկ ու ժապավենով, լույսերով: Սեղանները լի, հյուրերը` խնամված վերնախավ: Այդ տարի կյանքը խամրած էր, ու որպեսզի բնական հավասարակշռությունը պահպահնվեր, փայլուն ու պլպլան բաներն էին մոդա: Կանայք նման էին անճաշակ երեխայի զարդարած տոնածառի` ինչքան պլպլան քար ու փայլուն մետաղ կար՝ ծեփծփել էին ականջներին, մատներին, վզին ու շորերին: Տղամարդիկ բավարարվել էիմ մատի հաստությամբ վզի շղթաներով, համեղ բաներից ճարպակալած փորերով, զանգվածեղ ոսկյա մատանիներով: Երբ Հրաչը ներս մտավ, մի կուշտ արու, ոտից գլուխ ոսկյա շղթաներով իրեն պատած, հայրենիքի կենացն էր խմում: Դժվար էր կռահել` ի՞նչ էր ասել մինչ այդ, բայց մտնելու պահին Հրաչի երազի աշունն էր գովերգում.

Իմ ծիրանի ծառեր,

Աքլորների նման կատարներդ  կարմիր,

Մատ ու եղունգ ոսկի, իմ ծիրանի ծառեր,

Արարտյան հավերժության միջից`

Ես ձեր ցավը տանեմ:

… Ու «ցավը տանելու» պահին մատներով շրխկացրեց երաժիշտների կողմը, որոնք  պարեղանակ նվագեցին:

Վարդանը խմած էր, բայց ճանաչեց նրան: Հին ընկերոջ ու խմած մարդու բարեհոգությամբ պաչպչելով`  տարավ սեղանի մոտ:

– Պոլն է,- ներկայացրեց սեղանակցին,- շվեդ է:- Ապա անգլերենով Պոլին բացատրեց, թե ով է նոր հյուրը: Սպիտակամորթ շվեդը խմիչքից կարմրել ու արևահարվածի տպավորություն էր թողնում: Նա միամիտ ու անկեղծ ժպտաց Հրաչին` ե՜… ե՜…: Հրաչին տարօրինակ թվաց, որ նա շվեդ է, այդպես միամտորեն-անկեղծ ժպտում են միայն իրենց հայրենիքի հզորության մի‎ֆով ներծծված ամերիկացիները.

– Մեր հարսանիքները հավանո՞ւմ եք,-  Նրա պարզած ձեռքը սեղմելով հարցրեց Հրաչը:

– Պոլը շվեդ է,- նորից ասաց ընկերը,- պիտի թարգմանեմ,- ու ասվածը թարգմանեց:

– Անգլերեն էլ գիտե՞ս,- զարմացավ Հրաչը:

– Ապրելու համար ի՞նչ չես անի,- կատակեց Վարդանը:

-Պոլի անգլերեն պատասխանի վրա ընկերը ծիծաղեց.

– Նա ասում է, որ ձեր հարսանիքների ժամանակ դուք նման եք շատակեր երեխաների և երաժշտությունն էլ խլացնելու աստիճան բարձր է:

– Իսկ ի՞նչն է Ձեզ դուր գալիս մեր երկրում,- արևելքցու կոմպլեքս` Հրաչն ուզում էր եվրոպացուց անպայման գովասանք լսել իր հայրենիքի հասցեին, որ մանկական փառասիրությունը շոյվեր:

– Թաղումները,- պատասխանեց Պոլը,- ձեր թաղումները շատ մարդկային են ու հուզիչ: Հավաքվում են բոլորը` հեռու ու մոտիկ, հրաժեշտի խոսքեր ասում, միասին թաղման հոգսը հոգում, հիշում հանգուցյալին, մխիթարում հարազատներին… մեր թաղումները  սառն են` ընտանիքի մի քանի անդամ, մեկ-երկու հարևան-բարեկամ, թաղման բյուրոյից օտար մարդկանց հասցրած ծաղկեպսակ, անլաց հուղարկավորություն… չէ, լավն են ձեր թաղումները, դո՛ւք կարողանում եք արժանապատվորեն թաղել:

– Պոլը խմած է,- ծիծաղելով նույն բանը անգլերեն ու հայերեն ասաց Վարդանը, ապա  հանգիստ թողեցին շվեդին:

– Ո՞նց եք, ցավդ տանեմ… մաման… էրեխեքը… տնեցիք,- նա թևը գցեց Հրաչի ուսով:

– Առանձնապես… ոչինչ… աղջիկս, գիտես, ամուսնացած է, կինս չի աշխատում, Տղաս համալսարանն ավարտեց, բանակ է գնում… այ մարդ էս ի՞նչ դառանք, կյանքը էս ո՞նց այլանդակեց մեզ… բա ես ի՞նչ հայր եմ, մի սեղան էլ չեմ կարողանում գցել, տղայիս բարիճանապարհին: Մամայի մահվան ժամանակ էլի լավ էր` ձեռքս փող կար:

– Մաման… լավ կին էր մաման: Ուրեմն չկա,- Վարդանը հուզված տարուբերեց գլուխն ու բաժակները լցրեց,- ծնողների կենացը. ով կա` առողջություն, ով չկա` հանգստություն,- հոգոց հանելով` խմեց, բաժակը դրեց ցած, թթու կերավ, աղցան, որի խյուսի մեջ միայն եգիպտացորենի դեղին հատիկներն էին պարզ երևում: – ապա շրջվեց նվագողների կողմը,- ծնողների կենացին` տո՜ւո՜ւշ…, ու բռունցքը խփեց սեղանին:

Երաժիշտները սկսեցին ամենաբարձր նոտայից, պատերը ցնցվեցին,  երգիչը ջղաձիգ շարժելով գլուխն ու Սայաթ-Նովայի հերն անիծելով` Սայաթ-նովա երգեց: Չգիտես ինչո՞ւ, Հրաչն իրեն ստորացած ու անհարմար զգաց: Որոշեց ձևացնել, թե ուղղակի շնորհավորելու էր եկել ու վեր կենալ, գնալ: Բայց քաղաքավարությունը պահանջում մի քիչ նստել` գոնե քսան րոպե. «Քսան րոպեն ի՞նչ է… քսան րոպե մարդ դժոխքում էլ կդիման»,- համոզեց ինքն իրեն:

Երաժշտությունը դադարեց, դանակ-պատառաքաղի աղմուկը փոխարինեց երգչի ճչան ձայնին: Թամադան անցավ հաջորդ կենացին: Վարդ‎անը թափանցիկ շերտով կտրած ձկնեղեն հյուրասիրեց.

– Լավ է, լավ` որ տղադ էդքան մեծացել է, ուրեմն արդեն բանակ է գնում: Բա ո՜նց, հայրենիքն զինվորներ են պետք: Մալադե՛ց,- նա ճլըպացնելով պաչեց Հրաչին,- …Հորս արև, էսքան ծախս արած չլինեի, քեզ պարտքով փող կտայի, մենակ զալի ձևավորմանը հինգ հազար դոլար եմ տվել եվրոպացի մի դիզայների:

Հրաչը վիզը ծռեց վեր, տնտղեց առաստաղի, պատերի ձևավորումը, դռան վերևից ձիու պոչի պես խրձով կախած ոսկեզօծ թելերը, փուչիկները.

– Կանչեիր, անվճար ձևավորեի:

– Դու լավ նկարիչ ես, բայց եվրոպացի դիզայներն ուրիշ է:

– Ինչի՞ է ուրիշ. նրա ձեռքի տակ փուչիկը դառնում է պարաշյո՞ւտ, թե՞ տունը դառնում է ապարանք…

Վարդանը բերանը մոտեցրեց ընկերոջ ականջին ու զգուշավոր, ինչպես պետական գաղտնիքն են հայտնում, շշնջաց.

– Առնոլդ Շվարցենեգերի բոլոր հարսանիքների բոլոր դահլիճները ինքն է ձևավորել… Իսկ դու Շվարցենեգերին մենակ կինոյով ես տեսել:

 – Ստուգողն ո՞վ է,- նրա բթության վրա պայթեց Հրաչը,- ես էլ Շառլ Ազնավուրի հարսանիքների դահլիճներն եմ ձևավորել. դե՛ ապացուցիր,- տեսնելով, որ ընկերը նորից է բաժակները լցնում և հասկանալով, որ հաջորդ բաժակից հետո նա կարող էր այլևս ընդունակ չլինել խոսելու, անցավ բուն գործին, – համ էլ փող չեմ ուզում, աշխատանք եմ ուզում: Լսել եմ միջազգային ծրագրերի կոորդինատոր ես:

Ընկերը մտածմունքի մեջ ընկավ, գլուխը քորեց.

– Քեզ հարմար դժվար թե հարմար բան գտնվի: Բոլոր ծարգրերը մարդու իրավունքների պաշտպանության ու ռազմական են, իսկ դու նկարիչ… գոնե իրավաբան լինեիր:

– Մի բան մտածիր,- պնդեց Հրաչը:

Ընկերը մտածելով կոնյակ լցրեց բաժակը, խորաված չալաղաջ դրեց ափսեի մեջ.

– Կեր: Կեր ցավդ տանեմ,- ասաց գորովանքով,- մինչև տեսնեմ` ինչ եմ անում…

Այդ պահին դանդա՜ղ երաժշտության ներքո դահլիճ բերեցին քաղցրավենիքը` սայլակներին փայտե տակառների մեջ աճեցրած արծաթափայլ եղևնիներ, ինչպիսիք կան միայն ազգային ժողովի շենքի բակում: Նրանց ճյուղերից խաղալիքների պես կախված էին շոկոլադի ու խմորեղենի փոքրիկ, փայլուն տուփերը` ոսկեգույն ժապավեններով ծառին ամրացված: Մատուցողները եղևնիները քշում էին սեղանների մոտ, ոսկեգույն մկրատները տալիս էին հյուրերի ձեռքը, ու նրանք ծառից պոկում էին իրենց դուր եկած տուփը: Երբ մատուցողը իր տոնածառով մոտեցավ Հրաչին, նրա սիրտը ծառի գագաթի տուփն ուզեց: Բոյը չհասավ: Նա կանգնեց աթոռին, ձգվեց թաթերի վրա, խըրթ` կտրեց փայլուն թելը: Իջավ: Մկրատը վերադարձրեց մատուցողին, ագահավարի բացեց տուփը… սովորական խորիզով գաթա էր: Ախորժակով կծեց այն և… համն այևս նշանակություն չուներ:

– Միայն մի բան կարող եմ առաջարկել… մի գործարան կա: Գուցե հարմար մի բան գտնենք:

– Գտիր,- ասաց Հրաչը գաթան կուլ տալով,- գործարա՞ն…լավ է,- ուրախացավ իր հայրենիքի հզորությամբ,- ի՞նչ է արտադրում:

– Ռազմական տեխնիկա: Մոդելները, մատերիալը, գաղափարները` ամեն ինչ Եվրոպայից է գալիս, ֆիրմա՛… միայն կատարողներն են մերոնք:

– Տա՞նկ:

– Չէ: Կարի գործ է: Կարելի է ասել` հագուստի դիզայն: Նկարիչ մարդ ես, մի շտրիխ` ասենք գաղտնի գրպան, կամ օղ ու կնոպկա որևէ անհավանական մասում… փախլավայաձև կարեր… համաձա՞ն ես:

– Եվ ի՞նչ պիտի կարեմ` զինվորական համազգե՞ստ:

– Մոտավորապես…- խմիչքից ցրված հայացքով բառը ծամեց ընկերը,- «Մահվան պարկեր»: Զոհված զինվորներին դրանց մեջ են դնում, ուղարկում տուն: Ամեն զինվոր էս գլխից մի հատ ստանում է, դնում վեշմեշոկի մեջ: Աշխատանքը գործարքային է: Վճարը` բարձր:

– Դու էդ ի՞նչ ես ասում։

Վարդանը անզոր տարածեց թևերը․

– Ի՞նչ ասեմ, իմ կարեցածն էդ է:  Քո նման մեկն էլ` ես: Միակ հնրավորությունը էդ է, միայն դրա համար են վճարում: Միանգամից մի մերժիր, մտածիր…. դրական կողմեր էլ կան` գումարը շաբաթականով, գործարքային, չեն խաբում, ժամանակին տալիս են, հնարարվոր են արտասահմանյան գործուղումներ… և այլն և այլն,- վերջին բառերի հետ նա ցուցամատը տնկեց օդ ու մի քանի անգամ պտտացնելով` մատը հեռացրեց իրենից:

Հրաչը սեղանից վերցրեց ընկերոջ արտասահմանայան սիգարետի տուփը, մի քանի անգամ դրանով տկտկացրեց սեղանին, ապա մի հատիկ հանեց: Ընկերը պատրաստակամ մոտեցրեց կրակը: Հրաչը անձայն կպցրեց գլանակը, ծխեց` ծուխը քթից հանելով.

– Դագաղն ինչո՞վ ձեռ չի տալիս որ…

– Նորաձևություն, ախպերս… համ էլ` Հայաստանը կիսաանապատային երկիր է, էդ մի քանի հեկտար ծառն էլ որ կտրենք ու դագաղ սարքենք, բա վաղը մեր երեխեքն ի՞նչ պիտի շնչեն,- ասաց խմիչքից փոքրացած, կուլ գնացած աչքերը նրա վրա չռած։

– Էն էլ հարց է, էդ մի քանի հեկտարը կհերիքի՞,- համաձայնեց Հրաչը, բայց չկարողացավ վիրավորվածությունն ու չարությունը թաքցնել, թունոտ ժպիտը բերանի անկյունից կախ` կատակեց,- Լսել եմ` եվրոպա-ամերիկաները, մեղմ ասած` էդ լուսավորյալ աշխարհը, ինքնամաքրման է գնում: Որոշված է, որ էնտեղ ապրելու են միայն օծված սրբերը, դրա համար էլ սրանից հետո Վալպուրգյան գիշերները պիտի կազմակերպեն մեր կողմերում` Մասիս սարի վրա, մեր ծառերն էլ պիտի կտրեն-տանեն, որ խարույկ վառեն էդ օրերին:

Ընկերը օղու բաժակի մեջ սուզված զեյթունի հատիկը ծամեց, կորիզը թքեց ափսեի մեջ.

– էդ ի՞նչ բան են էդ գիշերները,- հետաքրքրվեց:

– Կարճ ասած` չարքերի ու կախարդների կառնավալ: Մեր ծառերն էլ տանում, վառում են, որ իրենց վհուկները շուրջը թռվռան:

– Լո՞ւրջ,- չհավտալով երկրորդ զեյթունը ծամեց Վարդանը,- ո՞ւմից ես լսել:

– Ցավդ տանեմ,- կիսով չափ հարբած Հրաչը ձեռքը փաղաքշական ճըլըպացրեց ընկերոջ վզին,- կատակ արի: Ինչի՞ ես զարմանում, հիմա դրանք էնքան են շատացել, որ էդ կառնավալը կարելի է կազմակերպել ամեն օր, ու Մասիսից մինչև Հիմալայներ սարերը չեն հերիքի, բլուրներին կկանչեն օգնության,- նա աթոռը գռռացնելով ելավ տեղից,- դե ես գնացի:

Ընկերը փորձեց վեր կենալ, որ նրան ճանապարհի, մի քանի անգամ տարուբերվեց աթոռի վրա և հասկացավ, որ դա անհնար է.

– Մտածիր, խաբար կանես,- ասաց նստած տեղից ձեռքը երկարելով ու լողացող հայացքով հանձնարարեց,- տանեցիքին կբարևես:

– Անպայման,- Հրաչը սեղմեց նրա ձեռքը:

Դուրս եկավ: Գնում ու մտածում էր, մտածում ու պատասխանը չէր գտնում. կհասնի՞ արդյոք հալոցքը Հայստան, կհերիքի՞ այն մի նոր ջրհեղեղի: Ի՞նչ կմնա այս ջրհեղեղից հետո. մի Նո՞յ ու մի տապան, թե՞ տիրոջ զայրույթի ջրերն այս անգամ ավելի հեռուն կգնան:

2005թ․

Ավելացնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *