Այդ շաբաթ Մարատը տեսավ բոլոր մահացած հարազատներին։ Նրանք գալիս էին երազում՝ խոսում էին, կատակում, մտախոհ նայում, փիլիսոփայում. ըստ կենդանության օրոք իրենց կեցության՝ մազերին փչած լաքի հոտով, անթերի արդուկած շալվարով, տխմար շեֆի հետ կապված դժգոհություններով, ծխելը թարգելու համար ծամվող անանուխի թարմացնող հոտով, ընտանեկան կոնֆլիկտներով, նևրոզներով՝ նույնությամբ։ Բայց արթնանալիս մանրամասները ջնջվում էին հիշողությունից, և ընդամենը հիշում էր, որ երազում տեսել է մահացած այսինչ հարազատին։ Ենթադրվում էր, որ նրանք ինչ-որ բան էին հուշում կամ զգուշացնում, բայց իր կյանքում չէր նախատեսվում որևէ փոփոխություն, հանուն որի կարելի էր թողնել այն աշխարհի տիեզերական խաղաղությունն ու երազ գալ։ Ի վերջո նա այդ այցերը դիտեց ընդամենը ոգիների խաղ և շաբաթ երեկոյան, քնելուց առաջ կանգնեց պատշգամբում, ուսի վրայով երեք մեծ գլուխ սոխ շպրտեց դուրս, շշնջալով. «Ահա, վերցրեք ձեր բաժինը և հեռացեք»։ Դա միակ գիշերն էր, որ նրան չայցելեց և ոչ մի հարազատ։
Արթնացավ՝ մտքում խնջույքը, որ պիտի կազմակերպեր ի պատիվ այգու տանձենու հարյուրամյակի, որի ճյուղերը թեև կանաչ էին, բայց ներսն արդեն փտել էր, և երեկոյան ժամերին քամին խռռում էր սնամեջ կեղևի տակ։ Անկողնում ծալապատիկ նստած, աչքերը ճմռելով ու հորանջելով, լրագրի լուսանցքում ճաշացանկ կազմեց։ Հյուրերը բացառապես տղամարդիկ էին լինելու և, համապատասխանաբար, մենյուն էլ պետք է բաղկացած լիներ բացառապես մսեղենից ու ոգելից խմիչքներից: Վերջում մտածեց, որ կարելի է սիրտ հովացնող մի բան, և ավելացրեց՝ սառը ձմերուկ։ Գծիկ դնելով «ձմերուկ» բառի դիմաց, մտովի հաշվեց հյուրերի քանակը և հանկարծ պաղեց։ Նա հիշեց, որ օրերս թեթևսոլիկ հարևանուհին ծննդաբերել և իրենից համառորեն հայրություն է պահանջում, ու խնջույքը տանձենու տակ կարող է ընկալվել որպես ուրախության ցույց հայրանալու առթիվ։ Մտովի ստուգեց՝ որքանո՞վ է հնարավոր, որ ինքը լինի երեխայի հայրը. ճիշտ այնքանով, որքանով լուսադեմին նրա տնից գաղտագողի հեռացող տղամարդկանցից յուրաքանչյուրը։ Բայց խորովածի առաջին ճզզոցի և երգի առաջին ելևէջի հետ, ուզած-չուզած՝ մարդիկ մտածելու են այդ մասին։ Հետաքրքիր է՝ ինչո՞վ է նա այդ լրբի աչքին առանձնացել՝ որպես սերմացու տղամա՞րդ, ումից ամոթ է երեխա չունենալը, թե՞ որպես հիմար, ով խղճի խայթից կարող է զավակ կոչել անգամ գորտին։ Ինչ որ է՝ վարկաբեկիչ է։ Նեղսրտած՝ թղթին շպրտելով խզզացող մատիտը, իջավ անկողնուց։ Միջանցքում դեմ առ դեմ հանդիպեց արծվին։
Արծվի հայացքը պահպանել էր գիշատչությունը: Կտուցը կեռ էր, անկյանք-փայտացած. «Այս կտուցից դուրս թռած վայրի ի՜նչ արյունոտ ճիչեր են պատառոտել օդը…»,- մտածեց կտուցի վրայով մատը սահեցնելով, ապա նայեց մատին նստած փոշու սպիտակ փառին: Երբ արծվի կտուցին արյուն չկա, կարծես թե կազմված է նույն նյութից, ինչ հավի չանչը կամ մարդու եղունգը: Սեփական եղունգներին նայելով ժպտաց: Թռչնի թևերը սարսափազդու բաց էին և ընդգրկում էին ահագին տարածություն, բայց այդ բացվածքը այլևս չէր նշանակում սլացք: Օդի մեջ մի փայլուն թիթեռ վերուվար անելով անհետացավ, ու նա մտածեց, որ եթե խրտվիլակը չտեղափոխի սենյակի արևոտ կողմը, փետուրները կցեցոտվեն, կբսորվեն ու կլցվեն պատվանդանի տակ, և անգամ թեթև քամուց կտարածվեն՝ թռչնի պաղ գիշատչությունը ժառանգաբար փոխանցելով բոլորին: Իր մտքից վախենալով՝ Մարատը որոշեց լվալ թռչնի թևերը։ Օճառո՞վ, թե՞ ուղղակի գոլ ջրով։ Իսկ գուցե ամբողջությա՞մբ՝ բմբուլները օճառելով, գլուխն ու կեռ կտուցը՝ ուղղակի ջրով։ Նա նորից մատը սահեցրեց կտուցի երկայնքով։ Այսպես արևելքի արքաներն էին իրենց հակառակորդների խրտվիլակները դնում պալատներում՝ որպես սեփական հզորության ապացույց և որպես սարսափ անհնազանդ ծառաներին։ Մատի ծայրով խառնշտեց բմբուլները. ասես դիտմամբ նյարդայնացնում էր, ստուգելու՝ որքանո՞վ է խրտվիլակ։ Փոշու թափանցիկ գալարները ծմծմալով տարածվեցին. անպայման օճառով, մտածեց։ Հիմա դժվարը թռչնի թևերի բացվածքի լայնությամբ տաշտ ճարելն էր։ Նա ձեռքը տարավ ծոծրակին՝ թաղում ո՞վ ունի նման հսկա տաշտ։ Աջակողմյան հարևանը, կյանքից չկշտացող մի զառամյալ, ով ամեն առավոտ գոմի դռների մեջ կանգնած, հատ-հատ բռնում է դուրս վազող հավերին ու մատը թռչնի քամակը խոթելով ստուգում՝ կածե՞ն։ Եթե մատը դեմ առավ ձվի, հավին ետ է շպրտում գոմ։ «Գարշելի պառավ,- շփեց վիզը,- բայց մեծ տաշտ ունի։ Հանուն արծվի…»։ Քորեց ծոծրակը, ձեռքը քաշեց ետ։ Նորից քորեց։ Այս անգամ ձեռքը դեպի ծոծրակը տանելիս դիպավ ինչ-որ սառը, մետաղական բանի։ Թեքեց վիզը, որ ստուգի՝ ի՞նչ էր։
– Ձեռքերդ վեր,- ավտոմատի փողը չթողեց, որ շրջվի։
«Գողեր են»,- անցավ մտքով։
– Ես փող չունեմ,- եղավ բնազդային պատասխանը։
– Մեզ քո փողը պետք էլ չի,- խոսողը զենքով բոթեց նրա վիզը,- մենք գողեր չենք։
– Բա ովքե՞ր եք։
– Զինվորներ։
– Զինվորնե՞ր։ Ո՞ւմ զինվորները։
– Հայրենիքի,- հնչեց սառը։
– Ո՞ր հայրենիքի։
– Մեր հայրենիքի։
– Իսկ ո՞րն է ձեր հայրենիքը։
– Ուրեմն չգիտես էլ… ձերբակալված ես, ապո՛ւշ։
– Ինչի՞ համար,- շունչը կտրվեց։
– Դու խախտել ես հայ-թուրքական սահմանը։
– Ե՞րբ։
– Հենց հիմա և հենց այստեղ,- «այստեղ» բառի վրա խոսողը հատու դոփեց հատակը։
– Բայց հենց հիմա ես իմ ճաշասենյակում եմ, դուք էլ ինձ հետ։ Էդ դուք եք խախտել…- զսպած զայրույթից վզերակները ցցվեցին, ձայնը խզվեց։ Փորձեց շրջվել՝ արդյո՞ք ընկերներից մեկի չար կատակը չի։ Ավտոմատի փողը դարձյալ համառորեն կառավարում էր վզի շարժումը, չթողնելով, որ շրջվի։ «Ես ձեր…»,- որոշեց չենթարկվել: Նույն պահին ծանր խզակոթն իջավ ծոծրակին, ողնաշարից կրճոց ելավ։ Մարատը շրմփաց գետնին։ Աչքերի առջև սևացավ, ապա գույնզգույն կետերի քաոսային շարժում, ինչպիսին եղել է տիեզերական մեծ պայթյունից հետո։ Կիսաբաց աչքերով տեսավ, թե ինչպես մուգ արյունը քթից վազեց գորգի կանաչ տերևների ու նրանց արանքում բեկված լույսի դեղին շողի վրա.
– Բայց ես իմ տանն եմ,- շշնջաց։
– Սա այլևս քո տունը չէ։ Սա պետական սահման է։
– Սահմանը երեք գյուղ այն կողմով է անցնում,- բերանքսիվայր փռված արդարանում էր ու մտածում՝ ի՞նչ փոխվեց աշխարհում, երբ ինքը տարված էր խրտվիլակի սանիտարական մաքրությամբ։
– Ոչ բարեկամս,- հակաճառեց զինվորի անհողդողդ ձայնը,- սահմանը հոսել է, առաջացել։ Հիմա անցնում է քո տան միջով։
Թեթևակի բարձրացնելով գլուխը, Մարատը տեսավ բազմաթիվ ոտքեր՝ զինվորական սապոգներով, իր գլխին նշան բռնած ավտոմատների բազմաթիվ փողեր… Ուզեց հագուստի գույնի ու ձևի օգնությամբ կռահել՝ հա՞յ են, թե՞ թուրք, գուցեև ռո՞ւս զինվորի համազգեստ է։ Բան չհասկացավ. աշխարհի բոլոր զինվորներն ունեն նույն համազգեստը, դեմքի նույն արտահայտությունը, նույն կալաշնիկովը և նույն համոզմունքը, որ ծառայում են ամենասուրբ գործին՝ հայրենիքի փրկությանը։
– Առանց հիմարություն անելու, դանդաղ վեր կաց,- հրամայեց իր վրա ուղղված հրացանի փողը։
Մարատը հրամանը կատարեց։
– Հիմա ձեռքերդ վեր, ոտքերդ լայն բացած…- Այս հրամանն էլ կատարեց։ Ինչ-որ մեկի վարժ ձեռքերը ոտից գլուխ շոշափեցին իրեն,- զինված չէ,- հայտարարեցին ձեռքերը։
– Դանդաղ շրջվիր,- նորից պահանջեց ավտոմատի փողը։ Նա շրջվեց ու իր առջև տեսավ զինվորի երկու առողջ, սափրած ծոծրակ։
– Քայլի՛ր…- գոչեց անհողդողդ ձայնը. մի պահ լռություն՝ հրամայողը օդ էր հավաքում թոքերը, ապա թնդաց հրամանը,-…քայլո՜ո՜ո՜վ մա՛րշ։
Դռան մոտ կանգնած զինվորը հատու շարժումով բացեց դուռը։ Սկզբում դուրս եկան դիմացից քայլող առողջ, սափրած ծոծրակները, ապա ինքը, ապա՝ ետևից եկող զինվորները։
Բաժանարար զոլավոր սյուներ, փշալարեր, փշալարերի միջով վնգացող էլեկտրական հոսանք, սահմանի անդորրը հսկող սահմանապահներ, զինվորական դիտակետեր, հեռադիտակն անքնությունից արնակալած աչքերին սեղմած արթուն ժամապահներ՝ այս ամենն անցնում էր բակի միջով։ Նա ցավով նայեց այգուն, որ մնացել էր սահմանից այն կողմ: Տեղ-տեղ ծառերից կաթկթում էին մրգերը։ Խնձորները ցնցվում էին ծառի վրա, քամին ոլորում էր նրանց վզերը, թափով շոպռկում ճյուղերից ու ցփնում կանաչներին։ Խնձորները խուլ աղմուկով թմփում էին ցած, զարնվում գետնին։ Բարակ կեղևը ճաքում էր, ճաքից շիրա էր ծորում՝ թացացնելով ընկած տեղը։ Զինվորները խնձորների վրա գայթելով քայլում էին խոտերի միջով։ Մեկ-երկուսը հենց նոր ընկած մրգերի մեջ նկատում էին հյութեղ, հասուն խնձորներ, վերցնում, փորի վրա մաքրում ու ճթթոցով կծում էին։
Վարդի թփերի տակ փոքրիկ սեղան էր դրված։ Մի զինվոր թփերի մեջ հայելու կտորը հարմարեցրել, սափրվում էր։ Քիչ այն կողմ, սալորենու տակ, անձրևներից գունաթափ ու փտած շան բունն էր, որի մոտ թուլումուլ ընկած էր շղթան։ Շա՞նն էլ… Լավ է. հավանոցն անվնաս է, չնայած օրվա այս ժամին սագերն արդեն կռկռալիս պիտի լինեին։ Մորթել են։ Զինվորի համար կա՞ ավելի լավ սնունդ, քան թշնամու սագը։ Հնդկահավերն էլ։ ճտերին չեն ուտի։ Շատ են լխպոր։ Բայց չեն էլ խնայի՝ կհարամեն, ուղղակի կտրորեն և վերջ։ Լավ արեց, որ այս տարի հորթ չառավ։ Թշնամու անարգ ատամների համար հորթի մատղաշ միսը մեծ պատիվ կլիներ։ Նորից ետ նայեց՝ փշալարերից այն կողմ սափրվող զինվորին. այդպես չի լինում, թշնամիները պիտի իրար սպանեն, իսկ սրանք թույլ են տալիս սափրվել։ Կտրուկ կանգ առավ։
– Առա՛ջ,- բոթեց ետևից եկողը,- կկրակեմ։
– Գլխի ընկա,- ծիծաղեց Մարատը,- ֆիլմ եք նկարում։ Ինձ բան չեք ասել, որ սարսափս բնական լինի։
– Հա, դու էլ Ալեն Դելոնն ես,- ետևից խփեցին մեջքին,- քայլի՛ր։
– Բա ինչի՞ չեք կրակում։ Կես մետրի վրա թշնամին է և սափրվում է։
– Պայմանական խաղաղություն։ Զինադարար մինչև երեկո, որից հետո պատերազմը կվերսկսվի։
– Խեղճ տղա,- նա նորից ետ նայեց սափրվող զինվորին, որը հեռվից արդեն հազիվ էր երևում,- փաստորեն սափրվում է, որ մահվանը քաղաքավարի դիմավորի։
Ետևից եկողը նորից խզակոթով բոթեց.
– Զգուշացրել եմ չէ՞… ոչ մի ծպտուն…
Նա կախ գցեց ոտքը ինչ-որ բան հասկանալու համար, բայց թիկունքից հրեցին՝ արա՛գ, արա՛գ, տեղավորեցին մետաղական հաստ կողերով ոստիկանական մեքենայում։ Մեքենան շարժվեց։ Ուրցի թունդ հոտից հասկացավ, որ ուխտատեղի մոտ են։ Փոքրիկ պատուհանից նայեց դուրս։ Այստեղ ևս թեժ պատերազմ էր. կրակոցներ, արյուն, հրամաններ, կարեկից դեմքերով գթության քույրեր։ Սահմանը տեղաշարժվել և հիմա անցնում էր ուղիղ ուխտատեղի մեջտեղով։ Անցնող տանկերի թրթուրները այնպես էին կռթկռթացնում, ծամում-թափում չոր հողը, որ նրանց հզորությունը կասկած չէր հարուցում։ Մնում էր սպասել ու տեսնել, թե տանկերը որտեղ են կանգ առնելու, ինչ զինվորներ են ցած թափվելու դրանց կլոր երախներից։
Տանկերի ետևից գնում էր նոր, փոշուց դեռևս չկեղտոտված կողերով բեռնատար, որի թափքին զվարթ զինվորները դրոշակի փոխարեն ցուցադրաբար գրկել էին ազնիվ մետաղից ձուլված խաչը։ Բեռնատարի հաստ անիվների տակ բզորված հողը ծամծմվում, թռչում էր աջ ու ձախ։ Զինվորները իրար հրմշտելով ցած թռան թափքից ու խաչը գրկած շարժվեցին ուխտատեղի, որը դարերի ընթացքում այլասերվել էր՝ երբեմն հայ էր, երբեմն թուրք, երբեմն Քրիստոս էր, երբեմն Մուհամմեդ…
Զինվորները գալիս էին երկու կողմից էլ. եկեղեցու աջ կողմից՝ ռուսական տանկերը, որոնք առայժմ նշանակում էին հայերի հզորությունը և բերում էին գրիգորյան ոսկեջրած խաչը, և ձախից՝ դարձյալ ռուսական տանկերը, որոնք ըստ էության նշանակում էին թուրքերի հզորությունը և բերում էին արծաթագույն կիսալուսինը։ Մեքենաներին ուղեկցում էին զինված շարասյուններ, ուր զինվորները բոլորն էլ նոր հագուստներով էին, որովհետև ուղեկցում էին սրբությունը և իրենց տեսքը պետք է լիներ պահին վայել։
Նա նայում էր ու դեռևս չէր կռահում, թե վաղը ո՞ր երկրի թերթերը կգրեն հաղթանակի մասին, որովհետև մեկ թուրքերն էին հանում, դեն նետում գրիգորյան խաչը, փոխարենը տեղադրելով ազնիվ մետաղից ձուլված լուսնի մահիկը, մեկ հայ զինվորներն էին դեն նետում մահիկը, և փոխարենը եկեղեցու գագաթին շողշողում էր գրիգորյան խաչը։
Զինվորները բարձրանում էին երկու կողմից էլ։ Լսվում էին կրակոցներ: Ընկնում էին երկու կողմից էլ: Զանգակատանն արդեն մարդիկ կային: Մարդկանց մեջ շողշողում էին թուրքական լուսնի մահիկը և հայկական գրիգորյան խաչը։ Մահիկն ու խաչը մեկ սահում էին առաջ, մեկ լողում ետ, ապա ջրասույզ լինում, դուրս գալիս այլ տեղից։ Զինվորները ձեռնամարտի էին բռնվել. մի հայ թուրք սպանեց զանգակատանը, մի թուրք էլ նրան սպանեց… Աղմուկը չէր դադարում, ընկնող զինվորի ձեռքից նրա զինակիցը խլում էր խաչը կամ մահիկը ու մղվում առաջ… Մի պահ թվաց՝ թուրքերը հաղթեցին, ևս մի քայլ, և կիսալուսինը կհայտնվի եկեղեցու գագաթին։ Բայց մի հայ զինվոր մահիկը խլելով՝ նետեց հեռու։ Մի թուրք կտրեց նրա կոկորդը՝ ետ խլելով մահիկը. պայքարն իրոք դաժան էր, որովհետև խոսքը սրբության մասին էր, և պարտությունը նշանակելու էր սեփական աստծո պարտություն։ Բոլոր կողմերից գալիս էր նոր համալրում, ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։ Մարատը փոքրիկ պատուհանից մարտն էր դիտում. դեռ երկար կտևի մինչև պարզվի, թե որ երկրի թերթերը կփառաբանեն սեփական բանակը, դեռ երկար կտևի մինչև ուխտատեղի գլխին փայլփլա որևէ խորհրդանիշ, իսկ այդ ընթացքում ինքը մենակ էր, չկար ոչ մի աստված, չկար մեկը, որին կարելի էր ապավինել ու աղոթել։
Անիվների տակից թանձր փոշի հանելով, մեքենան գնում էր դեղին կավահողի վրայով։ Մոտակայքում ռումբ պայթեց՝ բզիկ-բզիկ արեց ճանապարհը, նետեց դեսուդեն։ Հողի ծվենները թռվռացին, բզզացին օդում, ապա թափվեցին ցած և նրանցից միայն մշուշ ու ամպ մնաց։ Մեքենայի առաջ, հենց ճամփի մեջտեղը մեծ փոս բացվեց, որը մութ փոշի էր ծխում, ինչպես հենց նոր արթնացած հրաբուխ՝ դեռ ծմրկտում էր, հազալ-քխկալով թոքերը մաքրում. թվում էր հողի ներսը եռք է ընկել, սկզբում ծուխ է փռփշտում, հետո՝ հետո բոց ու լավան կժայթքի։ «Վայ քու…- բղավեց վարորդը,- շան բախտ ունենք, հեշտ պրծանք»։ Սապատավոր բլուրների արանքում մեքենան կանգ առավ։ Զինվորները ցած թափվեցին մեքենայից, հավաքվեցին իրար գլխի, գոռգոռալով խոսեցին, կարծիքներ փոխանակեցին ճանապարհը շարունակելու մասին։ Բառերը չէին լսվում։ Մարատի շշմած, ընդարմացած ուղեղին մի միալար գվվոց էր հասնում։ Մինչև մեկը շրջվեց մեքենայի կողմը ու հարցրեց.
– Բա սրան ի՞նչ անենք։
– Խփենք՝ էլ ի՞նչ, հո հետներս քարշ չենք տա։
Գերուն իջեցրին մեքենայից.
– Փաստաթղթերդ։
– Տանն են։
– Փաստաթղթե՛րդ,- ավելի կտրուկ գոռաց հարցնողը,- անձնագի՛րդ։
– Տանն են, գնա՞մ-բերեմ։
– Հիմար մի ձևացիր։ Դրանք պիտի միշտ հետդ լինեն։ Փաստաթղթե՛րդ։ Ազգությո՛ւնդ։ Շուտ, ասա՝ ո՞վ ես, հա՞յ ես, թե թուրք։
– …
– Ժամանակ չունենք։ Շուտ պատասխանիր՝ հա՞յ ես, թե թուրք,- կատաղած՝ կալաշնիկովը դեմ էին տվել կրծքին:
Նա դանդաղ թեքեց գլուխն ու ուսի վրայով նայեց. տեսնես ովքե՞ր են սահմանից այս կողմ եղողները և ովքեր՝ այն, ի՞նչ է նշանակում այս փշալարե սահմանը, ի՞նչ պատերազմ է սա, որ առանց իմաց տալու ներխուժել է կյանք, ի՞նչ սահման է սա՝ հայ-թուրքակա՞ն, ռուս-վրացակա՞ն, հայ-պարսկակա՞ն… Հայացքը հակած սեփական կրծքին՝ կամացուկ հարցրեց.
– Ուզում եք ո՞վ լինեմ։
– Սա խորամանկ հայ է,- ասաց վարորդը,- իսկ հայերեն գիտե՞ս։
– Գիտեմ։
– Կարո՞ղ ես հայերեն ասել՝ ես Անդրանիկի մերը…- ու թուրքերեն այլանդակ հայհոյեց,- տես հա՜,- չարաճճի նայեց,- տես հա՝ ես էլ հայերեն գիտեմ։
– Ես Անդրանիկի մերը…- Մարատը հայհոյանքը թարգմանեց հայերեն։ Զինվորները տարակուսած իրար նայեցին։ Մարատը մտածեց, որ վատ է հայհոյել ու ավելացրեց,- տո՛ Անդրանիկի մե՛րն էլ… հե՛րն էլ… քեռու կնիկն էլ…
Զինվորներից մեկը զարմանքից սուլեց.
– Լա՜վ էլ հայերեն գիտի։ Խփենք թող գնա՝ հայ է։
– Բայց ես հայհոյեցի Անդրանիկին։ Ես ոնց կարող եմ հայ լինել։ Ուղղակի նրանց հետ Սադախլուում առևտուր եմ արել, որոշ բառեր սովորել եմ։
– Խփե՛լ, խփե՛լ- շուտասելուկի պես կրկնեց ավագը,- կասկած չունեմ՝ խորամանկ հայ ես՝ Անդրանիկին էլ կհայհոյես, Քրիստոսին էլ, մենակ կաշիդ պրծացնես, իսկ հենց պրծար… Քո նմաններին շա՜տ ենք տեսել։ Խփե՛լ։
Կողքին կանգնած զինվորը ավտոմատով ցույց տվեց դիմացի բարձր քարը.
– Գնա կանգնիր էնտեղ։
Բայց նա, որ բարձրահասակ էր ու գագաթից ճաղատ, ըմբոստացավ.
– Ոնց թե՝ խփենք։ Նրանք մեր գյուղերը գրավեն, իսկ մենք խփե՞նք. էդպես կարճ ու կոնկրե՞տ։ Երբեք չես իմանա՝ մեր գնացա՞ծ տեղն է ավելի լավը, թե՞ մնացած. նրան տանջել է պետք:
– Ծեծելով սատկացրեք, շպրտեք սահմանից էն կողմ, թող իմանան…
Մարատը վախեցած նայեց երկտակ, հաստ փշալարին, որ քաշել էին իրենց գյուղի դաշտերով, ու մեջքին զգաց զինվորական սապոգի հարվածը։ Եվ դարձյալ ողնաշարից կրճոց ելավ ու բերանքսիվայր փռվեց՝ գլուխը խփելով տաք հողին։
Զինվոր Հայկը մանկուց վախենում էր մթից ու հիմա ավտոմատը գրկած, զգաստ ու սթափ սահմանի երկայնքով գնալ-գալիս մտքում աղաչում էր՝ գոնե մի բու, մոծակ, մի քար գլորվի… համաձայն էր անգամ օձի. մի շարժում, որ մութն էսքան մեռելային չլիներ։ Երբ զինվորական կանոնավոր քայլքով հասնում էր սահմանի վերջը, քիթ քթի հանդիպում սեփական տարածքը հսկող մեկ այլ զինվորի, պատվի առնում, ետ շրջվում ու քայլում հսկողության գոտու մյուս ծայրը, երջանկության ու թեթևության զգացում էր իջնում վրան: Թեև չէին խոսում իրար հանդիպելիս, թեև չոր-չոր, կտրուկ շարժումներով ձեռքը տանում ճակատին ու իջեցնում էին, բայց հասկանալի էր, որ խավարում մենակ չէ, թեկուզ կիլոմետրի վրա՝ շունչ կա հետը:
Հերթական շրջադարձին նա հողի վրա շարժում նկատեց։ Վազելով մոտեցավ ու վախից օդ կրակեց: Կրակոցի վրա վազեցին այլ զինվորներ: Ընկերներին տեսնելով՝ նա համարձակություն ստացավ ու կռանալով՝ զարմացավ…
Մոտեցածներից մեկը պպզեց, աչքերը չորս արած տնտղեց գտածոն.
– Ծովահենների լեզվով ասած՝ ավար:- Շուռումուռ տվեց։- Համազգեստով չէ։ Կոշիկներով է, ոչ թե զինվորական սապոգներով… համենայնդեպս մարդ է, տարեք, կճշտենք:
– Հետաքրքիր է՝ ով է։- Զինվորներից մեկը տնքալով բարձրացրեց Մարատին, տվեց մյուսի շալակը:
– Եսի՞մ։ Զինվորի նման չէ. կամ թշնամի, կամ մոլորյալ գիշերով էլ ո՞վ կարող է լինել՝ սիրած կի՞ն,- թութունի մուխը քթերից հանելով խնդմնդաց մեկ այլ զինվոր,- ով ասես՝ հնարավոր է լինի, մանավանդ էս ղռերում:
– Կենդանի լիներ, կասեինք պատերազմի ձայներից վախեցել, սարերից է փախել, բայց մարդ է։ Իսկ գուցե Գաբրիել հրեշտա՞կն է մեզ այցելել։
– Էսպես ծեծվա՞ծ։
– Պա՜հ,- վախից կատակեց զինվոր Հայկը,- էս ի՜նչ տեղը տեղին պատերազմ է՝ Գաբրիել հրեշտակն էլ է բմբլահան եղել։
– Էդ բոլորը հեչ,- տնքաց նրան իր շալակն առնողը,- գոնե ստուգե՞լ եք՝ ո՞ղջ է, էս ծանրությունը իզուր քարշ չտամ:
Հայկը ուշադիր շոշափեց Մարատի դաստակը, զարկերակ չգտավ.
– Համենայնդեպս՝ դեռ տաք է… այ քեզ հանելուկ՝ որտեղի՞ց բսնեց մեկ վայրկյանում։
– Պարզ չէ՞՝ մեզ ձեռ են առնում։ Չարացնում են, որ հարաբերական անդորրը խախտենք:
– Դու հավատո՞ւմ ես, որ թուրքի ձեռից ողջ մարդ պրծնի։- Բայց ստուգեց՝ քացով խփեց Մարատի ոտքին, որ զինվորի ետևից քռքաշ, հողը քերելով գնում էր:- Ձեն չկա, մեռած է։
– Իսկ ինչի՞ են գցել սահմանից էս կողմ։ Որ վախեցնե՞ն։
– Համոզված եմ՝ սա թուրք է։ Սպանել են, գցել մեր կողմը, որ ապացուցեն հայերի մեղավորությունը։ Ինչ-որ պատճառ պե՞տք է կռիվը վերսկսելու համար…
– Խելքի մոտ է. դա կոչվում է թուրքի քաղաքականություն։ Բայց մենք հենց նրանով ենք հայ, որ թուրքից խելոք ենք, իսկ հրեայից՝ ոչ այնքան,- ծիծաղեցին,- հիմա կվերցնենք ու կվերադարձնենք իրենց դիակը։
Ձայները սառեցին։ Լսելի էր միայն ծանրության տակ տնքացող շնչառությունը։ Ի վերջո սահմանը հատող փշալարերի տակով գաղտագողի, սառը գետնին մարմինը հրելով, ոտքերով, հրացանների խզակոթերով բոթել-բոթբոթելով, խցկեցին թշնամու տարածք։
Թուրքերը նրան գտան իրենց նետած տեղից հիսուն մետր հեռու.
– Մեզ ձեռ են առնում։
– Դրանք կռվի մեջ գազան են, ամեն ինչի վրա թքած ունեն, անգամ յուրայինի։
– Դե որ էդպես է, վերցրեք ետ շպրտեք իրենց դիակը։ Մեր շներն անգամ հայի միս չեն ուտում: Շպրտեք իրենց։
Երկուսն անմիջապես թշնամանքով նետվեցին, հայհոյելով ու թքելով մարմինը բարձրացրին, փշալարերի վրայով շպրտեցին։
Աչքերը կիսաբաց, արտևանունքների արանքից նա տեսնում էր միայն սապոգի քիթը: Ռեզինե հաստ, հուսալի տակերի վրա նստած կլոր քիթը պինդ էր ու կոպիտ։ Այդ կոշիկը ցցվել էր Մարատի աչքերի դեմ-հանդիման: Մարատը ակնդետ նայում էր սապոգի արնոտ քթին և փորձում հաղթահարել ցավը:
– Ո՞ղջ ես, թե՞ մեռած, ձեն հանի,- բղավում էր խփողը՝ հարվածելուց շնչակտուր,- ո՞ղջ ես, թե՞ մեռած:
– Հանգստացիր, ողջ է,- ասաց մի ուրիշ ձայն,- հրեն թարթիչները թփթփում են։
Նրա վրա դույլով ջուր շփեցին, սպասեցին մի քանի րոպե, մինչև կուչուձիգ լինելով ձգվեց քարե հատակին, խռպոտ թառանչ արձակեց ու անշարժացավ:
– Մեռա՞վ։
– Դրանք չեն մեռնում՝ սատկում են,- ոտքերից բռնած՝ քարշ տվեցին, տարան:
Երբ բացեց աչքերը, առաջին բանը, որ տեսավ, համաչափ տառերով գրված պլակատն էր.
«Հրաման հայրենիքի մարտիկներին
Խստիվ արգելվում է ստորացնել հակառակորդի կանանց ու երեխաներին, տանջանքներ ու կտտանքներ կիրառել գերիների նկատմամբ, անարգել դիակները։
Սույն հրամանը խախտողները կդատվեն պատերազմական ժամանակի օրենքներով:
11.10.90»:
Քննիչը նստած էր ժայռափոր սենակում, արմունկներով հենված դարավոր ծառի հաստ քոթուկին՝ աջ կողմում երկրի դրոշը, ձախում՝ Մասիսների մակետը՝ գագաթներին գիպսե ձյուն։ Քոթուկ-սեղանին օբսիդիանից ժամացույց կար, թղթապանակ, քարտեզներ։
– Չշարժվե՛ս,- հրամայելով՝ նրան ծեփեցին աթոռին, ու զինվորներից երկուսը ներսի կողմից արձանացան դռների մոտ, երկուսը՝ դրսի։ Քննիչը քսան րոպեի չափ քարտեզն էր զննում, ապա վերցրեց մատիտն ու նշում արեց: Հետո միամիտ նայեց իր առաջ ու տեսավ գերուն.
– Թո՛ւրք։- Բղավեց կարճ ու կոնկրետ:- Գիտե՞ս թուրքն ինչ է։ Դա ազգություն չէ, այլ մակդիր։ Օրինակ Հիտլերը թուրք էր։
– Ես ոչ մի կապ չունեմ Հիտլերի հետ, թուրքերի հետ որ՝ առհասարակ…
– Կարելի է կարծել, ինձ են ձերբակալել սահմանի վրա։
– Հասկանո՞ւմ եք, էս կողմերում սահմանը սողում է օձի պես, հողը հոսում է ոտքիդ տակից. ողջ կյանքում ապրել ես մի երկրում, բայց սողանքի պատճառով հանկարծ հայտնվում ես մեկ այլ երկրում… Ես մեղավոր չեմ, որ այդ պահին սահմանը որոշել է անցնել իմ տան միջով։
– Թուրք ես, չես խաբի, վրիցդ շան հոտ է գալիս։
– Հոտ իրոք գալիս է,- տնքաց Մարատը ծանր շնչելով,- որովհետև անիծվածները շան ծեծ տվին, հարվածում էին փորիս, ու չկարողացա մեզը պահել։
– Թուրք ես, խորամանկություն մի արա,- քննիչը բռունցքով ծեծեց քոթուկ-սեղանը,- հայն ի՞նչ գործ ունի սահմանից էն կողմ։ Սահմանից էն կողմ ոչ մի հայ չի մնացել։ Նույնիսկ հայի գերեզման չի մնացել… չնայած դրանք մեր պապական հողերն են, թո՛ւրք…- դըբ, դըբ, դըբ՝ գնալով ավելի կատաղի ծեծեց շանթահար քոթուկը։
– Թուրքերի հերն եմ անիծել,- տնքաց Մարատը,- …դրանք մարդ չեն։ Հավատացեք՝ ես հայ եմ։
…Ծեծին կես ժամ դիմացավ։ Երբ արդեն անշարժացել էր, մի դույլ սառը ջուր շփեցին վրան։ Մեկը կռացավ ու ժպտալով հարցրեց.
– Հը՞, առաջվա պես էլի հա՞յ ես:
Նա դողդողացրեց փայտացած շուրթերն ու ճակատից հոսող արյան միջից նայելով շշնջաց.
– Ես էլ երբեք հայ չեմ ծնվի:
Երկու զինվոր փնթփնթալով ներս մտան:
– Ուրիշները դեռ չեկած՝ արդեն մարտի դաշտում են, իսկ մեզ ի՞նչ են տալիս,- ցուցամատը ուղղեց դեպի հատակը,- բեռնակրի գործ:
– Իմ կարծիքով՝ խնայում են:
– Սա խնայե՞լ է,- նա նորից ցույց տվեց գետնին թուլումուլ ընկած մարմինը,- ինչքան կեղտոտ գործ կա, մեզ են տալիս,- փնթփնթալով ոտուձեռ արած մի քանի քայլ տարան: Հետո դրեցին գետնին, գլխավերևում կանգնած ծխեցին ու ոտքերից քարշ տալով տարան բանտախուց:
Բջիջ առ բջիջ մարմինը մրմռում էր, քունքի մոտ այրոց կար: Բնազդաբար տնքաց։
– Եթե մի կում օղի լիներ…- փսփսաց մեկը,- առավոտյան որ հերթը փոխվի, մյուս հսկիչը կարգին տղա է, կուզենք:
Դուռը ճռռաց։ Աչքերը կկոցած նայեց՝ փայտյա, տեղ-տեղ փտած դռնից մտնում էին երկու հոգի։ Դռան ետևում ձիգ կանգնած էր հերթապահը, հավանաբար քնից նոր արթնացած՝ աչքերը ճմռելով հորանջում էր։ Եկողներից մեկը տնքալով պպզեց Մարատի կողքին, սեղմրտեց կոպերը, վերքերը։
– Բժիշկ, հնարավո՞ր է, որ հիշողությունը կորցրած լինի,- խուզարկու հարցրեց նրան ուղեկցողը:
– Հնարավոր է. հիշողության կորուստ… հարվածներից լինում է… Նման դեպքերում շատ հաճախ։
– Իսկ հնարավո՞ր է, որ ձևացնի։
– Ձևացնի՞։ Դա էլ է հնարավոր։
– Հիմա ձևացնո՞ւմ է, թե՞ չէ,- մտքից, որ բժիշկը պաշտպանում է Մարատին, ուղեկցողը գոռաց։
– Ճշտելու համար ժամանակ է պետք, իսկ պատերազմում ժամանակը կյանք է։ Թողեք ապրի, գոնե որոշ ժամանակ, և կպարզվի։
– Չենք էլ պատրաստվում սպանել,- արհամարհական նետեց ուղեկցողը,- երեկ գեներալ ենք վեցրել, էս քնձռոտն ինչների՞ս է պետք։
Պատի տակ կուչ եկած մյուս գերին ծնկները գրկած հետևում էր բժշկի շարժումներին: Երբ բժիշկը զննումն ավարտեց, ուղեկցող զինվորը ոտքով հարվածեց մյուս գերուն.
– Գնացինք։ Արա՛գ, արա՛գ…
Սա անմիջապես վեր թռավ։
– Սպանելո՞ւ,- Մարատը հայացքը հառեց զինվորի դեմքին:
– Ինչի՞ սպանելու, փոխանակում ենք:
– Ինձ էլ փոխանակեք։
– Նա թուրք է։
– Ես էլ եմ թուրք։
– Ասելը քիչ է, պետք է ապացուցել:
Դռան արանքից երևում էր հերթապահ զինվորի դեմքը։ Երիտասարդ էր, համարյա՝ տղեկ, բայց արդեն քունքերից ճերմակած։ Աղոտ մի միտք եկավ գլուխը, որ ինքն ավելի երջանիկ է, քան զինվորը, որովհետև իրեն կարող են ազատել, փրկել, կարող են սպանել, և ինքը ինչ-որ կերպ ձեռք կբերի ազատություն։ Իսկ սա ողջ կյանքում պիտի կանգնի սահմանին, սարսափած նայի չորս կողմը, անընդհատ թշնամի ման գա և գտնելու դեպքում վախից օդ կրակի։
Բակից լսվում էր հրամանատարի պահանջկոտ ձայնը ու նրա հրահանգով պարտաճանաչ մարզվող զինվորների աղմուկը՝ ոտքերի դոփյունը, պառկել-ելնելը, զենքը քանդել-հավաքելու շխշխկոցը։ Խղճաց՝ սրանք էլ են գերիներ, խաղաղության գերիները։ Ապա նրա ուշադրությունը գրավեց ագռավը, որի թևերը մեծ ու մուգ ստվերներ էին գցում գետնին։ Թռչունը մոլոր սավառնում էր՝ ասես իրեն անհայտ երկնքում։ Հավանաբար նոր էր վերադարձել ու տեսել էր Նոյը չկա։ Մինչ ագռավը թևերը կողերին դարսելով տեղավորվում էր տափակ կտուրին, բակում նոր մարդիկ երևացին։ Դռան մոտ կանգնած զինվորը տեղում ձգվեց, աջ ձեռքին կարգին հարմարեցրեց զենքը ու պատրաստակամ սպասեց, որ երբ իրեն հավասարվեն՝ պատվի առնի:
– Ո՞վքեր են,- բերանը դռան արանքին սեղմած՝ հարցրեց Մարատը:
– Ձերոնք չեն, հանգստացիր։ Եվրամիության դիտորդներն են։
– Իսկ ինչի՞ են եկել։
– Պարզ չէ՞՝ դիտում են։
– Ինչ է՝ մենք կինո՞ ենք, որ մեզ դիտում են, թե՞ դինոզավր,- ապա հանկարծ հասկացավ, թե եկողները որքան կարևոր են, ու սկսեց աղաղակել, ոտքերով, ձեռքերով խփել դռանը, որ մեծ աղմուկ լինի, որ եվրադիտորդը լավ լսի իրեն. «Օգնեցեք: Օգնեցե՛ք։ Ի՛նձ դիտեք, հարգելի դիտորդ, այստեղ ամենադիտարժանը ես եմ… Էհե՜յ, էս կողմ եկեք, հարգելի հումանիստներ»։
Հաջողվեց։ Դիտորդը կանգ առավ և հարցրեց՝ ո՞վ է գոռում։ Նրանք մոտեցան ու բացել տվեցին դուռը։
– Ծալապակաս թուրք է,- շտապեցին տեղեկացնել դիտորդին, որը ծոցից արագ-արագ հանեց բլոկնոտն ու թերթելով նայեց, կարծես ճշտում էր՝ իրեն հանձնարարվա՞ծ է անհանգստանալ գերիների ճակատագրով, թե՞ աշխատանքային օրը այլ կերպ է պլանավորված։
– Զինվորակա՞ն է։
– Դժվար։
– Իսկ ինչո՞ւ ետ չեք տալիս։
– Նրանք չեն ուզում, ասում են՝ առանց փաստաթղթի ի՞նչ իմանանք՝ ով է։
Գերին չորեքթաթ մոտեցավ ու սկսեց հայերենով, ռուսերենով, թուրքերենով ողբալ. «Սիրելի, դարագոյ, կարդաշ… մարդ եմ, հասկանում եք, մարդ… օդ եմ ուզում շնչել… վոզդուխ, վոզդուխ…- ձեռքով ինքն իրեն օդ տվեց, որ դիտորդը լավ հասկանա՝ ինքը շնչահեղձ է լինում այստեղ,- անկողին եմ ուզում, մաքուր, արդուկած… յա տոժե չելավեկ… ճաշ եմ ուզում, ճաշ՝ կնոջ եփած, որ փոքրիկ կաթսայից լցնեն… թե չէ ինչքան կարելի է ուտել դաշտային խոհանոցի ծռմռված դույլերից… խաչու ումերեծ՝ մարդավարի, կակ պալոժենո՝ դագաղով, ծաղկեպսակով… է՜, էնքա՜ն բան եմ ուզում էս կյանքից… ջենթլմեն դիտորդ, վիձիծե՝ յա տոժե չելավեկ… օգնեք, փլիզ, ոտքդ պաչեմ,- գոռգոռաց սեփական օձիքը քաշքշելով,- ես էլ չեմ դիմանում»:
Դիտորդին հավանաբար պետք չէր բացատրել՝ ինչ ասել է գերի։ Հավանաբար նա երկար ժամանակ էր դիտում այս պատերազմը։
– Ինչո՞վ կարող եմ օգնել,- հարցրեց դեմքի ցավակցող արտահայտությամբ։
– Դուք այստեղից գնում եք թուրքերի մոտ, ճի՞շտ է,- անմիջապես աշխուժացավ ուղեկցողը։- Տարեք Ձեզ հետ։ Ասեք, որ մեծ ջանքերով ետ եք բերել իրենց ազնիվ քաղաքացուն։ Նրանք Ձեզ կհավատան։
– Կհավատան,- սեփական առավելությունը զգաց դիտորդը։
– Թե չէ մենք այլևս ուտելիք չունենք, բոլոր դեպքերում՝ մարդ է, ինչո՞ւ ոչնչանա այդպես անիմաստ, ինչո՞ւ մեռնի սովից, երբ հայրենիքի որևէ սահմանին կարող է սպանվել… ո՞ւմ է պետք անտեղի մահը:
– Այո,- գլուխը տմբտմբացրեց դիտորդը:
Արդեն քսան րոպեից ավել նրանք հեռացել էին՝ Մարատի աղերսանքին ի պատասխան թողած բարեկիրթ «այո»-ն, որ հնչեց խիստ վերամբարձ ու չոր, ինչպես քաղաքական որոշում, և նա տանջվում էր հասկանալու համար՝ այն իր համար որևէ նշամակություն ունեցա՞վ, երբ ներս մտավ մի ամրակազմ ծերուկ:
Ծերուկը կանգնեց նրա դիմաց, զննեց ոտից-գլուխ.
– Հիմա դու հա՞յ ես, թե թուրք:
– Նայած…- կմկմաց Մարատը:
Պատասխանին առանձնապես ուշադրություն չդարձնելով՝ ծերուկը գլխով ցույց տվեց դուռը: Դուրս եկան բակ:
– Գնանք պատի տակ,- մռթմռթալով ծերուկը շարժվեց դեպի ստվերը,- թե չէ ուղեղս կհալվի:
Մի զինվոր վազեվազ աթոռ բերեց: Ծերուկը աթոռը տեղավորեց գետնին, ցնցելով ստուգեց՝ չի՞ ճոճվում, ապա հայելու փոքրիկ կտոր հանեց գրպանից, տեղավորեց պատի անհարթ քարերին: Նույն զինվորը ժանգոտ սկուտեղի վրա շարած մկրատ, սանր և էլի ինչ-որ երկաթյա կեռումեռ բաներ բերեց:
Մարատը հերոսական արհամարհանքով նայեց ծերուկին.
– Եղունգնե՞րս եք քաշելու, թե ականջներս կտրեք:
– Մազերդ,- ծերուկը ձեռքով ցույց տվեց աթոռը, որ սա նստի:
– Ի՞նչ:
– Մազերդ պիտի կտրեմ:
– Օ՜օ՜… իմ գեղարվեստական տեսքի մասի՞ն էլ եք մտածում:
– Անձամբ ես՝ չէ: Ինձ հրամայված է: Ուզում են տեսքդ տեղը քեզ հանձնել ձերոնց:
– Վատ հրաման չէ,- Մարատը գոհունակ տեղավորվեց աթոռին:
Վարսավիրը քթի տակ ծիծաղեց.
– Հարսանիքի մսացու:
– Ի՞նչ:
– Ասում եմ՝ էսօր դու հարսանիքի մսացու ես: Մեր կողմերում հարսանիքից առաջ ջոկում են ամենալավ անասունը, բտում, ամեն օր լողացնում, հարսանիքի օրը զարդարում՝ պոզերին գույնզգույն ժապավեններ ու ալվան վարդեր են կապում, վրան փայլեր ցանում, դեմը արտի կանաչ խոտ դնում: Եվ երբ անասունը կյանքից ու աշխարհից գոհ սկսում է որոճալ, զուռնան ճչում է, ու կացնի բութ հարվածը իջնում է կովի ճակատին: Անասունը տապալվում է՝ պոզերին կապած գույնզգույն ժապավենների փունջը գետնին թավալելով. ճակատից արյունը հոսում է՝ սևացնելով հողը, զուռնան պարեղանակի թռիչքներից ճչում, ճչում… Մսագործը պարելով վազացնում է պոչին գույնզգույն ժապավեններ կապած դանակը ու կտրում տավարի կոկորդը: Զուռնան նվագում է աշխույժ ու լավ պարեղանակ. հարսանիքն սկսված է:
Վարսավիրը գրպանից մի փոքր պլաստիկե շիշ հանեց, միջից ջուր խմեց, շիշը մեկնեց Մարատին:
– Ծարավ չեմ,- մերժեց Մարատը:
Ծերուկը շիշը էլի տարավ բերնին, ջուր հավաքեց թշերը ու մի կտրուկ շնչով փչեց Մարատի գլխին: Ապա վերցրեց սանրը: Սանրեց թաց մազերը, երկու ձեռքով ուղղեց նրա գլուխը.
– Նայիր ուղիղ հայելու մեջ: Եթե մի բան դուրդ չգա՝ կասես…
Մինչ Մարատը քարերի վրա հայացքով փնտրում էր հայելին, սա վերցրեց մկրատը: Հայելու կտորի մեջ Մարատը տեսավ, թե ինչպես է դողդողում նրա պարալիզված աջ ձեռքը: Երախը բաց մկրատը տրտինգ տալով գալիս ու խոստանում էր կտրատել ինչ պատահի: Անկախ իրենից փախցրեց գլուխը:
– Ուղիղ նստի,- սաստեց վարսավիրը, նորից սանրեց մազերը՝ մինչև Մարատի վախն անցնի:
– Բա որ ականջս կտրե՞ս:
– Ականջդ ինձ պետք չի:
– Պետք չի, բայց մկրատը էդ ուղղությամբ էր գալիս:
– Ասում եմ՝ մի վախեցի, հարյուր տարվա վարսավիր եմ,- ծերուկը նորից երկու ձեռքով ուղղեց գերու գլուխը։- Որտե՞ղ ես գերի ընկել,- փորձեց խոսելով ցրել Մարատի վախը:
– Իմ տանը,- նա հայելու կտորի մեջ նորից տեսավ, թե պարալիզված ձեռքում ոնց է թռչկոտում մկրատը ու սպառնագին գալիս իր վրա։
– Բեր հայելին հանենք,- առաջարկեց Մարատը:
– Չէ, հաճախորդը պիտի տեսնի իր դեմքը, որ ժամանակին կարծիք հայտնի: Թե չէ լինում է՝ կտրում ես, վերջում նվնվում են՝ երկար է, կարճ է, շատ է, քիչ է:
Վարսավիրը աջ ձեռքի բութն ու ցուցամատը նորից հագցրեց մկրատին, ու դողդողալուց թռչկոտող ձեռքը սկսեց սարսափազդու մոտենալ։
– Ա՛յ ցավդ տանեմ,- Մարատը վեր թռավ աթոռից,- ողջ Եվրոպայի տղամարդիկ երկարամազ են ման գալիս, մի օր էլ մենք փորձենք, ինձ պետք չի քո կտրելը:
– Ես էլ քո հավեսը չունեմ: Ինձ հրամայված է: Ջահե՛լ, ա՛յ ջահել,- ուսի վրայով կանչեց բակը հսկող զինվորին:- Հլա մի քո զենքով արի:
Զինվորը մոտեցավ:
– Զենքդ պահի սրա վրա: Հենց շարժվի՝ կկրակես:
Զինվորը ժպտաց:
– Հանաք չեմ անում,- լրջացավ վարսավիրը,- էս մարդը չի թողնում գեներալի հրամանը կատարեմ: Հենց շարժվի՝ կկրակես:
Գեներալի անունը լսելով զինվորը զգաստացավ ու զենքն ուղղեց Մարատի վրա:
– Հազար տարվա վարսավիր եմ,- ծերուկը վիրավորված՝ իրեն գովելով նորից թշերում ջուր հավաքեց, նորից թափով բերանի ջուրը փչեց նրա գլխին, սանրեց… Աջ ձեռքը թռվռալով ու օդը մկրատելով եկավ, եկավ… արագ, կտրուկ և անսպասելի, ինչպես օձն է հարձակվում զոհի վրա, ծերուկը ձախ ձեռքով բռնեց աջը։ Աջը դադարեց դողդողալ։ Ու այդպես մինչև վերջ՝ ձախ ձեռքով աջը բռնած, քթի տակ դնդնալով, երբեմն-երբեմն հայելու մեջ իր արածին հիացական նայելով, կտրեց մազերը:
– Տեսա՞ր ինչ տղա դարձար,- մի վերջին անգամ հիացմունքով նայեց հայելու մեջ ու փաղաքշական ճտտացրեց Մարատի վզին,- ուղտը ինչքան էլ սատկի, կաշին մի իշաբեռ կլինի,- ասես ինչ-որ մեկի ջգրու՝ գովեց ինքն իրեն, հագուստի վրայից թափ տվեց մազերն ու գնաց։ Մի քիչ հեռացավ, շրջվեց.
– Հայելին թողնում եմ քեզ, պատից վերցրու։
– Բա մյուս հաճախորդնե՞րդ։
– Մի մեծ պատի հայելի ունեի՝ երեքը չորսի վրա, պայթյունից փշրվեց, սենյակիս անկյունում լցված է։ Էնպես որ՝ շատ ունեմ, բոլորին էլ կհերիքի։
«Ես հայ եմ, ես հայ եմ, ես հայ եմ,- մարմինը կատաղի թափահարելով ու գոռգոռալով հավաստիացնում էր նա,- եղբայրնե՜ր… մի խփեք, ինչի՞ չեք հավատում՝ ես հայ եմ. Այբ, բեն, գիմ, դա… ես ամբողջ այբուբենը անգիր գիտեմ։ Ես հայ եմ… արդեն գնում եմ, ձեր մերը, ապուշներ, մի խփեք, ես դիտորդին կբողոքեմ…»։
Զինվորները նրան շպրտեցին բակ: Գունդուկծիկ գլորվեց ու փլվեց գետնին: Անձայն մի քանի րոպե պառկեց: Զինվորները հեռացան, մնաց մեկը: Սա պպզեց գերու կողքին.
– Ծխելու բան կուզե՞ս,- ծոցագրպանից հանեց սիգարետի տուփը:
– Ձեզնից ոչ մի բան էլ չեմ ուզի:
– Իսկ ես կուզեմ,- նա ոտքի ելավ ու վառեց գլանակը: Ծխեց՝ ծուխը փչեց երկինք, ծխեց՝ ծուխը փչեց երկինք՝ լավ էլ եղանակ է, գետնի վրա տրորեց թնջուկը, ապա հրացանի քթով բոթեց գերու մեջքը՝ գնացի՛նք։ Քայլեցին դեպի սահմանը։ Գերին գնում էր առջևից։
– Ես ձերոնցից եմ։
– Ի՞նչ իմանանք։ Ձերբակալման պահին դու չես ունեցել ոչ մի փաստաթուղթ։
– Բայց ես խոսում եմ ձեր լեզվով։
– Եթե գլխիդ զոռ տաս ու չինարեն սովորես, դրանից չես դառնա շեղաչք չինացի։
– Ես սահմանամերձ գյուղում եմ ապրել, իրար հետ առևտուր ենք արել, սովորել եմ նրանց լեզուն։
– Իմ մոտ ինչի՞ ես արդարանում, ես հարց լուծող չեմ։ Կյանքում, չգիտե՞ս, ամեն ինչ թղթով է որոշվում. թուղթ ունես՝ մարդ ես, չունես՝ չկաս։ Այ, եթե ունենայիր որևէ փաստաթուղթ, հստակություն կմտցվեր քո կյանք՝ կամ հայերը քեզ կսպանեին, կամ թուրքերը։ Համ ատամից կպրծնեիր, համ ատամնացավից։ Իսկ էսպես… Աստված իջնի՝ գլուխ չի հանի քո ճակատագրից։
– Չէ, որ իջնի՝ գլուխ կհանի։ Բայց ես ո՞վ եմ, որ հանուն ինձ իրեն էդ նեղությունը տա…
Նրանք լուռ քայլեցին քարաքոսով բորոտած ապառաժների միջով։ Լեռան ողորկ սալերին հոսելով վտվտում էին մողեսները։ Այն ճաքերում, ուր քամին պահել էր ավարը՝ հող ու ավազ, գոգնոց-գոգնոց սերմակալել էին փշերը։ Այս վայրերում արևը թաքստոց չէր ունեցել՝ կարմիր-կարմիր ամբարվել էր լեռան բաց ճակատին։
– Հոգնել եմ,- Մարատը նստեց ճամփի մեջտեղը։
– Ինչ էլ տեղ գտար,- կանգ առավ ուղեկցողը,- վեր կաց՝ մինչև մի հով տեղ գտնենք։
– Թե որ ծառ չկա, հով որտեղի՞ց։
– Սարերն էլ ծառերի պես երկար ստվերներ են գցում։
Մարատը պառկեց տաքացած գետնին։
– Վեր կաց,- սաստեց ուղեկցողը,- շորերդ մի կեղտոտի։ Հանձնելու պահին դու պետք է մաքուր լինես։
– Ահ,- հաճույքից մռռաց Մարատը,- դուրեկան է, մեջքիս ոսկորները տաքացան։
Նստեցին խոտերին։
– Ասեղից սուր են,- ասաց գերին։
– Երաշտ տարվա խոտ է, բա ի՞նչ էիր ուզում…
– Երկու րոպեից վեր ենք կենում։
– Հոգնել եմ։ Գոնե՝ հինգ։
– Ի՞նչ ես արել, որ հոգնել ես…- ուղեկցող զինվորը ապահովության համար նստեց Մարատի դիմաց, պոչի վրա գետնին հենելով՝ հարմարեցրեց զենքը։ Գրպաններից էլի ծխելու բան հանեց։ Գետնին նստած՝ լուռ ծխեցին:
– Ես խելոք գերի եմ, չէ՞:
– Շատ։
– Ժամանակին արթնանում եմ, քնում, ուտում, չեմ փախչում…
– Փախչե՞լ,- ծուռ ժպտաց զինվորը,- էս սարերում մարդուց փախար, բա գազանների՞ց։ Երբեք բորենի չեմ եղել, բայց ասում են՝ մարդու միսը համեղ է։
– Ես էլ եմ լսել։
Ծիծաղեցին.
– Կուզեի՞ր՝ ձերոնցից լինեի։
– Կուզեի, բայց թուրք ես, որովհետև չունես անձդ հաստատող ոչ մի փաստաթուղթ, միշտ խլում ես՝ ուրիշի կյանքը, ուրիշի հողը, ուրիշի ծննդյան վկայականը…
«Թուրք… այո։ Եվս հիսուն մետր՝ և պետք է թուրք լինել։ Թուրք։ Թուրք։ Ես թուրք եմ, ես թուրք եմ… ես հպարտ եմ, որ թուրք եմ»։
Մոտենում էին սահմանին։ Դիտորդն արդեն այստեղ էր։ Հակառակ կողմի զինվորները նրանց տեսնելով ձգվեցին, հրացանները պահեցին եկողների վրա։ Մեկն առաջ եկավ։ Գերու գլխի վրայով երկու զինվոր զուսպ ու ատող հայացքներ փոխանակեցին։
– Կանգնիր կշեռքին,- հրամայեցին։
Մարատը կանգնեց կշեռքին:
– Տեսնում եք, մեզ մոտ նա գիրացել է հարյուր հիսուն գրամով,- մատը թվերի սանդղակին՝ հենց հարյուր հիսուն գրամին դրեց կշռավարը։
– Կոշիկներին ցեխ կա կպած, դա ցեխի քաշն է,- հակաճառեց հակառակ կողմը։- Հանի՛ր կոշիկներդ։
Գերին հլու-հնազանդ հանեց կոշիկները.
– Բայց մենք նրան կոշիկներով ենք ընդունել, ինչո՞ւ պիտի բոբիկ հանձնենք։
Երկար ժամանակ հանձնող-ընդունող վիճում էին:
– Թող շորերն էլ հանի,- բողոքեց ընդունողը։
– Մենք նրան շորերով ենք ընդունել, ինչի՞ պիտի մերկ հանձնենք,- բորբոքվեց հանձնողը։
– Միջազգային օրենք է,- վճռեց դիտորդը։
Մարատը հանեց շորերը։
– Ահա, ահա,- ընդունողը հաղթական մատը ուղղեց կշեռքին,- ձեր հարյուր հիսունն էլ մաշվեց, երկու հարյուրն էլ հետը։ Տեսա՞ք։
– Եղբայր,- գոռգոռացող կշռավարի թևից քաշեց գերին,- կշեռքը սառն է, ոտքերս մրսում են, կոշիկներս հագնե՞մ:
– Այ տղա, դե մեջ մի ընկի, տեսնում ես՝ հարց ենք լուծում,- բղավեց սա:
Հանձնող կողմն էլ նրան միացավ.
– Մի խանգարի: Մենք էլ քո պես մարդ ենք, էդ ո՞նց է՝ մենք չենք մրսում… հո ջերմոցային բույս չե՞ս:
Դռան մոտ կանգնած զինվորը աթոռը մատնացույց արեց՝ նստիր, ու ձիգ կանգնեց կողքին: Մարատն ուսերը գրկած կուչ եկավ աթոռին.
– Կարելի՞ է շորերս հագնեմ։
– Չէ, մինչև հանձնաժողովի գալը չի կարելի:
…Սահմանի բաժանարար գծից անցնելով՝ Մարատը ձեռքերը առաջ պարզած սլացավ.
– Հայե՜ր,- բղավեց,- ձեր վերջը եկել է, Գաբրիելն արդեն փչել է տիեզերական փողը…- վազել-սլանալու ընթացքում մերթ ընդ մերթ շրջվում ու,- հայե՜ր,- բղավում էր բռունցքը սահմանի ուղղությամբ սպառնագին թափահարելով,- ձեր վերջը եկել է։ Էլ վերջ, էլ փրկության ոչ մի հույս, Գաբրիելն արդեն փչել է փողը…
Թուրք գեներալը թախտին նստած գիր-ղուշ էր գցում. կոպեկը բթին դրած թափով թռցնում էր օդ ու հայացքը օդի մեջ ֆռռացող կոպեկին՝ «Եթե գիր,- ասում էր,- կհարձակվեմ, եթե ղուշ՝ չէ»: Կոպեկն օդում ֆռռաց, ֆռռաց, ընկավ գետնին, բզեզի պես դռռաց ու տափակ պառկեց գրի վրա: Գեներալը նորից կոպեկը դրեց բութ մատի եղունգին ու թռցրեց. մի անգամ էլ՝ եթե գիր է, կհարձակվեմ, եթե ղուշ է՝ ոչ:
– Ես թուրք եմ, ես գիտեմ Մուհամմեդին…
– Իսկ ո՞վ չգիտի որ։ Մանավանդ հայերը,- երկիմաստ քմծիծաղ տվեց գեներալը՝ հայացքը կոպեկից չկտրելով,- նրանք շա՜տ լավ գիտեն։
– Տուն հասա, գնալու եմ Թուրքիա,- գեներալի աչքերին նայելով տեղեկացրեց Մարատը,- լուրջ բիզնես եմ մտադիր սկսել՝ անապատներից հավաքում ես նահատակ հայերի ոսկորները, լվանում ու վաճառում տուրիստներին։
– Հայ ես, հա՛յ,- որպես էվրիկա՝ բացականչեց գեներալը,- եթե հիշեցիր նրանց ոսկորները և անապատները, կասկած չկա, որ հայ ես։
Եվ սկսվեց ամեն ինչ նույնությամբ. խփում էին, վրան ջուր լցնում, ուշքի էին բերում, ավելի ուժգին խփում։
– Թուրք եմ, թուրք,- սնկրտում էր Մարատը։
– Կեղտոտ, կեղտոտ հայեր,- կոպեկը բռան մեջ ճզմելով մռլտում էր գեներալը,- քիչ է գրավածը, դեռ շպիոններ են ուղարկում։
«Հայ» բառի վրա հարվածները շարունակվում էին նոր ոգևորությամբ։ Նա տնքում էր, արյուն միզում, լյարդ փսխում.
– Թուրք եմ,- համոզում էր վնգստալով։
Հետո ծեծողները հոգնեցին։ Նրանց թույլատրվեց ծխել։ Ծխում էին ու սպառնագին նայում Մարատի կողմը, նայում էին ու ատամների արանքից կատաղած թքում։ Ձեռքը սեղմած արևհյուսակին, որի վրա իջել էր երկաթյա դագանակը, «Հայերն ավելի մարդկային էին ծեծում»՝ մտածեց։
– Թ… թ… թուրք եմ,- նվվաց։
– Հլա էս ոչխարին նայի,- կատաղի հարվածների նոր տարափ տեղաց,- մենք հրեշտակներին ենք չորացրել ու պահում ենք հերբարիումներում, էս էկել, մեզ ուզում ա ֆռռացնի…
Գլխին դատարկվող ջրի նորանոր դույլեր, ոսկոր ծակող սառնություն։ Նորից նստած է աթոռին, որից կառչել է մատերով, որ հանկարծ չգլորվի։
– Սա գիտե՞ս ինչ է,- գեներալը դարակից հանեց լվացած ոսկորի մի կտոր ու դրեց գերու առաջ,- սա ձեր Անդրանիկի գանգն է։- Նա թափով խփեց ու փշրեց ոսկորը։ Կատաղած, սպանիչ հայացքը պոկեց ոսկորի փշրանքներից և հառեց Մարատի դեմքին.- Այ էսպես ես կփշրեմ բոլոր հայերի գանգերը և առաջին հերթին քոնը։
– Ես չեմ ճանաչում ոչ մի Անդրանիկ։ Իմ պապի անունը… իմ անունը…- նա փորձեց հիշել գոնե մի անուն… այդպես վերջնական ալիքն է լվանում ավազը, մահն է ջնջում կյանքը, պատերազմը՝ հիշողությունը։ Եվ նրա ուղեղում միայն ու միայն զինվորական ծանր սապոգների հետքեր էին։
Հայերը խորդուբորդ բակն ավլել էին ուռի ճյուղերից կապած ցախավելով։ Ջրջնած բակից հողի ու խոնավության հոտ էր գալիս։ Կենտրոնում ցցված սյան գագաթին փողփողում էին դրոշները։ Իսկ դրանից առաջ գերիները բակի կենտրոնում տախտակներ էին մեխում, և կեսօրին արդեն պատրաստ էր բեմը։
– Այսօր գերիների միջազգային օրն է,- հավաքվածներին ամբիոնից տեղեկացրեց ռուս պաշտոնյան։
«Աշխարհում ամեն ինչ գրավված ու բռնագրավված է. այսօր սպիդով հիվանդների օրն է, վաղը՝ երեխաների, մյուս օրը՝ հաղթանակի… ազատ օր չի մնացել. բոլոր օրերը զավթված են։ Զավթված է ամեն ինչ՝ հողերը, կյանքը… անգամ թռչուններն ու նրանց թռիչքը»,- Մարատը նայեց տատրակներին, որոնք դիմացի կտուրին շարված, արևից տաքացած կտուցներով խուտուտ էին տալիս իրենք իրենց:
Ռուս պաշտոնյայի ելույթից հետո Մարատը բոլորի հետ միահամուռ ծափահարեց, և երբ խոսողը իջնում էր բեմից, առաջ մղվեց.
– Ինձ տարեք էստեղից,- խնդրեց ռուսի ձեռքը ճանկելով ու ափի մեջ պինդ սեղմած,- թե չէ կսպանեն ծեծելով։
– Ես թույլ չեմ տա նման բան. դա իմ խաղաղարար պարտականությունն է։ Գերիներին անպայման պետք է վերադարձնել,- խոստացավ ռուս պաշտոնյան,- դա հենց զինադադարի առաջին պայմանն է։ Ելույթս լսեցի՞ք,- հարցրեց հուսադրող,- բանակցություններում մեծ առաջընթաց կա՝ կողմերը համաձայն են խաղաղության, բայց դեռ պատրաստ չեն փոխզիջումների: Այնպես որ՝ շուտով տանը կլինեք:
– Ես չեմ դիմանա մինչև «շուտով», ինձ հենց հիմա, Ձեզ հետ տարեք։- Նա կիպ մոտեցավ դիտորդին ու սարսափահար շշնջաց.- …Հին հույները չեն քանդակել աչքի բիբը, որպեսզի ամեն մարդ այնտեղ իր հայացքը տեղադրի, իսկ սրանք սպառնում են աչքերս հանել։
– Ինչպե՜ս,- բացականչելով՝ ռուսը նախատինքով նայեց զինվորներին,- դուք սպառնացել եք հանել աչքե՞րը։ Բայց չէ՞ որ աչքը հոգու հայելին է։
– Ի՞նչ է, մենք Ձեզնից հայելի՞ ենք խնդրել։ Կարծեմ Դուք մեզ զենք եք բերել,- լսվեց զինվորների շարքից։
– Նրա բանը մի քիչ դժվար է,- բացատրեց սպան,- ինքնությունը ճշտված չէ։ Մեզ մոտ նա հայ է ձևանում։ Բայց կասկած չկա, որ թուրք է: Իսկ թուրքերը չեն ուզում նրա դիմաց գերի տալ, որովհետև կարծում են, թե հայ է:
– Իսկ ինչպե՞ս է նա հայտնվել գերության մեջ։
– Օրերից մի օր ես արթնացա…- սկսեց Մարատը: Մեկը ծիծաղելով հոգոց հանեց, սպան նայեց ժամացույցին, զինվորներից մյուսը տնքաց՝ ո՜ւֆ,- …մի խոսքով՝ առավոտ կանուխ ես դուրս եմ եկել սեփական կյանքից և այլևս չեմ վերադարձել,- իր տանջաքները խմբագրեց ու կրճատեց Մարատը։
– Ես կխոսեմ թուրքերի հետ։ Ավելի ճիշտ՝ ինքս կտանեմ ու ետ կվերադարձնեմ։ Մանավանդ որ՝ գերիների միջազգային օրն է:
Դիտորդը լուրջ ու ազդեցիկ նայեց նրա աչքերի մեջ.
– Ասացեք, միայն ազնվորեն, դուք հա՞յ եք, թե՞ թուրք։
Բոլորը լարված նայեցին Մարատի շուրթերին.
– Ոչ հայ եմ, ոչ էլ թուրք։ Ես էշ եմ, հարգարժան դիտորդ, էշի քուռակ։
– Ասացեք ճշմարտությունը,- հորդորեց դիտորդը,- հավատացեք՝ ինչ էլ լինի պատասխանը՝ ես Ձեզ կօգնեմ, խոստանում եմ էսքան մարդու ներկայությամբ։
– Ես ոչինչ չեմ հիշում։ Ինձ այնքան երկար են ծեծել ու նվաստացրել, որ ես կորցրել եմ մարդ լինելու տարբերանշանը՝ հիշողությունը։
Միացել էին հսկա լուսարձակները։ Ցիկլոպի միակ աչքի պես նրանք ահագնորեն պտտվում էին իրենց առանցքի շուրջը ու լուսավորում կյանքը հարյուրավոր կիլոմետր շառավղով՝ հարամելով ամեն ինչ՝ գիշերը, մութը, քունը, երազի գաղափարը… Դիտակետերում կանգնած զինվորները ուշի-ուշով հսկում էին լռությանը։ Հոգնած ու անքնությունից ուժասպառ՝ նրանք ողջ կատաղությունը թափում էին գիշերվա վրա և անմիջապես կրակ բացում, եթե երկնքից երազ էր կաթում, կամ խաթարելով լռությունը ու առանց ոտնահետք թողնելու՝ որևէ աղոթք սլանում էր վեր։
– Վատ ժամանակ ես վերադարձել,- ասաց ծանոթ գերին…- հայերը գրավել են Շուշին:
– Ես առաջին անգամը չեմ էստեղ: Էստեղ բոլորն էլ ինձ ճանաչում են, բոլորն էլ գիտեն, որ ես անվնաս եմ, դու քո մասին մտածիր,- քթի տակ մռթմռթալով՝ Մարատը հուսադրեց ինքն իրեն։
– Ապուշը նա չէ, ով զուրկ է բնածին վախ ու կասկածներից։ Ապուշ է նա, ով կյանքի մեջ փորձում է տրամաբանություն փնտրել։
Զրուցակիցը դեռ չէր ավարտել խոսքը, երբ սենյակ լցվեցին զինվորները ու սկսեցին մահակներով, ոտքերով, ավտոմատների խզակոթերով աջ ու ձախ հարվածել:
Առաջինը ուշքի եկավ ընկերը: Թփթփացրեց նրա այտերին, ձայն տվեց: Ի վերջո՝ սա տնքաց.
– Էլ չեմ դիմանում:
– Հա, քո վիճակն ավելի ծանր է: Ես մի քիչ ավելի լավ վիճակում եմ:
– Ինչի՞ որ…
– Որովհետև ես աշխարհահռչակ գիտնական եմ: Իմ ժողովուրդը ինձ չի լքի: Բանակցում են: Թուրքերը իմ փոխարեն ուզում են տասը գերի, մերոնք համաձայնվում են: Հենց մերոնք համաձայնվում են, սրանք պահանջում են քառասուն: Համաձայն ենք՝ թիվը մեծանում է՝ հիսուն կամ հարյուր…
– Է՞…
– Առայժմ հինգ հարյուր հոգու մասին է խոսքը, բայց մի օր վերջապես կոնկրետ թվի վրա կանգ կառնեն: Այնպես որ՝ աղոթենք։
– Աղոթենք-չաղոթենք՝ հրեշտակները ընտրել են այլ աստվածներ, աստվածները՝ այլ երթուղի. այստեղ կարելի է կյանքի չափ երկար մեռնել առանց դրախտի և փրկության հույսի։ Այնպես որ… առավոտյան ես կխոստովանեմ՝ անկեղծորեն ընդունում եմ ճակատագիրս որպես հանցանք՝ ես հայ եմ: Սպանեք ինձ:
Սթափվեց՝ մերկ պառկած էր կշեռքին: Փշփշոտ մի սառնություն խողխողելով աղիները, թափանցում էր ներս։ Աջուձախ նայեց. ցուրտ, դատարկ սենյակ, որտեղ միայն ահեղ դատաստանի սպասում կար։ Փորձեց նստել: Ժանգոտ կշեռքը ճռռաց։ Դռնից մեկը կասկածանքով նայեց. «Պահո՜, ողջ է»,- բղավեց։ Մոտեցավ: Մարատը վախեցավ, որ հիմա կսկսի ոտքերով հարվածել, կուչ եկավ, գլուխն առավ ձեռքերի մեջ ու անշարժացավ։ Բայց նա՝ Կարմիր խաչ, ժպտաց։
– Ինչպե՞ս եք…
– Ջուր…
– Ջո՛ւր,- պահանջեց Կարմիր խաչի ներկայացուցիչը:
Մի զինվոր կավե մեծ բաժակով ջուր բերեց: Էլի մարդիկ ներս մտան։ Կարմիր պուտերով բաժակը ներկայացուցիչը մեկնեց Մարատին: Սա խմեց, խորը շունչ քաշեց: Նայեց շուրջը հավաքվածներին։ Կշեռքի մոտ կանգնած սպիտակ խալաթով բուժակը տարավ ու բերեց, չխկչխկացնելով ինչ-որ թվի վրա հարմարեցրեց կշռաքարերը.
– Խնդրեմ, պարոնայք, ուշադրություն՝ մեզ մոտ նա գիրացել է երկու հարյուր գրամ:
– Երկու հարյուր գրա՞մ… դա հենց բաժակի տարողությունն է: Նա հենց նոր այդքան ջուր խմեց:
– Ի դեպ՝ Դուք խմացրիք,- Կարմիր խաչին զգուշացրեց ռուս դիտորդը:
– Բայց նա համարյա ուշակորույս էր, ջուր խնդրեց, չտայի՞:
– Տայիք, բայց եթե ուշակորույս հասել էր այստեղ, թող ուշակորույս էլ կշռվեր՝ նոր ջուրը տայիք:
Երկու ժամ տևեց քննարկումը՝ նշե՞լ փաստաթղթերում այդ երկու հարյուր գրամը, թե ոչ:
– Գլուխս պտտվում է, ներսս ցավից մրմռում… գոնե ցավազրկող տվեք,- բեռներ կշռելու համար նախատեսված սառը, տափակ կշեռքի վրա կծկվել էր գերին:
– Ո՞վ կհամարձակվի, էն էլ դիտորդների ներկայությամբ… հիմա էլ մեռնեք, ասեն՝ դեղից էր:
– Դե՛ղ,- գյուտ արածի պես բղավեց ռուսը: Բոլորը շրջվեցին նրա կողմը:
– Դեղ,- իր գյուտով հիանում էր ռուսը,- …այսինքն՝ միզամուղ:
– Թող խմած ջուրը միզի, տեսեք, որ ցանկացած դեպքում նա մեզ մոտ գիրացել է:
…Դեպի սահմանը ուղեկցող զինվորն ուրախ էր, նա խոսում էր, անեկդոտ պատմում, ծիծաղում։ Մարատը նայում էր նրան ու տանջվում այն մտքից, թե ինչու թռչունները վանդակի մեջ հայտնվելով վշտից երգում են, իսկ ինքն անգամ խոսելու սիրտ չունի։ Զինվորը կա՛մ չափազանց բարի էր, կա՛մ լավ տրամադրություն ուներ, բացառված չէր, որ մի քիչ էլ սարսաղ լիներ՝ խոսում, խոսում, խոսում… գվվում էր ականջի տակ։ Խլուշտ-խլուշտ ցցված լեռը ջուր ու մետաղ ներսն արած, աշխարհին դեմ էր տվել իր անպտուղ, քարքարոտ կողը ու գանձերը քողարկած՝ ապրում էր։ Բայց Մարատին հաճելի էր և՛ կիզիչ արևը, և՛ քրքրված կոշիկի միջով ծակող փուշ-փուշ քարերը, նրան սիրելի էր անգամ արյան հետքը, որ թողնում էին սեփական ոտքերը փուչ որձաքարերին, որովհետև շարժվում էր, ազատություն կար, ընթացք կար, և թքած, թե այն ուր էր տանելու։
Ի վերջո տեղ հասան։ Խոնջացած շողերը սողալով քաշվում էին ետ, արևն արդեն պատրաստվում էր տուն գնալ, կամ էլ մեկ այլ երկինք, որին պետք էր շուտափույթ փրկել խավարից։
– Վա՜յ,- թեթևացած հոգոց հանեց զինվորը,- էս ի՜նչ հեռու էր։ Ես ո՞նց եմ ետ դառնալու։
– Ափսոս,- հոգոց հանեց Մարատը,- ափսոս, որ կանգ առանք։ Ի՜նչ լավ քայլում էի, ինչ լավ,- ու վազեց հակառակ կողմի՝ արդեն երևացող փշալարերի մոտ, ուր ձիգ կանգնած զինվորները առայժմ թվում էին անկենդան։ Սահմանապահ շները զուտ պարտքի գիտակցումից կատաղած հաչեցին… Ինչ-որ հատվածում փշալարը բացվեց՝ ցուցանելով մուտքը։ Մարատը վազեց այդ կողմը։ Անցավ թե չէ՝
– Թուրքե՜ր…- բղավեց,- ես ձեր մերը, ձեր վերջը էկել է… Ջբրայիլն արդեն փչել է տիեզերական փողը… արդեն վերջ… արդեն՝ էլ ոչ մի փրկություն։ Թուրքե՜ր,- շրջվում էր ու բռունցքը սպառնագին թափահարում,- էլ վերջ, Ջբրայիլն արդեն փչել է փողը։
Խցի հեղձուկ տամկության մեջ քրթմնջոց էր լսվում։ Ինչ-որ մեկի սև ուրվագիծը չոքած քիթբերնի պառկում-ելնում էր՝ ալլահ, ալլահ,- ի խորոց սրտի թառանչելով։ Մոլլա էր։ Լուսաբացի սփրթնած մթան մեջ երևաց լերկ ճաղատը։ Սև կտորի մետրանոց գունդը, որից գոյանում է չալման, կողքին դրված էր, ու նա նման էր գլխատվածի։
– Դեռ հավատո՞ւմ ես։
– Հա։ Իմ Աստվածը ինձ չի լքի։ Արդեն քանի՜ ամիս՝ բանակցում են ինձ փոխանակելու մասին։ Բայց պարզվեց՝ հայերի ուզածը երեք ամիս առաջ մեռել է, չի դիմացել տանջանքներին:
– Վերջ, քեզ էլ կսպանեն:
– Չէ, արդեն պայմանավորվել են. փոխարենը դիակն են տալու։
Բանալիների շխկոցից ու բացվող դռան ձայնից նա դադարեց գետնին ծալապատիկ նստած ետ ու առաջ անել։
Չոր-չոր՝ թոքախտավոր հազից էլ չոր, կաղինները կաթկթում, չրխկում էին գետնին։ Բաց դռնից երևացին խանձած սարերը, նրանց գլխին որպես փշե պսակ նստած արևը, գունաթափ երկինքը։ Չոր ու թարմ օդը հուշեց, որ կյանքը շարունակվում է։
– Դո՛ւրս, դո՛ւրս, արա՛գ,- դեռ դուռը չբացած՝ գոռալով հրամայեց զինվորը,- արա՛գ։
Թևը մոլլայի վզով գցած՝ Մարատը մի կերպ կանգնեց, ծտի պես մի ոտքի վրա տնգտնգաց։ Ինչքան էլ զինվորը գոռաց՝ արագ, արագ, բայց համբերեց, մինչև սրանք դանդաղ, համարյա սողալով դուրս եկան։
– Նայի՛, նայի՛… հիմա չոքելու են,- զինվորները իրար չարաճճի աչքով արին։ Զվարճանալու պատրաստ սպասեցին:
– Չչոքեցին։
– Հիմա կչոքեն. դրանց նամազի ժամն է։
Մոլլան ցուցադրական ընտրեց բակի կենտրոնը, չոքեց ու բերանքսիվայր կուզուպարզ եղավ՝ գլուխը կախելով ու հետո վեր նայելով, ալա՜հ, ալլա՜հ՝ երգելով ու հոգոց հանելով։
– Հլը էդ անասունի աղոթքը, ոնց որ ջուր խմող հավ լինի… Հասավ, հա, ալլահդ հասավ,- ծաղրելով չարախնդացին,- հիմա ձիուց կիջնի ու քեզ կփրկի։
Մոլլան նրանց անտեսելով պարտաճանաչ իր մուղամն էր կլկլացնում՝ ալլահ, ալլահ կանչելով:
– Լսե՞լ ես՝ գիտնականները փորձ են արել, մկներին պահել են երաժշտության տակ. մի խմբին՝ մուղամի, մյուսին՝ դասական երաժշտության: Մուղամի տակ ապրող մկները սատկել են դեպրեսիայից:
Հռհռացին։ Հանկարծ նկատեցին Մարատին, որ պատին հենված հազիվհազ կանգնել էր:
– Էս ինչի՞ չի չոքում։ Չոքի, արա՛…
– Ես հայ եմ։
– Չոքի, ասում եմ, դու հայի շունն էլ չես, չոքի՛։
– Ես հայ եմ։
– Չոքի, ասում եմ,- սպառնագին վրա եկավ զինվորը, հրացանի խզակոթով խփեց ծնկներին,- չոքի ու հազար անգամ պաչի գետինը, որ ալլահդ գոհ մնա։ Շո՛ւտ։
Մարատը ճոճվելու պես ինչ-որ շարժում արեց, փորձեց կռանալ։
– Ասեցի գետինը պաչի,- մոտեցավ ու նրա գլուխը սեղմեց հողին,- այ էսպես, բերանդ հողին քսելով, հազար անգամ։
Գետնին չոքած՝ Մարատը սկսեց կռանալ-ելնել։
– Ասեցի՝ գետինը պաչի։ Այ էդպես՝ բերանդ հողին քսելով…
Հեռվից կանչեցին՝ Կարապետյա՛ն։
– Էկա,- զինվորը վազելով գնաց ու բղավեց Մարատի վրա,- շարունակի մինչև գամ։
Նա ուժասպառ ու դանդաղ կռանում-ելնում էր ճակատը հողին քսելով, և հայացքի առաջ ճոճվում էր երկնքի ու երկրի արանքում փայտացած մի հորիզոն:
– Կեղտոտ, կեղտոտ հայեր,- սև բեղերի մեջ մռլտում էր հարցաքննող սպան,- չեն կշտացել, դեռ քիչ է իրենց գրավածը… լրտեսներ են ուղարկում… ես քու…- նա խփում էր գերուն,- դու ուզում ես ինձ համոզել, ապուշի մեկը, որ հայի ձեռքից թուրքը կարող է ողջ պրծնել և դեռ ի վիճակի լինել խոսելո՞ւ: Հիմար,- նա հարվածում էր գերուն,- երբևէ տեսե՞լ ես հայ զինվոր: Չես տեսել, որովհետև նրանք, ովքեր տեսնում են, այլևս ի վիճակի չեն լինում խոսելու: Ափսոս, որ դու կաս Կարմիր խաչի թղթերում, թե չէ կսատկացնեի։ Ասա՛, ասա՛ ճշմարտությունը՝ հա՞յ ես, թե՞ թուրք։ Ասա… ասա նրանց գտնվելու վայրը, նպատակը, գաղտնիքները։
Մարատը շատ կուզենար զինվոր եղած լինել, որ ինքն իր առաջ արդարացում ունենար այս տառապանքին, որ ասեր ճշմարտությունը, հանձներ քարտեզները, ցույց տար ռազմավարական նշանակության ճամփաները։ Կամ էլ հակառակը՝ քինոտ չարախնդար թշնամու երեսին, ցույց տար, որ ամեն ինչ գիտի, բայց ոչինչ էլ չի ասի, որ թքած ունի կյանքի վրա, ու հերոսաբար գնար դեպի մահ… Այդ ժամանակ մահը կլիներ պայքար, իսկ հիմա՝ ոչնչով չարդարացվող անհեթեթություն։ Ինչ բախտավոր են նրանք, ովքեր չկան Կարմիր խաչի ցուցակներում:
Անմարդկային ծեծից հետո, որ կոչվում է հարցաքննություն, անշտապ, սովորական անտարբերությամբ նրան հատակի վրայով քարշ տվեցին, բացեցին դուռը, նետեցին, ետևից փակեցին ու սուլելով հեռացան։ Սալե հատակը դուրեկան սառն էր և բթացնում, մեղմում էր ցավը։
– Բարի գալուստ,- կիսամթի միջից լսեց մի ծանոթ ձայն։
– Իմը ոչ բարի է, ոչ էլ գալուստ։ Իմը վերադարձ է և ահագին տխուր։
– Ինչ որ է…- կմկմաց զրուցակիցը,- ուրախ եմ։
– Էսպիսի տեղերում ուրախ չեն լինում, եթե անգամ հայտնվում է տեր Աստվածն ինքը։
– Եթե հումորիդ զգացումը չես կորցրել, ուրեմն դեռ մեռած չես։- Հայ գիտնականը հայացքով տնտղեց նրան, ապա վեր կացավ, սկսեց թև ու ոտքը քաշքշել, ծալել-բացել, վերև-ներքև անել։
– Խորը շնչիր։
Մարատը խորը շնչեց ու գոլ օդից սրտխառնոց զգաց։
– Բախտդ բերել է, կոտրվածք չունես։
Մարատը հայացքը պտտեցրեց կիսամթի մեջ. բանտախուցը չէր փոխվել՝ նույն խավարը, նույն գաղջ օդը, նույն բնակիչը։
– Հա, իմիջիայլոց, ինչի՞ ես դեռ էստեղ… իսկ քո զորավոր ուղե՞ղը, թիկունքիդ կանգնած ա՞զգը։
– Գործում են,- շշուկով հավաստիացրեց գիտնականը,- դեռ փոխանակվող գերիների թիվն են ճշտում:
– Հիմա ի՞նչ թիվ են ասում:
– Վերջին անգամ պահանջել էին երկու հազար:
– Եվ ի՞նչ…
– Ես իհարկե ավելին արժեմ, բայց մերոնք այդքան թուրք գերի չունեն:
– Դու մեռար։
– Չէ, արդեն պայմանավորվել են, որ սրանք մի քիչ սպասեն, մինչև պահանջված թիվը լրանա: Հենց գնացի, քո համար կբարեխոսեմ:
…Թուրք զինվորը մրսած էր, խորխոտ հազում էր ու քթի տակ հայհոյում հիվանդությանը։ Մարատը ոտքերը քարշ տալով գնում էր նրա ետևից:
– Մարդավարի քայլի, էստեղ հողը կավ է, դրա փոշին խեղդում է, առանց էն էլ թոքերս լավ չեն, մի ամիս է՝ հազում եմ,- հազից խեղդվելով ընդհատ-ընդհատ գոռաց թուրքը,- Նա՝ խը…խը…խը…,- կլկլացրեց կոկորդում ու խորխը կում անելով թքեց գետնին,- արդեն կոկորդս փակեց:
Կանգ առնելով՝ Մարատը ոտը խորքանց խրեց հողի մեջ ու սկսեց տարուբերել՝ հիանալով դեպի ծնկները բարձրացող շեկ փոշով.
– Երեխա ժամանակ սրանից առարկաներ էի ծեփում:
– Հլա սրա ռիսկին նայի՞,- վրա եկավ զինվորը,- ասում եմ մի արա, խո՞ւլ ես, այ ոչխար։
– …Թոնիր, կժեր, անգամ հարևանի կովի կիսանդրին,- կանգ առնելով՝ երազկոտ կմկմաց Մարատը։ Ծնկեց փոշու մեջ ու սկսեց ձեռքերը կողքերից բերելով՝ գիրկը հավաքել չոր կավը:
– Մի՛ արա, խեղդեցի՛ր,- ուղեկցողը փոշուց երեսը մի կողմ դարձրած՝ կալաշնիկովի խզակոթով բոթեց նրա մեջքը,- վեր կաց:
– Մի վայրկյան,- նա շարունակեց գիրկը հավաքել տաք հողը:
– Վեր կաց,- հազալով ու գետնին թքելով ուղեկցողը զենքը պահեց նրա վրա,- կկրակեմ:
– Մի վայրկյան, խնդրում եմ… Խնդրում եմ, մարդ եղիր, թույլ տուր վայելեմ ազատությունս:
– Փոշու մեջ թավալվելո՞վ:
– Հիմա մի բան կծեփեմ սրանից:
– Դրա հետ պիտի ջուր խառնվի:
Մարատը արագորեն վեր կացավ գետնից, հասակով մեկ կանգնեց, հպարտորեն նայեց ոտքերի մոտ կուտակված կավին, քանդեց շալվարի կոճակն ու առատորեն միզեց փոշու մեջ: Ապա նորից ծնկեց ու սկսեց շաղել.
– Չես կրակի,- ասաց ինքնագոհ, ասես կավի հետ խոսելով,- ես գրանցված եմ Կարմիր խաչի մատյաններում:
Ուղեկցող թուրքը բարձր-բարձր հայհոյեց, գնաց փոշուց ահագին հեռու ու նստեց գետնին.
– Ինչի կրակեմ որ… կգնաս հայերի մոտ՝ նոր ինձ կհիշես,- սպառնաց։- Մենակ թե արագացրու, մենք պիտի կոնկրետ ժամի ներկայանանք, թե չէ կսկսեն շներով որոնել:
– Լավ է չէ՞, տես ինչ հոյակապ բան ստացվեց:
Զինվորը արհամարհական ժպիտը երեսին՝ մի աչքը ճտեց, մյուսով տնտղեց ծեփածը.
– Հիմա էդ ի՞նչ է:
– Պալատ:
– Պալա՞տ,- զարմացավ զինվորը ոտքի ելնելով ու մտածեց՝ եթե ասի վատն է, սա գուցե քանդի ու սկսի նորից,- Վատ չէ: Վեր կաց: Եթե ամեն մեկը իրենից հետո էսպիսի մի պալատ թողնի…
Հայ սահմանապահներին տեսնելով Մարատը ինքնամոռաց առաջ վազեց.
– Թուրքե՜ր,- գոռաց,- ձեր վերջը եկել է, Ջբրայիլն արդեն փչել է տիեզերական փողը։ Էլ վերջ։ Էլ փրկության ոչ մի հույս,- և բռունցքը օդում թափահարելով վանկարկեց,- Ղա-րա-բա-ղը մերն է, Ղա-րա-բա-ղը մերն է։
Սկզբում էշը տիրոջից առաջ էր։ Հավասարվեցին։ Տերն առաջ անցավ։ Հիմա էլ՝ էշը։ Ապա՝ տերը, ապա՝ էշը… Մեկ՝ էշը, մեկ՝ տերը։ Ինչքան զառիվերը թեքվում էր, տերն այնքան ետ էր մնում։ Անասունին բարձել անտառի ցախով, հո՛ չի բարձել՝ խփում է երկինք. չո՛շ, չո՛շ, ես քո տիրումերը, չո՛շ,- ետևից վազելով կանչում է, ու ճիպոտով էշի ոտներին՝ քաշի, քու էշ հերն եմ անիծել։
Ճիպոտն օդի մեջ սվվում-ֆշշում, դաղում է անասունի մեջքը։ Էշը ցավից խլուշտ-խլուշտ ձգվում՝ գլուխը գնում է առաջ, մարմինը՝ չէ։ Ողնաշարը ճթճթում է, բայց ճար չկա՝ ուժից վեր է։ «Քաշի, ես քու».-… ճարահատ տերը նստեց գետնին։ Շունչ քաշեց։ Նայեց մինչ երկինք բարձած սայլին, բեռան տակ ճկռած-կանգնած էշին։ Վեր կացավ։ Սայլի տակից քաշեց հանեց մի ուրիշ պարան, կապեց սայլին, մյուս ծայրը գցեց վիզը։ Մեկ, երկու, երեք… Երեք հաշվին ձեռքով խփեց անասունի մեջքին ու երկուսով միաժամանակ վզները ձգած պոկվեցին առաջ։ Ցախի դեզը ցնցվեց, քարերը սայլի անիվների տակից գլգլացին։ Տաք քրտինքը տիրոջ շեկ մազարմատներից ճակատախառը լվալով՝ առու կապած հոսեց կնճիռների միջով, կզակից կաթկթաց դոշերին… էշինը՝ ոտքերից էր քրտինք թափվում. կողերից տաք գոլորշի էր ելնում, քամակի մոտ դառնում կաթիլներ, հոսում ոտքերով ցած, թրջում սմբակ ու հող։
Երբ տեղ հասան, տերը վզից հանեց-շպրտեց պարանը. «Ես քո տիրոջ մերը…- հայհոյեց կենդանուն,- հիմա ե՞ս եմ լավ էշ, թե՞ դու»։
Զինվորները նրանց նայում էին զարմացած, մի քիչ էլ վախեցած, և եթե մարդը մենակ լիներ, տեսիլք կհամարեին: Բայց էշը չափազանց կոպիտ էր բնազանցական լինելու համար. նախ և առաջ՝ ավանակին էշ դարձնող հաստ գլխով, փրչոտ ոտքերով, սմբակներից մեկն էլ չկար, փոխարենը մի մեծ, կլոր կաուչուկի կտոր էր հագցրած, պոչից էլ՝ բարձած սայլը կախ։ «Իսկ գուցե թռիչքի պահին որևէ հրեշտակ ծրտե՞լ է սրանց»,- մտածեց առաջապահը, մոտեցավ, զննեց էշին ու նրա բացակա սմբակը և կեղծ հիացմունքով սուլեց:
– Մի դու լինեիր սրա փոխարեն,- էշի կողմը բռնեց տերը,- գիտես հե՞շտ է կաղ ոտքով սարերը բարձրանալ և դեռ հետն էլ էսքան բեռ քարշ տալ:
– Փաստորեն հասարակությունը անշնորհակալ է,- չէր դադարում ծաղրել զինվորը,- նույնիսկ Ձեզ առողջ էշ չի հասնում:
– Առողջ էշը պատերազմի ժամանակ զրահատեխնիկա է, ո՞վ կթողնի իմ ձեռքին,- իշատերը թևքով սրբեց ճակատն ու դժգոհ հայացքը ուղղեց որսորդների ժամանակավոր կացարանի հողաշեն տան պատին, որի վրա առայժմ կարմիր տառերով գրված էր՝ շտաբ:
– Մի մոռացեք, որ Հիսուսը ավանակով մտավ Երուսաղեմ,- տեսնելով, որ էշը իր կաուչուկե սմբակով հետաքրքրեց և զինվորները հավաքվել ու ծիծաղելով տնտղում են, փորձեց էշին ծաղրից փրկել տերը:
– Բայց դրանից էշը ձի չդարձավ:
Շտաբից դուրս եկավ մի զինվոր, վազքով մոտեցավ.
– Տեր հա՞յր…
– Արա, բա սա կյա՞նք ա, ես ըսենց կյանքը…- հանած շապիկով նախ իր դեմքն ու վիզը սրբեց, հետո էշի կողերը։
Զինվորները զարմացած նայեցին, որովհետև տղամարդը սովորական հագուստով էր, ոչ թե սքեմով, ապա ծիծաղելով փսփսացին իրար ականջի.
– Ապե, էս տերտերը պանկ ա:
– Համա տերտեր ա, էշին հավասար փետ ա կրում։
– Ինչի տերտերը չի՞ մրսում, թե՞ ճաշ չի եփում։
– Բա տերտերի բաժին ջերմությունը երկնքից չի գալի՞։
– Էնքան անտերուդուս մարդ կա երկնքի հույսին… երկնքի հույսին որ մնա…
– Հետն էլ քֆուր ա տալի:
– Դե հերիք է, էլի… տերտեր է, թող գա իր աղոթքն անի, գնա, հո չենք ասում՝ սարեր շուռ տա,- սաստեց շտաբի հերթապահը ու շրջվեց տերտերին.
– Մեր ուզածը բերե՞լ եք:
– Բա ինչի՞ս էր պետք էս տանջանքը,- նա թփփացրեց էշի քրտնած մեջքին ու սկսեց շալվարի փողքերից պոկոտել փշերը:
Տեր հորը նրանք հիշեցնում էին հեռագրասյան լարերին թառած թռչուններ՝ ուղղագիծ շարված, բոլորը միանման՝ համազգեստով, տարիքով, պատրաստակամությամբ… Նա մի պահ միտքը կտրեց կանաչների վրա տողանի կանգնած զինվորներից և ուզեց հիշել՝ տղան իրենց այգու խրտվիլակի գլխին փաթաթե՞ց օձերի պես ծռմռված երկաթալարերը, որ անկուշտ կաչաղակները վախից այգու տեղը մոռանան։ Ապա միտքը ետ բերեց այգուց ու հպարտորեն նայում էր հերթապահի ձեռքի ճիպոտին, որը զինվորական հրամանի պես հատու բարձրանում, հատու էլ իջնում էր ավանակի մեջքին։ Ավանակը հերթապահին հավասար քայլ էր անում, չստանալով երկրորդ հարվածը՝ կանգնում։ Հերթապահը էշին, իսկ էշը սայլակը առաջ քշելով շարժվում էին շարքի առջևով, հավասարվում զինվորին, սա գոռում էր իր անուն-ազգանունը և կոշիկի համարը։ Հերթապահը մխրճվում էր սայլակի մեջ, ջոկջկում համապատասխան համարը, մեկնում զինվորին։ Ճիպոտը բարձրանում էր, նորից իջնում ավանակի մեջքին. անցնում էին առաջ։ Հավասարվում էին հաջորդին։ Սա էր գոռում իր անուն-ազգանունը և կոշիկի համարը։ Հերթապահը պատրաստակամ կռանում էր սայլի վրա, հող փորող շան պես թաթերով աջ ու ձախ անում կաշի ու ներկ բուրող կոշիկները։
Եվ այսպես՝ մինչև շարքն ավարտվեց։ Տերը հպարտորեն նայում էր հերթապահի պես կարգապահ ու պահը գնահատող էշին, և համոզված էր, որ իր տնային անասունը ևս մեծ ավանդ ունի հայրենիքի ազատագրման գործում։ Վերջին զինվորի մոտ սայլակը դատարկվեց։ Շարքայինը դժգոհ էր. նա շուռումուռ տվեց ստացած սապոգները, նայեց սեփական ոտքերին, քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց։ Հավանաբար կոշիկը ոտքին մեծ էր կամ փոքր։ Հերթապահը ճիպոտով մատնացույց արեց դատարկ սայլակը, վեր քաշեց ուսերը, ապա վերջին հարվածն իջավ էշի մեջքին։ Էշը քայլ արեց ու կանգնեց։ Հերթապահը նայեց էշին, ճիպոտը շպրտեց սայլակի մեջ, տերհորը օդի մեջ ձեռքով շնորհակալության նշան արեց ու մտավ շտաբ։ Զինվորները նստոտեցին այսուայնտեղ, փորձեցին սապոգները և վազեցին գերիների խցերը՝ ստուգելու, թե որքանով են նոր կոշիկները հարմար որպես աշխատանքային գործիք։
Պատի տակ հարմարեցրած քարերին տեղավորված զինվորը աջ ու ձախ նայելով հսկում էր բակը ու զրուցում կողքին նստած ցնցոտիավոր գերու հետ:
– Լսի,- ասում էր,- Մարատ տղա։ Արի խելք հավաքի, ես քո կողմից եմ, արի հլա ինձ ասա՝ հա՞յ ես, թե թուրք։
– Բա հիշո՞ւմ եմ։
– Այ ցավդ տանեմ,- համոզում էր շարքայինը,- վատ մի զգա, թուրքն էլ վատ բան չէ, թուրքն էլ է մարդ։
– Հավատա՝ չեմ հիշում։
– Ոչ մի բան չես հիշո՞ւմ։ Արա, դու հո հավ չե՞ս։
– Չէ ինչի՞, որոշ բաներ հիշում եմ։ Օրինակ՝ արծիվ ունեի։
– Իսկակա՞ն։ Սուր-սուր ճանկերո՞վ։ Էրեկ մեկը էկել-նստել էր շտաբի կտուրին։ Քոնը է՞գ էր, թե՞ որձ։
– Աա՜, ես շատ գիտեմ։ Իմ ունեցածը խրտվիլակ էր, բայց լավ մեծ, սիրուն։
– Դո՞ւ էիր խփել։
– Չէ, ախպեր, ես երբեք զենք չեմ ունեցել։ Շուկայից էի առել, փոխանակել էի…- ներսից եկող գոռգոռոցներն ուժեղացան։ Մարատը մոռացավ արծվին ու նրա խրտվիլակը.
– Ինչի՞ ինձ էլ չեք ծեծում,- նեղսրտեց,- մյուսներից ինչո՞վ եմ պակաս:
– Ահ, քանի՞ տարի պիտի նույն մարդուն ծեծենք: Մեր գործում, ինչպես սեքսի գործում՝ նոր մարդ նշանակում է նոր մարմին, նոր մարմին՝ նոր հույզեր ու զգացողություններ… մի խոսքով՝ թարմություն:
– Թե՞ որոշել եք սպանել:
– Չէ: Նախ՝ գեներալ ենք վերցրել: Ընդունիր, որ գեներալի առաջ դու ոչ ոք ես, քո արած ամենամեծ հերոսությունը արծվի խրտվիլակն է. էն էլ դու չես խփել արծվին, շուկայից ես առել: Իսկ գեներալը երեք գյուղ է հավասարացրել հողին և բնակիչներին քառատել: Հավասա՞ր եք՝ իհարկե ոչ: Էնպես որ՝ կոնկրետ ինձ համար գեներալին ծեծելն ավելի պատվաբեր է, քան քեզ:
– Էլ ձևեր մի թափի… պատվաբե՜ր… ասա՝ ձեռքի տակ գեներալ ունեք, լկտիացել եք, վրաս վերից եք նայում: Իսկ եթե անկեղծ՝ չեմ էլ հավատում. ով ուզում է թիթիզանալ՝ասում է գեներալ է բռնել, ոնց որ լոպպազ տղերքը, որ գլուխ են գովում, թե քնել են թաղի գեղեցկուհու հետ:
– Հեչ էլ հավատաս… դե, վերջին հաշվով, դու էլ ես զգում, որ վերջերս քեզ ծեծում ենք էն ժամանակ, երբ ուրիշ գերի չենք ունենում, դու ախր էնքան գնացիր ու եկար՝ հարազատացար. քեզ պահել ենք սև օրվա համար:
– Էլ մի մխիթարի, որոշել եք սպանել:
– Մենք չենք կարող քեզ սպանել: Քեզնով հետաքրքրված է Կարմիր խաչը: Կարմիր խաչից մարդ պիտի գա, քեզ էլ հետը կուղարկենք ձերոնց մոտ:
– Մերո՞նց… բայց ես…
– Փաստաթո՛ւղթ՝ տարեթիվ, կնիք, ստորագրություն: Ունե՞ս: Չունե՛ս:
– Թողել եմ տանը:
– Դե դրա համար քեզ ուղարկում ենք Կարմիր խաչի հետ: Նախ՝ կգնաս Եվրոպա, ապա…
– Լսի,- ձայնում թախանձանք՝ նա մտերմաբար բռնեց շարքայինի թևը,- էդ Եվրոպային շատ մի հավատա: Դրանք շատ քոքվածն են. տանում են մեր ուղեղները և նրանց մտքի նվաճումներով գալիս են մեզ ստրկացնելու, ինչպես թուրքերն էին հայ որբերին հավաքում, սարքում ենիչերիներ և հանում սեփական ազգի դեմ։ Իսկ առհասարակ կյանքում բոլորն էլ ստրուկների կարիք ունեն՝ Աստված՝ հավատացյալների, ծնողը՝ երեխաների, Արևմուտքն՝ Արևելքի… Ասածս ի՞նչ է՝ հիմա, եթե դու… իբր… ասում եմ՝ իբր, ոչ թե իսկականից: Դու… իբր… մի րոպեով… մի րոպեով, շատ չէ: Հավատա, որ չեմ խաբի՝ ուղիղ մի րոպե, կարող ես նայել ժամացույցիդ: Իբր դու մի րոպեով քնես: Տո չէ՝ ի՞նչ եմ ասում, ինչ քնել, աչքդ կպցնես: Ննջես հա՛: Ուղիղ մի րոպեով բեր մտածենք՝ Եվրոպայի հերն էլ անիծած, մեր հարցերը ինքներս լուծենք. դու մի պահ աչքդ կպցրու, ես փախչեմ:
Շարքայինը ծիծաղեց: Ձեռքը խփեց նրա ծնկին.
– Թուրքերի մասը դուրըս էկավ,- տեղից վեր կացավ ու հիմա էլ կեր որոնող թռչնի նման սկսեց բակով արագ-արագ գնալ ու գալ՝ մարմինը առաջ ու ետ տանելով, գլուխը թեքելով աջուձախ, ասես տեսել էր մեկին ու անմիջապես էլ տեսադաշտից կորցրել և հիմա որոնում էր:
Ներսից շարունակում էին հարվածներին համապատասխան ուժգնությամբ գոռոցներ լսվել: Մարատը նեղսրտեց. ամեն, ամեն ինչ աշխարհում այլասերվել է: Ո՞ւր են, ո՞ւր՝ նիզակավոր, տեգ կրող զինվորները, որ հարգանք էին ներշնչում, որ տարիներով պայքարում էին, կոփում իրենց մարմինն ու հոգին, որպեսզի արժանանան զենք կրելուն… Իսկ սրա՞նք: Ամեն ինչ արժեզրկվել է, փոխվել է ժամանակը, փոխվել է զինվորի աշխատանքային գործիքը, ում ասես սապոգ են հագցնում… Մահ առաքելը կորցրել է ամեն հմայք ու խորհուրդ:
…Խխմած, տեղ-տեղ քար ու ծեփ թափված, նույն տեղից էլ մոլախոտ բուսնած ու քարաքոսով պատված պատին հենված, տերտերը էժանագին ծխախոտ էր ծխում, մինչև մեկն ու մեկը դուրս գար, տար ծրարը, ու ինքը դեմքով պատը, մեջքով մարդկանց դարձած, ծոցում պահելով՝ գնար։ Նա երանությամբ ծուխը պահում էր կոկորդում, դանդաղ դուրս փչում պնչներից ու նայում էր բակում կանգնած իր էշին, զինվորական առօրյային, հպարտ զինվորներին, կեղտոտ գոգնոցով մեծ դանակը ձեռքին գառան ետևից վազվզող խոհարարին։ Գառը հաստ դմակը պոչից կախ, աջուձախ ճոճելով վազվզում էր բակով։ Բռնեք, բռնեք՝ տարօրինակ նիհար խոհարարը գոռալով վազում էր կենդանու ետևից, և տեր-հայրը մտածեց, որ իր կողմից շատ խելամիտ որոշում էր՝ գառը բերել զինվորներին. ևս մի ամիս և որձի ծանր հոտը կկպչեր մսին ու ուտել չէր լինի։ Էշն իրեն հերիք է։ Էշը նվիրված, դիմացկուն… պոչը տանում-բերում էր, ուզում էր հասցնել աչքերին ու քշել վրա տվող ճանճերը… Ու նայում էր բեզարած էշին, նրա ետևում՝ սայլին, որը հերոսաբար տեղավորել էր գառը, զենքը, փայտ ու հագուստ, ծուխը դանդաղ փչում էր փրչոտ ընչանցքի մեջ, քուլաները մխալով ելնում էին մազմորուքի միջից, ծլուլ-ծլուլ տարածվում։
– Էշս,- հանկարծ գոռաց նա ու վազեց առաջ,- էշս տանում են։ Այ մարդ, թող էշիս։ Անասունը քեզ ի՞նչ է արել։ Ինչի՞ ես քաշքշում։
Մինչ նա ձեռքերը տարածած, գոռգոռալով վազում էր դեպի էշը՝ առանց ափսոսալու հենց նոր վառած ծխախոտը գետնին նետելով, զինվորները ծիծաղելով նայում էին։
– Այ ախպեր, հանգիստ թող էշին,- իրար էր խառնվել տերը։
– Ես շոյում եմ, սիրում,- արդարացավ գերին։
Վերջապես զինվորներից մեկը մոտեցավ:
– Շո՛ւտ՝ համբուրիր տեր հոր ձեռքը,- գոռաց, ապա դարձավ տեր հորը,- տեր հայր, աջդ մեկնիր էս թուրքին։
Տեր-հայրը խղճահարությամբ նայեց գերուն: Զինվորը ուժով խլեց նրա ձեռքը ու Մարատի գլխին բամփելով բղավեց.
– Շո՛ւտ, համբուրիր տեր հոր աջը:
Սա վախեցած համբուրեց:
– Խաչակնքի՛ր,- շարունակում էր զինվորը,- խաչակնքիր, թո՛ւրք, թե չէ կսպանեմ:
– Հանգիստ թող նրան, առանց էն էլ մեղք է՝ արդեն գերի է,- զինվորին հանգստացրեց տերտերը:
– Բոլորս էլ գերի ենք, տեր հայր,- շարունակում էր գոռալ զինվորը,- բոլո՛րս: Աստծո պատվիրանները հենց գերության մանդատ են, որ տրված է յուրաքանչյուրիս: Խաչակնքի՛ր…
Ձայների վրա շտաբից դուրս եկավ սպան.
– Շարվեք, շարվեք,- դաստիարակի պես ծափ զարկելով կանչեց զինվորներին,- ուշ է, տեր-հայրը պիտի արարողություն անի:
Քաշքռնելով գերուն տարան, նետեցին գոմ հիշեցնող շինության բաց դռնից և սպայի կողմը նայելով սպասեցին գովասանքի։
– Արա՛գ, արա՛գ,- նորից ծափ զարկեց սպան։
Աջուձախից զինվորները զգաստացած վազեցին բակի կենտրոն.
– Նրան հասկանալ կարելի է,- մինչ զինվորները շարվում էին, իր ենթակային տերտերի աչքում փորձում էր արդարացնել սպան,- երկու օր առաջ նրա եղբորը սպանել են:
…Շեկ տերտեր՝ դեղին մորուքով։ Բարձրահասակ, գլուխը արևին հավասար։ Ալելուիա՜,- կանչում էր. ձայնը կիլոմետրերով ձգվում էր՝ ծորուն-ծորուն, մինչև կուլ էր գնում անտեսանելի հեռուներին։ Դառնահամ խնկի գոլ ծխից երկինքը կակղել, կախել էր պոչը: Ալելուիա՜,- քաղցր ձայնով հո չէ՜ր կանչում տերտերը… «Տեր գթա զծառադ…»,- խորհուրդ է տալիս, խնդրում ու կարդում ռուսական ազգանուններ՝ Իվանով, Վասիլև, Ալեքսանդրով, Սինիցին… Քիչ հեռվում շարքով պառկած անծանոթ դիակներ, անծանոթ կյանքեր՝ զոհված օտար հայրենիքի համար, թաղվող օտար տերտերի աղոթքով։ Աղոթքը ձգվում էր, խնկահոտն էլ հետը…
Շարք կանգնած զինվորները գլուխները խոնարհած, մտքներում աղոթում էին տեր հոր հետ: Մեկը փսփսաց.
– Աստված ո՞նց է հանդուրժում սրան՝ հայհոյանքը ծալեց մի գրպանը դրեց, մյուսից հանեց Աստվածաշունչը…
– Շարքում լռությո՛ւն,- սաստեց սպան տեր հոր աղոթքի միջից:
Շտաբից մի զինվոր վազելով եկավ, ծրար հանձնեց։ Տերտերը վերցրեց, խոթեց ծոցը, թռավ սայլի մեջ ու խռոված՝ մտրակն իջեցրեց էշի մեջքին։
– Չո՛շ, չո՛շ…- սրտի նեղությունից նրա ձեռքը օդի մեջ թափ էր հավաքում, որ նոր ուժով իջնի կենդանու մեջքին:
Մարատը նրան նախկինում էլ էր տեսել և նրա մեջ նշմարել էր Աստծո ախտանիշը։
– Օգնեք ինձ, օգնեք էստեղից դուրս պրծնել։ – Նա նետվեց սայլի առաջ՝ թախանձելով.- Տվեք ինձ Աստվածաշունչը։
Տեր հայրը ձիգ քաշեց վարգելու պատրաստ ավանակի սանձը, մտրակը վայր դրեց, ծոցից հանեց ու պատրաստակամ առաջ պարզեց մեռոնաբույր Կտակարանը։
– Համբուրելո՞ւ,- զարմացած նայեց գերուն։
– Առհասարակ։
– Ընդմի՞շտ։ Զավակս, դու փոխում ես քո Աստվա՞ծը։
– Իսկ Դուք ի՞նչ գիտեք՝ գուցե ես քրիստոնյա եմ։ Եվ հետո՝ արժե, լրիվ արժե փոխել այն Աստծուն, որն ինձ այսքան տարի թողնում է գերության մեջ։ Աղաչում եմ, տեր հայր, ինձ տվեք Աստվածաշունչը։ Եթե նրանք մոտիցս Աստվածաշունչ հանեն, կհավատան, որ հայ եմ։
– Զավակս, բայց սա իմ անձնական օգտագործման Ավետարանն է։
– Թող էլի ձերը լինի։ Դուք ուղղակի ինձ հյուրասիրեք։ Մինչև խուզարկություն։ Լուսադեմին կվերադարձնեմ։ Ազնիվ խոսք։ Մի քանի ժամով… ուղղակի պարտքով տվեք։
– Տեր հայր,- կանչեցին թիկունքից,- Հանկարծ չգնաս, քեզ ենք սպասում։
– Օրհնյալ լինեք,- կանչին արձագանքեց տերտերը։
– Արդեն եղել ենք՝ նոր գյուղ ենք գրավել։ Եկեք, որ նշենք մեր հաղթանակը։ Պիտի օրհնեք,- կանչողը հասկացավ, որ տեր հայրը զբաղված է ու խոսելով մոտեցավ նրան անձամբ ուղեկցելու։ Մարատը զինվորի մոտենալը տեսնելով՝ խլեց տեր հորից Կտակարանը ու խոթեց ծոցը։
– Պարտքով,- հասցրեց շշնջալ տեր հայրը։
– Չկասկածեք,- գերին էլ զգուշավոր շշնջաց։
– Տեր հա՞յր,- զարմացավ մոտեցող զինվորը՝ նրան ոտից-գլուխ զննելով,- լսեցի՞ր՝ նոր գյուղ ենք գրավել,- կատակով բոթեց տերտերի կողը,- «զենքերդ» ո՞ւր են՝ Ավետարան, նշխարք, մեռոն, խաչ ու աղոթք… լրիվ արժանի ենք։
– Չեմ կասկածում, բայց դրանք ուրիշ արարողությունների համար են նախատեսված։
– Ուրի՞շ։ Ավետարա՞նն էլ։ Դա էլ հո ամենօրյա օգտագործման համար է։
– Հա։
– Դե տուր, տուր առաջինը ես համբուրեմ, քանի խմած չենք ու մռութներս էլ մաքուր են։
Տերտերը շոշափեց կուրծքը, թփթփացրեց գրպաններին.
– Ով գիտի՝ գրպանիցս ընկել է։
– Մի րոպե…- զինվորը վազեց ներս։ Դուրս եկավ տասը-տասնհինգ հոգու հետ:
– Չշարժվել,- հանգիստ ու սպառնագին ողջ տարածքով մեկ հրամայեց բարձրախոսը,- կորել է տեր Միքայելի անձնական օգտագործման Կտակարանը։ Գտնողին խոստանում ենք պարգև։
– Երևի բարձրանալիս սարի դոշին է ընկել,- բարձրախոսի ուղղությամբ նայելով ենթադրեց տերտերը։
– Կարևոր չէ՝ ուր։ Ուր էլ լինի՝ կգտնենք։
Զինվորները ցրվեցին աջուձախ ու սկսեցին որոնել։ Մարատը կռացավ, շոշափեց խոտերը.
– Գտա՛,- բղավեց,- գտա՛,- ու Կտակարանն առաջ պարզած վազեց տերտերի ուղղությամբ,- վերցրեք, ես գտա Աստվածաշունչը, մեր Աստվածաշունչը։ Եվ փառք Աստծո։
– Օրհնյալ լինես, զավակս,- ուրախացավ տերտերը։
Խնջույքի ամենաթեժ պահին տեր հայրը վերցրեց բաժակն ու ասաց.
– Հիմա մեզ մոտ մի գերի կա։ Ինչների՞ս է պետք. էդ մի հոգու ապրել-չապրելով, ծեծել-շոյելով ի՞նչ պիտի փոխվի կյանքում։ Եկեք քրիստոնեաբար՝ մեր ուրախությունը զարդարենք բարեգործությամբ. նրան ուղարկենք, տանք թուրքերին։ Վերջին հաշվով՝ պատերազմը դեռ առջևում է, դեռ էնքա՜ն գերիներ։ Չարժե դողդողալ սրա վրա։ Բերեք ուղարկենք իր երկիր, մեր ուրախությունը թող կատարյալ լինի։
– Ինչպես Աստծո կամքն է,- որպես համաձայնության նշան՝ բաժակ բարձրացրեց գեներալը,- միշտ էլ մեր բարությունից թշնամին շահել է, իսկ մենք՝ տուժել,- նա խմեց ողջ գինին, ապա շրջվեց, պղտոր հայացքով նայեց անորոշ մի կետի ու բղավեց.
– Գաբրիելյա՛ն։
– Հո՛։
– Էդ գերուն տար, տուր իրենց, արի։
– Բա ո՜նց,- մռթմռթալով սեղանից մսի մի մեծ կտոր վերցրեց ու խռով-խռով կծեց Գաբրիելյանը,- դուք ձեր համար քեֆ արեք, իսկ ես՝ բարեգործություն,- ու գնաց կատարելու հրամանը։
– Ախպեր,- դիմադրում էր թուրք սահմանապահը,- ես քեզնից գերի ուզե՞լ եմ։ Որևէ մեկը քեզնից գերի ուզե՞լ է։ Ինչի՞ ես բերել։
– Բարեգործության կարգով։
– Դե ռադ էղեք, դուք ձեր բարեգործությունն արդեն արել եք… Հրեն ձեր բարեգործությունը,- նա ցույց տվեց գետնին կողք-կողքի շարված դեղին գլուխներով դիակները։- Մեկ է՝ ռուսների պատասխանը դուք եք տալու։ Էնպես որ՝ «բարեգործությունդ» վերցրու ու…- նա չարացած հայացքով տնտղեց Մարատին,- …ռադ էղեք էստեղից։
– Ա՛յ քեզ պատերազմ,- ապշեց Մարատը,- հաղթել են հայերը, պարտվել են թուրքերը, բայց երկու կողմից էլ զոհվել են ռուսները։
– Էդ դարդն էլ են քեզ տվել, նրանք մեռել, պրծել են։ Դու քո դարդը լացի,- նեղսրտեց Գաբրիելյանը ու շարունակեց սահմանապահին համոզելը.- Էսքան ճամփա… էս գիշերով… հլա սրա վիճակը նայի։
– Այ ապուշ հայ, բախտդ բերել է՝ մենակ եմ, թե չէ քեզ հում-հում կուտեին։ Վերցրու էս կմախքը, էստեղից ռադ էղի։
– Ինձ հրամայված է հանձնել օրինական տիրոջը։
– Իսկ ինձ հրամայված չէ որևէ բան ընդունել։ Օրինական տեր՝ չէ մի… ինչ իմանամ ի՞նչ ես հուպ տալիս՝ շպիոն, մահապարտ, եսիմ ինչ գրող ու ցավ։ Ինչ իմանամ դրա փորը լրիվ պայթուցիկ չի՞ լցրած։
Գերին քաշեց Գաբրիելյանի թևից ու շշնջաց.
– Արի դուրս գանք, ինձ մի տեղ սպանիր, կասես հանձնել ես… երկուսիս համար էլ ընտիր կլինի։
– Քո ապուշ հերն էլ ըդտեղ անիծեմ,- նեղսրտեց Գաբրիելյանը,- ես քո համար մարդասպա՞ն եմ։
– Կամ էլ…- կմկմաց Մարատը,- կամ էլ ազատ արձակի, կասես՝ ճամփին կորցրել եմ, կամ էլ ոչ մի բան չես ասի՝ հանձնել ես, ախպեր։ Վե՛րջ։
– Իսկական ապուշ թուրք ես։ Ինչի՝ ես էդ տեսակ զինվոր ե՞մ, որ ինձ հանձնած գերուն կորցնեմ։ Հա՞վ եմ։ Ինչի՞ պիտի հանուն քեզ սուտ ասեմ։ Իսկ գիտես ի՞նչ կպատահի, որ քեզ լսեմ. կուտեն, մեկ վայրկյանում՝ սահմանապահներից սկսած, գելուգազանով վերջացրած քո նման դեբիլի են սպասում։ Կուտե՛ն։
– Շուտ արեք,- բղավում էր թուրք սահմանապահը,- ազատեք տարածքը։ Կխփեմ, և թքած միջազգային հանրության կարծիքին, լսեցի՞ք, կխփե՛մ։
– Չես անի, միջազգային հանրությունը կկատաղի և քեզ այլևս զենք չի մատակարարի։ Ականջդ բեր,- մատով թուրքին մոտ կանչեց Գաբրիելյանը։
– Քեզ ականջ մոտեցնեմ՝ ումի՞ց ուզեմ,- հոխորտաց թուրքը,- ասա, մեկ է՝ սրանից բացի լսող չկա,- գլխով ցույց տվեց գերուն։
– Ա՛յ թուրք, ինչի՞ ես բախտիցդ փախչում։ Գերին իր ոտքով եկել է դուռդ։ Դու էլ՝ մենակ։ Վերադասիդ ասա՝ ուզում էր սահմանը անցնել, կամ ձեր դիրքերը տրաքացնել, կամ նման մի բան… Դու էլ հերոսաբար պայքարեցիր, մաքառեցիր, գերի վերցրիր ու…
– Ու ի՞նչ։
– Ու մեդալդ ստացար, գնացիր մաքուր կաբինետում նստեցիր հայր Ալիևի նկարի ներքո, սահմանի վրա էլ ով ուզում է՝ թող տանջվի։
Թուրքը երկիմաստ նայեց.
– Գիտես հե՞շտ է հայ բռնելը,- քաջալերեց Գաբրիելյանը։
– Ես թքած ունեմ ամեն տեսակ կոչումների վրա,- գոռաց թուրքը,- դրան թող ու ռադ էղի էստեղից։ Էղա՞վ։
Գաբրիելյանը մոտեցավ Մարատին ու եղբայրաբար թփթփացրեց ուսին.
– Դե, քեզ հաջողություն։ Վերջապես դու տանն ես։
…Բացվեց երդիկը։ Լույսը հորձանքով սուրաց ցած, ու հատակը կլոր ճերմակեց։ Մարատը քնատ հայացքով նայեց վեր ու տեսավ օդի մեջ սավառնող կատվին, որի աչքերը սարսափից մեծացել էին, ճանկերը թևերի պես տարածվել կողմ, բուրդը՝ փուշ-փուշ ու ցից-ցից։ Փիսոն երկնքից սրընթաց ընկավ ու սուր մլավոցով կախվեց կրծքից։
– Սրանով յոլա գնա, մինչև տեսնենք ինչ ենք անում։
Երդիկը փակվեց։ Մարատը վախեցած կրծքից պոկեց կատվին ու մի կողմ նետեց։ Կատուն աղիողորմ մլավոցով ծեփվեց պատին, ընկավ ցած, ու ձայնը կտրվեց։
Քիչ անց բռան մեջ բանալիների կապոցը շխշխկացնելով հայտնվեց հերթապահը։
– Կատվի համար իհարկե շնորհակալ եմ, բայց տվյալ պահին ինձ զրուցակից չէր հարկավոր, այլ դեղ։ Ներվի բորբոքում,- Մարատը տնքալով ձեռքը դրեց կոնքին,- որ սրվեց՝ մահ է։
– Եթե քեզ թվում է՝ կատուն նախաճաշի համար էր, սխալվում ես։ Դա հենց քո ուզած դեղն է։ Կապիր մեջքիդ, և վերջ ցավին։ Դրա միակ դեղը տաքությունն է, իսկ փիսոն տաք կպահի մեջքդ։
– Իսկ ո՞նց պիտի պոչն ու բեղերը իրար կապեմ։
– Այ քեզ հիմար։ Հլա հանիր բլուզդ։
Գերին հանեց քրքրված բլուզը։ Հերթապահը կատվին գցեց բլուզի մեջ, հարմարեցրեց նրա մեջքին ու շորի թևերը կապեց փորին:
– Յոլա գնա մինչև քեզ հանձնենք, հետո էնտեղ քեզ «կբուժեն» ոնց հարկն է,- չարախնդաց։
– Հանձնելուց հետո ինձ ազատ են արձակելու։ Կարմիր խաչից եկել են ինձ փրկելու, ինչպես հայոց թագավորների ժառանգներն էին գնում փրկելու իրենց նախնիների գերեզմաններից հանված, գերի տարված ոսկորները։
– Տեսա՞ր, տեսա՞ր, որ հայ ես։ Լավ էլ հայոց պատմություն գիտես։
– Տո չէ, ուղղակի գրագետ մարդ եմ։
– Ոչ բոլոր գրագետներն են էդքան ծանոթ հայոց թագավորների ոսկորներին։ Օրինակ ես՝ առաջին անգամ եմ նման բան լսում, որովհետև թուրք եմ, հասկացա՞ր։ Լավ, համարիր՝ չեմ լսել։ Վաղը քեզ պիտի հանձնենք, չեմ ուզում վրադ կապտուկներ լինեն։ Համարիր՝ բախտդ բերեց։ Դուրս արի։
– Էլի ծեծելո՞ւ եք։
– Չէ, տանում ենք քեֆի։
– Ավելի լավ է ծեծելով սպանեք, քան սպանվածների համար գերեզման փորեմ։ Տես, էս գլխից զգուշացնում եմ՝ սպանեք էլ՝ չեմ անի,- ճչաց,- չե՛մ անի։
– Լաչառություն մի դիր, ասեցի՝ քեֆի, ուրեմն՝ քեֆի։
Ըստ միջազգային օրացույցի՝ Եղբայրության օր էր։ Թուրքերը սեղանը գցած, ուտում-խմում էին, սիրազեղ ճառեր արտասանում խաղաղության մասին։ Բակում վանդակի մեջ, ի հաստատումն այս ամենի, ղունղունում էին աղավնիները։
– Սրանց օ՞դ ենք թռցնելու,- մինչ գեներալը դիտորդի համար ճառ էր ասում և իր ճառը մատուցում գեղարվեստական ձևավորմամբ՝ պռչպռչացնելով համբուրում էր նրան, Մարատն ու ուղեկցող զինվորը տնտղում էին աղավնիներին:
– Սրանք էսօրվա համար չեն, ուղղակի պիտի կուտ տանք։ Շտաբից են ուղարկել՝ Խաղաղության օրվա համար:
– Իսկ ե՞րբ է Խաղաղության օրը:
– Երբ Եվրոպան որոշի: Չնայած ճիշտ կլիներ դրանց տապակել,- զինվորը ծիծաղելով շշնջաց Մարատի ականջին,- Եվրոպան հո չի հաշվելու՝ մի՞ աղավնի օդ թռավ, թե՞ երեք։ Մանավանդ որ՝ շատ են։
– …Ու բոլորն էլ ճերմակ։
– Բոլորին էլ կուտենք, Եվրոպայի հերն էլ անիծած, մեր ստամո՞քսն է մեզ մոտ, թե՞ Եվրոպան։- Հորանջեց:- Իրենց էլ կհյուրասիրենք, հիմա եթե Պիկասսոն էդ հիմարությունը չաներ, Եվրոպան գուցե ագռավ բաց թողներ ի նշան խաղաղության։
– Ագռա՞վ։ Դա կարծեմ Նոյն արդեն արել է։
– Սըս… հո դու հա՞յ չես՝ Նոյին ես հիշում։
– Հո փորձանք չե՞ս. ես ագռավին եմ հիշում, ի՞նչ Նոյ։
– Կերեք, եղբայր գերիներ, կերեք,- դիտորդի հայացքը որսալով, քաղցրաձայն հրավիրեց թամադան:
– Կերեք, կերեք…- ռուսերենով քաջալերեց դիտորդը։
Մարատը քաղցած հայացքով նայում ու ագահորեն շնչում էր համեղ ուտելիքների հոտը, բայց հիշելով այն գործիչներին ու հերոսներին, որոնց այսպիսի սեղանների մոտ, եղբայրական համբույրներով ու բարության կոչեր բղավելով թունավորել են թուրքերը, չէր համարձակվում որևէ բանի ձեռք տալ։ Նա նայեց խմիչքից կարմրատակած դիտորդի դեմքին, որից արդեն անհեթեթ ու անհասցե ժպիտ էր ծորում, և թուքը կուլ տվեց։
– Ռուսների կենացը, որ նախաձեռնեցին էս լավ օրը,- գավաթը ձեռքին հայտարարեց գեներալ-թամադան:
– Խմում են բոլորը,- երջանիկ կոչերի, թուրք-ռուսական եղբայրության հավաստիացումների ու օրինակների հիշատակումով, պռոշ-պռոշի պաչպչվելով թամադան բաժակը շխկացրեց դիտորդի բաժակին ու կլլեց:
– Անո՜ւշ, անո՜ւշ,- բղավեցին սեղանակիցները և հետևեցին նրա օրինակին։
– Մի րոպե, մի րոպե,- պատառաքաղը շշի կողին խփելով ու ապակին զնգզնգացնելով ուշադրություն խնդրեց մի զինվոր։ Բոլորը նայեցին նրա կողմը։
– Պարոն դիտորդ, հարգարժան գեներալ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս գերին չի խմում ռուսների կենացը, այս լկտի, այս թշնամի, այս հայ…- վերջին բառի հետ նա բամփեց գերու գլխին,- խմի՛ր։
– Խմի՛ր,- հրամայելով գոռգոռացին բոլորը։
Գերին ցուցադրական անտարբերությամբ կողմ հրեց բաժակը.
– Խմիր,- սպառնագին գոչում էին բոլորը և զայրույթից հավաքում իրենց հարբած, յուղոտ շուրթերը։
Մարատը վեր թռավ տեղից, վերցրեց գավաթն ու բղավեց.
– Բոլոր գերիների անունից խմում եմ ռուս եղբայրների կենացը։
– Տեղդ նստիր,- սաստեց գեներալը,- գերին ի՞նչ իրավունք ունի խոսի բոլորի անունից, ամեն մեկը թող իր անունից խմի,- ու էլի հայացքները հառեցին համառ գերուն։ Զինվորներից մեկը մի լիքը բաժակ օղի խոթեց նրա ձեռքը,- խմիր, թե չէ… ռուսների մոտ մեզ խայտառա՞կ ես անում։
Գերին ոտքի կանգնեց, բռան մեջ սեղմեց գավաթը.
– Ով ռուսներին եղբայր է համարում, թող խմի։ Ես ռուսներին եղբայր չեմ, ես նրանց առողջություն չեմ ցանկանում, որովհետև եթե կոմունիստները Ղարաբաղը չպոկեին Հայաստանից ու չնվիրեին թուրքերին, հիմա էս պատերազմն էլ չէր լինի։ Այդ նրանց պատճառով ես այսօր չունեմ հայրենիք… այդ նրանց պատճառով է այս պատերազմը, և նրանց պատճառով եմ ես գերի, թող սատկեն բոլոր ռուսները… թող…- նա չհասցրեց արտաբերել հաջորդ անեծքը։ Հարբած դիտորդը նոթերը կիտեց՝ դա՜։ Գեներալը ցուցամատի շարժումով հրաման տվեց։ Զինվորներից երկուսը միաժամանակ հրացանի խզակոթով հարվածեցին գերու գլխին, սեղանի ետևից խլեցին, քռքաշ տարան։ Կանգնեցրին բակի կենտրոնում ու կարճ կրակոցով սպանեցին։ Զարնված գերին ծանր թմփաց գետնին։ Դիտորդը կարմրած աչքերը չռած, պղտոր հայացքով նայում էր:
– Ուշադիր նայեք,- մյուսներին ի ցույց գոռաց ոգևորված թամադան,- ով համարձակվի սեպ խրել մեր եղբայրության մեջ, կարժանանա այս բախտին,- ապա նստեց ու գինի լցրեց դիտորդի բաժակը,- խմենք, եղբայրս,- մխիթարեց,- նման մանր-մունր բաները չպիտի փչացնեն մեր ախորժակը։
Այնուամենայնիվ Մարատը կերավ՝ ճիշտ այն կտորից, որից եղունգները խրելով պատառներ էր պոկում հարևան զինվորը։ Անսովորությունից ստամոքսը վեր-վեր էր թռչում, ցավոտ կծկվում, ու նա վախեցավ շատ ուտել։ Հացի մի մեծ պատառ փափուկ մսակտորի հետ խոթեց ծոցը։
Գերիներին նորից տեղավորեցին խցերը, բայց Եղբայրության օրը զինվորների համար տևեց մինչև ուշ գիշեր։ Հնչում էր երաժշտություն, երջանիկ ու հարբած զինվորները իրար գրկած պարում էին, գոռգոռում, օդ կրակում՝ իրենց ուրախությունը ավելի ճիշտ արտահայտելու համար։ Մարատը քաշվեց խցի անկյունը ու սկսեց լփլփալով ուտել. միևնույն է հարբած զինվորների ուրախությունը թույլ չի տա քնել։ Հենց այդ պահին դուռը բացվեց ու մի քանի զինվոր ներս մտան։ Լապտերի լույսն աջ ու ձախ գցելով գտան Մարատին:
– Քե՞ֆ ես անում,- սկսեցին խփել։
– Էդ ի՞նչ եք անում, ախր էսօր Եղբայրության օրն է,- արյան հետ պատառը թքեց Մարատը,- էսօր մենք եղբայրներ ենք, իրար չենք ծեծում ու չենք սպանում մինչև վաղը:
– Եղբայրության օրը պրծավ, արդեն գիշերվա տասներկուսն է, արդեն վաղն է, դիտորդը գնաց… արի էստեղ, ես քու մերը…
…Դախացած խոտերից կապած ավելով պարտաճանաչ հերթապահը գետինը քերելով մաքրում էր բակը:
– Էյ,- շշնջաց Մարատը։
Հերթապահը շրջվեց:
– Ինչ հիշում եմ, բակն ես ավլում։ Վաղը-մյուս օրն էլ վետերան կձևանաս, կոչումներ ու թոշակ կուզես։
– Ինձ իրավունք չունեին էլ բանակ կանչելու,- բողոքեց սա,- ես երկու սիրտ ունեմ։ Հաշմանդամությո՛ւն։
– Դարդ մի արա։ Հիմա ամեն ինչ էլ բուժում են. ընդամենը մի վիրահատություն…
– Չէմիչէ։ Մենակ սրտիս մարդու ձեռք չէր դիպել, էդ էլ՝ ու պըրծ։ Ինչքան կապրեմ՝ կապրեմ։
– Լսիր, լավ տղա,- շողոքորթեց Մարատը,- ինձ ձերոնցից մի մարդ է հետաքրքրում, կարո՞ղ է՝ ճանաչես… մի մոլլա կար գերության մեջ, հետը նամազ եմ արել… ի՞նչ եղավ, ազատվե՞ց։
– Որ ասեմ հա, կհավատա՞ս։ Մոլլին պիտի փոխանակեին ինչ-որ դիակի հետ։ Երկար ժամանակ դիակը չէր գտնվում, իսկ երբ գտնվեց, կեղտոտ հայերը նոր խարդախություն մոգոնեցին՝ ասում են ինքը չէ, ԴՆԹ-ն չի համապատասխանում։
– Ափսոս։ Կսպանեն։
– Բա մենք կթողնե՞նք։ Էնքան հայ կսպանենք ու դիակները իրենց կտանք, մինչև մեկի ԴՆԹ-ն համապատասխանի։ Մենք կփրկենք մեր մոլլին, չենք թողնի։
– Արժի, արժի։ Լավ մարդ էր, իրար հետ նամազ ենք արել։
– Էդ ուզում ես ինձ հավատացնել, որ թո՞ւրք ես։ Դու հո գիտես, որ ինձ համար մեկ է, հո գիտես, որ ինձնից ոչինչ չկա կախված։ Ես էլ հո գիտեմ՝ հայն ով է. փառքն Աստծուն է տալիս, խաչը՝ սատանին հանում։ Հետո ի՞նչ, որ նամազ ես արել։ Ինչքան ուզում ես նամազ արա, ես հո գիտեմ՝ ինչ Աստված է քո ներսում։
– Գերիների հետ չշփվել,- սարսափազդու բղավեց բարձրախոսը:- Արագացրու, ա՛յ լակոտ, գործդ արա, էսօրվա միջոցառումը գեներալն է անցկացնելու։
Հերթապահը վախեցած նայեց ձայնի կողմը ու ջերմեռանդ գետինը ավլելով՝ հեռացավ։
«Միջոցառում,- մտածեց Մարատը,- համերգ։ Հաստատ համերգ։ Ռուս երգչուհիներ՝ մերկ ոտքերով ու սիլիկոնային շրթունքներով՝ բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ Գուցեև թատրոն։ Հիմա մոդա են շրջիկ թատրոնները։ Փողոցային, փոքրիկ թատրոն, տաղանդավոր, բայց իրենց արժեքը չիմացող դերասաններ։ Մարիոնետնե՛ր։ Խաղավարի մատերից թելերով կախված ամենատարբեր կուկուներ, որոնց կյանքը կախված է ընդամենը մատի շարժումից. հինգ մատերից մեկի…»։
«…Հինգ մատերից մեկի»,- մտածեց նա, երբ զինվորները պառկել հենց նոր ավլած հրապարակի մեջտեղում, ցուցամատը ձգանին, նշանակետին հարմարեցնում էին զենքը… Մարատը նայում էր սեփական կարևորությունը խիստ գիտակցող գեներալին, վախեցած, բայց դեռ մահվանը չհավատացող, հերոսաբար երգող գերուն: Կյանքում օրական քանի մարդ է ինքնասպան լինում, հենց այնպես՝ կում-կում թույն խմելով, դանակ խրելով կողը, քունքին կրակելով կամ կախվելով. մահվան ետևից վազելով: Բայց հենց պարզվում է, որ այդ կյանքը ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի պետք է, հերոսաբար սկսում են երգել ու թքել մահվան դեմքին։ Եթե երբևէ կյանքն ատեր այնքան, որ բանը հասներ ինքնասպանության, ինքը կընտրեր կախաղանը: Դա ավելի տանջալի է, ավելի համոզիչ, որ այլ ելք չկար: Թեև իր իմացած ինքնասպանություններից ընդունելին արևի ինքնահրկիզումն է՝ առանց թափոնների. ոչ մի դիակ, ողբ ու կական, ոչ մի ծուխ ու փոշի՝ պարզապես եռում է մի հեղուկ արև:
– Ինձ սպանեք նրա փոխարեն,- բղավեց Մարատը,- ի՛նձ։
– Ձայնդ կտրիր, հիմար,- գոռաց գեներալի թիկնապահը։
– Դա իմ բաժին մահն է,- շարունակում էր աղաղակել նա։
Գեներալը շրջվեց պատուհանիկի կողմը, որտեղից գալիս էր ձայնը, մի քանի քայլ մոտեցավ։ Այդ ընթացքում զինվորները ձիգ ու զգաստ պառկած, մատները ձգանին սպասում էին հրամանի, իսկ պատի տակ կանգնած երիտասարդ գերին նայում էր իրեն նշանի տակ առած պարտաճանաչ զինվորներին ու էլի չէր հավատում մահվանը, դեռ երգում էր։
Գեներալը համարյա գլուխը կպցրեց պատուհանին.
– Ամեն մարդ ծնվում ու մեռնում է իր փոխարեն։ Դրանք այն եզակի դեպքերն են, երբ մարդն անփոխարնելի է,- ասաց,- ես ստիպված եմ տեղեկացնել այդ մասին, հիմար հայ, քանի որ պարտավոր եմ քաղաքավարի լինել քեզ հետ այն պարզ պատճառով, որ դու կաս Կարմիր խաչի մատյաններում, և քեզնով հետաքրքրված է եվրոպական քաղաքակրթությունը։ Ես իհարկե չգիտեմ, թե Եվրոպայի ինչի՞ն է պետք քեզ պես թերմաշ ապուշը, մանավանդ որ այնտեղ էլ օրական հազարավոր պետքական մարդիկ են սպանվում…
– Ինքնահաստատման համար, որ ապացուցեն, թե իրենք ավելի մարդ են, քան մնացածները։
– Ինչ որ է՝ ես ստիպված եմ լսել նրանց, որովհետև նրանցից է կախված մեր բանակի սպառազինությունը։- Նա խորը շունչ քաշեց:- Կարծում եմ, այսքանից հետո կհասկանաս, որ ամեն մարդ ծնվում և մեռնում է իր փոխարեն։ Սրանք այն եզակի դեպքերն են, երբ մարդն անփոխարինելի է։
Նորեկն ուշքի չէր գալիս. մի քանի զինվոր անընդհատ քաշքշում էին, ջուր լցնում վրան ու նախատում բժշկին՝ մի բան արա, պիտի հարցաքննենք։ Պառկած տեղից Մարատը տեսավ, թե բժիշկն աչքերը կկոցելով դաշտային նավթավառի լույսի տակ ինչպես է դեղը հավաքում ներարկիչի մեջ ու նեղսրտում՝ սպանել եք, ես ի՞նչ անեմ։
Երկար չարչարվելուց հետո զինվորներից մեկը բռնեց գլուխը՝ մեռնում եմ, էս անասունների հետ, էս խոնավ տեղում էսքան մնալ կլինի՞, ջհանդամը ուշքի գա, էդ ի՞նչ պիտի ասեր որ… ո՛չ գեներալ է, ո՛չ էլ մի զահրումար։
Գնացին։ Նրանց հեռանալուց անցել էր մի ժամ, մթնել էր, խուցն ավելի անթափանց էր դարձել ու ավելի հեղձուկ, երբ համատարած խավարի մեջ մեկը նվվաց։
Մարատը համարյա ննջել էր ու սկզբում պարզ չլսեց նրա ասածը, մտածեց՝ զառանցում է։
– Էհե՜յ,- նորից լսվեց թույլ, ուժասպառ ձայնը,- էհե՜յ, մարդիկ…
– Հը՞,- Մարատն էլ համարյա անձայն շշնջաց։
– Որտե՞ղ եմ,- խոսողի շունչը կտրվեց, ու ձայնը կորավ։
– Նշանակություն ունի՞՝ որտեղ ես, երբ երկու տեղում էլ քեզ խոշտանգում են հավասարապես:
Ողջ գիշեր այլևս չխոսեցին, և Մարատն համոզված էր, որ նորեկը մեռել է։ Բայց դա սովորական բան էր նման տեղերում. առավոտյան կգան, կտեսնեն արդեն չկա, կվերցնեն-կտանեն, փոխարենը կբերեն մեկ ուրիշի՝ ավելի ծեր կամ ջահել… և այսպես անընդհատ։
Առավոտյան նա դժկամորեն բացեց աչքերն ու տեսավ գլխավերևում ծալապատիկ նստած մեկին:
– Մազերդ ո՞ւր են, թրաշել ես, որ արմենոիդ գանգդ լա՞վ երևա…- ծաղրելով կտտացրեց գլխին,- լավ էլ ճտտում է:
– Պետք էր զգուշացնել, որ չես մեռել,- նախատեց Մարատը,- թե չէ սարսափելի է, երբ հանգուցյալը նստած է գլխավերևդ ու հետաքրքրվում է քո գանգով։
– Լուրջ՝ մազերդ ո՞ւր են։
– Չե՞ս տեսնում, այրած է,- հոգոց հանելով շոյեց գլուխը,- տանջանքներից մեկի ժամանակ… երբ հայերը գրավեցին Շուշին…
– Պարզ է: Բայց…- խորամանկ ժպտաց,- մահը մահ չի լինի, եթե հարություն չունենա:
– Այսի՞նքն:
– Դե ոնց ասեմ, ինչպես ասում են հայերը՝ Աստված որ ցավը տալիս է, ճարն էլ հետն է տալիս:
– Հիմա իմ գլխի ճարը ո՞րն է… մա՞զ կրակել տամ: Բժշկական էդ կրակոցն ավելի թանկ արժե, քան զինվորի կրակոցը, որը կյանք արժե:
– Չտես եվրոպացիների համար՝ հա, բայց մեզ համար…- նա լեզվով ծպպացրեց,- դու պիտի ուրախ լինես, որ ես կամ:
– Ճիշտն ասած, էս կյանքում շատ քիչ բան կա, որի համար ես ուրախ եմ: Կյանքը Աստված հորինել է ինձ ծաղրելու համար:
– Լավ, մեղք ես, շատ չեմ երկարացնի. տեսնենք ինչ կասես մի քանի ամսից, երբ փրկած կլինենք մեր գլուխները և այն էլ առատ մազերով: Պայմանը՝ եթե հանկարծ հանդիպենք ազատության մեջ, առավել ևս՝ եթե այդ հանդիպմանը ներկա լինեն ուրիշ մարդիկ, առավել ևս՝ եթե դա լինեն իմ երեխաները, առավել ևս՝ եթե դա կին լինի… Մի խոսքով՝ ես իմ գերության մասին ինչ պատմեմ, դու պիտի հաստատես, եթե անգամ հայտարարեմ, որ ես եմ փրկել աշխարհը:
– Լավ:
– …Ու գառ կառնես՝ դմակով, սև բրդով՝ համեղ գառ:
– Օղին էլ ինձնից:
– …Առավել ևս՝ եթե կին ներկա լինի… կոնյա՛կ:
– Պայմանավորվեցինք:
– Ես գիտեմ՝ ինչ անենք, որ մազերդ աճեն: Հին, պապենական մեթոդ:
– Հայկակա՞ն, թե՞ թուրքական:
– Այ մարդ, թող իմ գլխին մազ աճի, թող լինի սատանական մեթոդով։ Հետաքրքիր ես՝ կա՞պ ունի ինչական մեթոդով:
– Հա, ունի: Թշնամու խելքից անգամ ես չեմ ուզում օգտվել:
– Հիմա քեզ համար ո՞վ է թշնամի՝ հա՞յը, թե՞ թուրքը:
Մարատը վախեցած նայեց նախ զրուցակցին, ապա աջուձախ.
– Լավ, ասա: Կարևորը՝ մազ աճի:
– Բռնում ենք մի մեծ օձ…
– Ավելի լավ է հավերժ քաչալ մնամ…
– Ինչ քաքլան տղամարդ ես, հետաքրքիր է՝ ոնց ես կռվել:
– Ես չեմ կռվել…
– Էդ ստերդ պահի քննիչների համար: Ինձ համար միևնույն է… բռնում ես մի մեծ օձ:
– Կլինի՞՝ ես գառն առնեմ, կոնյակն էլ հետը, բայց օձ չբռնեմ:
– Լավ, պայմանին ավելացնում ենք մի զույգ կոշիկ, օձն էլ կբռնեմ:
– Անցի առաջ:
– Օձը բռնեցինք: Մաշկում ենք:
– Չշարունակես՝ հիմա կուշաթափվեմ:
– Լավ: Պայմանին ավելացնում ենք մի լավ վերնաշապիկ:
– Հագա՛ր:
– Օձը մաշկեցինք: Մաշկի տակից հավաքում ենք յուղը ու քսում գլխիդ: Աճում են այնպիսի մազեր, որ ծերանալիս անգամ չեն սպիտակում:
– Մնում է օձ գտնենք:
– Ա՛յ ախպեր, ուրեմն էս սարերում օձ չկա՞:
Օձի հարցը լուծելուց հետո սա ասաց, որ ինքը Արամն է, որ դագաղագործ է։ Սգաց, որ կինը հաշմանդամ է, անկողնուն գամված։ Գովեց հարսին՝ խնամում է իր անկողնային կնոջը։ «Թե ո՞նց պիտի դուրս գամ հարսիս լավության տակից,- ասաց երախտագետ հայացքով,- ոչինչ, մի լավ, ընտիր, կաղնեփայտե դագաղ կսարքեմ իր համար, թող իմանա, որ բարությունը գնահատել գիտեմ»։ Եվ այստեղ Մարատի լացը եկավ, որ հավատացել է սրա խոսքերին ու բուժիչ միջոցներին, առավել ևս՝ օձ բռնելու նրա զորությանը։
– Լսիր,- հենց այդ պահին հաջորդ գործնական քայլը ձեռնարկեց Արամը,- տնտղե՞լ ես շենքը, ներսը, դուրսը… դե, էն իմաստով էլի… փախչելու։
– Էսպիսի տեղի՞ց… էստեղ քո վանդակի ճաղերը երկնաքեր սարերն են՝ ո՛չ սղոցել կլինի, ո՛չ էլ ճկել։
– Հավի առաջ որ կավիճով գիծ ես քաշում, չի էլ փորձում տրորել-անցնել, կանգնում-մնում է, որովհետև այդ գիծը նրան թվում է անհաղթահարելի արգելք։
– Հավն ի՞նչ կապ ունի մեր հետ։
– Ոչ մի։ Ուղղակի ուզում եմ ասել՝ ես հավ չեմ, ինձ համար չկան արգելքներ։ Առավել ևս՝ կավիճով գծած։
Ողջ գիշեր երկինքը որոտաց, որոտաց՝ պատռվեց։ Անբուն մնացած կայծակները ճայթելով քաշվեցին լեռները։ Անձրև չեկավ. տառապանքի անլաց նոպա էր. միայն հեռվից լսվում էր, որ կայծակները ժայռերն են խայթում։ Երաշտ տարվա քրտնխաշ աշուն. կարմիր քամիներ իջան երկնքից… լուսաբացին հողը քաշեցին սարերի տակից ու շվվացնելով վեր-վեր գցեցին. արևը խամրեց դեղին փոշու մեջ։ Քամիներն իրենց հետ առանձնապես բան չտարան հողուփոշուց բացի, բայց ահագին բան թողել էին՝ սատկած կենդանիների ճերմակ ոսկորներ, թռչնաբներ, չորացած ծառեր, սարի գագաթներից լիզած ապարներ… Առավոտյան, երբ գերիներին տարան բակը կարգի բերելու, դագաղագործը կամաց-կամաց քաշվեց շենքի ետևն ու նրան մատով կանչեց իր մոտ։
– Սը՜ս,- մատը շուրթերին սեղմեց՝ շշնջալով,- էս քարի տակ օձի բուն կա:
– Ի՞նչ իմացար:
– Մի խոսիր,- Արամը քիթը քշտած ձեռքը մտցրեց քարի տակ ու տեղից ցատկելով կտրուկ դուրս քաշեց: Մարատը նայեց ու նրա ձեռքին տեսավ ծաղկած պոչով մի օձ, որի ականջներից ընկերը սեղմել ու հաղթական նայում էր, թե ինչպես է օձը տանջվում գալար-գալար լինելով ու գալարները անզորությունից ցած թափելով: Նա վախից ճչաց: Զինվորները վազեցին ձայնի ուղղությամբ ու տեսան նրանց արդեն դաշտի կենտրոնում, բակից ահագին հեռացած։ Փախուստի փորձ՝ գոռացին շրջապատելով:
– Չկրակեք,- բղավեց Մարատը,- սա իմ փրկությունն է,- ու դողդողացող մատը ուղղեց օձի կողմը:
Երկու զինվոր, նկատելով օձը, ընկրկեցին: Դրանից Արամը ոգևորվեց.
– Կարելի է փախչել:
– Ես վախենում եմ:
– Ես էլ եմ վախենում, բայց դա էն պատճառը չէ, որ չօգտվեմ ապրելու իմ շանսից: Ճակատագիրը զարդ է, պետք է կարողանալ այն գեղեցիկ կրել։ Ես գնացի:
Կտրուկ շարժումով ու վայրի գոռոցով Արամն օձը շպրտեց զինվորների վրա: Զինվորները խուճապահար փախան:
– Թռանք,- հրամայեց Արամն ու պոկվեց տեղից: Մարատը սուրաց նրա ետևից: Հնչեցին կրակոցներ ու հայհոյանք:
– Լավ պրծանք,- Երբ կրակոցները խլացան, Մարատը իրեն գցեց առաջին պատահած քարի ետևը ու տեսավ, որ մենակ է: Ո՞ր պահին և ո՞ւր էր մնացել ընկերը, սպանվել էր, թե ճողոպրել այլ ուղղությամբ՝ չհասկացավ:
Մենակ տխուր էր և վախենալու: Բայց նույնիսկ դա չէր խլացնում ազատության մեջ լինելու հաճույքը: Սողեսող շարժվեց առաջ: Հանկարծ փորի տակ հողը շարժվեց: Հոսեց, նրան տարավ հետը: Հայտնվեց ինչ-որ փոսի մեջ: Վախեցած շրջվեց մեջքի վրա։ Նստեց։ Հասկացավ, որ գերեզմանատանն է։ Կանգնեց ու նայեց դուրս։ Հենց փոսի բերանին տապանաքար կար՝ մակագրությամբ. «Հինգերորդ շարք, գերեզման թիվ 179, Պողոսյան Նվարդ, 1950-200…»։ Վերջին նիշը դեռ ճշտված չէր. ինչ-որ մեկը նախօրոք էր կազմակերպել իր անդրշիրիմյան տուրիզմը։ «Մահը տիեզերանավ է, որով այս կյանքից տեղափոխվում ենք ավելի հարմարավետ կյանք: Իսկ հողի վրա մեր ապրածը՝ ընդամենը ուղեգիր ձեռք բերելու ջանք»,- այս միտքը նրան զվարճալի թվաց ու նաև մի քիչ հանգստացրեց։ Դուրս թռավ փոսից, սողալով շարժվեց առաջ։
Ահա և ինքը՝ բոլոր հնարավոր սահմանների՝ էս ու էն կյանքի, էս ու էն պետության սահմանների չեզոք գոտում։ Առայժմ երկու սահմանների արանքով, չեզոք գոտու ավլած, հարթ հողերով սողում էր՝ ո՞ւր։ Նրան պատել էր տունդրայի բնակչի այն երանելի ցնորքը, որը ձյան ճերմակությունից կուրացած՝ երկնքում տեսնում էր երեք արև՝ երկուսը կեղծ։ Ամենադաժանը ընտրությունն էր. երեք դեղին արևներից գտնել միակը՝ իրականը, ու գնալ նրա ետևից։ Կեղծ արևներին հետևողը այդպես էլ տեղ չի հասնում։ Տունդրա։ Սահման։ Անսահմանափակ տարածք։ Ընտրություն։ Երկու սահմաններից ո՞րն է իրեն փրկելու։ Չեզոք գոտին։ Ահա երրորդը։ Սա ամենաանվնասն է, բայց այստեղ չի կարելի հավերժ մնալ։ Վախենում էր, որ կհանդիպի զինվորների: Ի՞նչ պիտի անի առանց զենքի: Նրա հայացքը դիպավ քարերին: Օ՛ձը: Թո՛ւյնը: Ահա զենքը, ահա փրկությունը: «…Ես կարող եմ: Չկա այդպիսի բան, որ չկարողանամ։ Ես անվախ եմ, ես հերոս եմ, որովհետև ճիշտը ես եմ, ապրողը ես եմ։ Ես հզոր եմ, ես կարող եմ…»,- համոզում էր ինքն իրեն, քշում-վանում վախը։ Եվ երբ հեռվում աղոտ կերպով տեսավ սահմանապահի ստվերը, սարսափահար մտածեց՝ ես կարո՞ղ եմ սպանել: Նա ծնկեց մի մեծ քարի մոտ, ձեռքը սահմռկած դրեց հողին ու մատները խաղացնելով խոթեց քարի տակ: Չկարողացավ ձեռքը ետ քաշել. ներսից մի հզոր ուժ, գուցե սոված վիշապ, նրա ձեռքը կլանում էր։ Երեսը քսվեց քարին, զգաց ինչպես փորի տակ հողը փափկեց, ու Մարատը ողջ մարմնով կուլ գնաց։ Երկրաշարժ՝ մտածեց։ Ընկավ մեջքի վրա։ Շշմած ու անհամարձակ կողքերը նայեց. սափոր-սափոր քարանձավներ, որ լցված են մութ ու թացով։ Շշունջ, կռինչ ու գռմռոց՝ խառնված լեռան շնչին։ Փաստորեն լեռն իրեն կուլ է տվել. լանջի այդ մասում հողը հոսող էր։ Մտքում ծիծաղեց. իր ունեցած ամեն ինչն է հոսող՝ հոսող հայրենիք, հոսող սահման, հոսող հող, հոսող ճակատագիր… Եվ ոչ մի հստակություն։ Այնուամենայնիվ լեռան փորում օդը տաք էր, մութը փափուկ։ Մութն էլ ունի պահպանիչ հատկություն, ինչպես աղոթքը. պաշտպանում է լույսից, որ թշնամիները չնկատեն։ Խարխափելով ոտքի ելավ։ Անմեկնելի խորքերից ականջին անորոշ գմգմոցներ, ճիչուկանչեր էին հասնում. մենության սարսափից մութը վհուկներ էր ծնել։ Մի քիչ քայլեց լեռան լպրծուն անոթներով։ Լեռն առողջ էր. արյան զարկը ինքն իրենից գաղտնիք չուներ՝ և՛ գվվում էր, և՛ քրքջում, լռել գիտեր, շատախոսել, որտեղ լույս կար՝ լույսն էր լիզում, որտեղ խավար՝ իր սնուցած վհուկներից չէր ամաչում… ապա լսվեց ստորգետնյա մունջ ջրերի կանչը։ Ուրախացավ. եթե ջուրը հոսում է, ինչ-որ տեղից դուրս է գալու, մանավանդ որ անձավի ծծմբախառն օդին թարմություն էր խառնվել։ Գնաց ջրի ճամփով։ Տեղ-տեղ լեռան քրքրված կողերից լույս էր թափանցում. հավանորեն հսկան գիտակցաբար էր բացվել լույսի առաջ, որ ներսում մաղձ չկուտակվի։ «Նույնիսկ լեռան նման հավերժական ապառաժը ունի փափուկ ու նուրբ տեղեր, որոնք ցավից պատռվում են, ինչ-ինչ մտքից՝ բացվում»,- զննեց անհավանական վերից իջնող լույսը. գուցե մագլցի՞ լույսի ուղղությամբ։ Բայց լեռը բարձրանում էր այնքան, մինչև սպառվի մարդու հայացքը… Ավելի լավ է ջրի հետ հոսի, մինչև մի տեղից դուրս գա։
Ջուրը չէր շտապում. էս խոռոչն էր մտնում, էն խոռոչը, մի տեղ գգվում-խառնվում էր որևէ վտակի, մի տեղ գալար-գալար փաթաթվելով՝ քարն էր խեղդում։ Որոշ պահի քամու հանդիպեցին. սա ջուրը գզեց-գզգզեց, վերածեց կաթիլների ու խոնավության, հետո քամուց փախան, ավելի ճիշտ՝ քամին ավելի հարազատ խաղ գտավ՝ գնաց խառնվելու վհուկների կանչին… Եվ վերջապես արեգակի լույսը։ Ուրախությունից վազեց։ Լեռան մամռոտ պնչից գլուխը հանելիս գայթեց, ընկավ:
– Ձեռքդ տուր,- լսեց ծանոթ մի ձայն:
Նայեց: Գերության իր ընկերն էր՝ դագաղագործը: Նրանց թիկունքում՝ փշալարով գծված սահմանը:
– Ես գիտեի,- հուզմունքից կմկմաց Մարատը,- ես գիտեի, որ քեզ կգտնեմ,- ձեռքը ձգեց դեպի Արամը: Սա կտրուկ մի շարժումով քաշեց, գետնից պոկեց Մարատին: Մարատը ուրախացած փարվեց ընկերոջը։
– Ճիշտն ասած՝ մենակ վախենում էի։- Խոսելու ընթացքում թափ տվեց վրայի փոշին, պոկեց ընկերոջ գոտկատեղից կախ ընկած փոքրիկ տակառիկը, խմեց:- Պատմիր՝ ո՞ւր կորար… սա Հայաստանի՞ սահմանն է:
– Տանե՛լ,- ուսի վրայից հրամայեց Արամը:
Մի քանի զինվոր պատրաստակամ մոտեցան ու զենքը պահեցին նրա վրա։
– Էս ի՞նչ ես անում: Դու հո ինձ ճանաչում ես: Սա Հայաստանի սահմա՞նն է:
– Հա:
– Բայց ես հայ եմ: Դու ինձ ճանաչում ես: Ասա, որ ես հայ եմ,- հայացքը նրա ուսադիրներին՝ խնդրեց Մարատը:
– Ես քեզ ճանաչում եմ, ես գիտեմ, որ դու դու ես, բայց ես չգիտեմ ո՞վ ես դու՝ հա՞յ, թե՞ թուրք: Դու այդ մասին ինձ ոչինչ չես ասել:
– Կսպանե՞ս:
– Չէ: Ընդհակառակը, կօգնեմ: Կօգնեմ, որ շուտ փոխանակեն քեզ և կասեմ, որ չտանջեն:
Մարատը լաց լինելով ծնկի իջավ ու գրկեց նրա ոտքերը.
– Դուք հերոս եք, փառապանծ մարդ, Դուք քաղաքներ եք այրում ու գրավում գյուղեր, Ձեզ ինչ օգուտ ինձ նման մեկի տանջանքից։ Հավատացեք ինձ, ես հայ եմ։ Օգնեք…- փղձկաց։
– Կօգնեմ, թեև առանձնապես չեմ հավատում։ Բայց պատերազմն առանց մարդասիրության…- Արամը այնպես արտասանեց «մարդասիրություն» բառը, կարծես ասում էր ավելին, քան նշանակում է բառը,- ինչպես հարսանիքն առանց հարսի։ Պողոսյա՛ն…
Պատրաստակամ մի զինվոր անմիջապես բուսնեց.
– Էսօրվա մարտից հետո էնտեղ թուրքերի դիակներ կան։ Ստուգիր՝ ո՞ւմ գրպանում փաստաթուղթ կա, բեր։
Մարատը ոտքի ելավ։
– Հիմա կգա,- Արամը սիգարետ առաջարկեց։
– Շնորհակալություն,- շշնջաց Մարատը հուզմունքից խռպոտած ձայնով, թեև չէր հասկանում իր հետ ինչ կապ ունի զոհված թուրք զինվորը։
Չէր հասցրել կպցնել ծխախոտը, Պողոսյանը վերադարձավ՝ բերելով երկու վկայական։
– Մուստաֆա և…- Արամը փակեց առաջինը և կարդաց երկրորդը,- Ահմեդ։ Հը՞, քեզ ո՞րն է դուր գալիս՝ Մուստաֆա՞ն, թե՞ Ահմեդը։
Անձնագրերը բերած զինվորը թեթևակի քխկաց ու կամացուկ հուշեց.
– Ահմեդը լավ անուն է։ Համ էլ էն մեկը գնդակից ծակվել է։
– Լավ, թող լինի Ահմեդ,- համաձայնեց գլխավորը ու Ահմեդի անձնագիրը պարզեց Մարատին,- շնորհավորում եմ, Ահմեդ։ Վաղը քեզ կուղարկենք ձերոնց մոտ։
Վեր թռավ։ Սրտի զարկերը հնչում էին ինչպես եկեղեցու զանգերը՝ ուժեղ, ուժեղ, ուժեղ՝ ազդարարելո՛վ։ Փորձեց նստել։ Ինչպես վատ երազում՝ շունչը կտրվում էր, ուզում էր փախչել, գոռալ, բայց չէր ստացվում։ Գլխավերևում երկու հոգի խոսում էին:
– Նայեք,- նրան մեջքի վրա շրջեց ընդունող հայը,- սրանք վիրահատության հետքեր են, նրա ձախ երիկամը չկա: Եվ աստված գիտե, թե էլ ինչեր են պակասում ներսից: Ես ինչի՞ պիտի սրան ընդունեմ:
– Պետք է,- պարտադրում էր Կարմիր խաչը,- ընդունեք, որովհետև գերին չի բողոքում:
– Եթե ի վիճակի լիներ՝ կբողոքեր: Մենք նրան վկաների ներկայությամբ ենք հանձնել, բոլոր մանրամասներով՝ կշռելով ու չափելով։ Մենք…- ընդունողը աչքերը զայրացած չռեց Կարմիր խաչի ներկայացուցչի վրա ու հատ-հատ շեշտեց.- Նրան հանձնել ենք ամբողջությամբ և այդպես էլ ետ կընդունենք։
– Դուք եք մեղավոր։ Հերիք չէ՝ սպանել եք թուրք զինվորականի եղբորը, դեռ նրա վկայականն էլ սրա ձեռքը տված՝ ուղարկել եք նրանց մոտ։ Մի եղբորը սպանել եք, մյուսին ծաղրել… այլ բա՞ն էիք սպասում։
Մարատը աղոտ կերպով կռահեց, որ հայերի մոտ է։
– Ինչ լավ է…- փորձեց խոսել,- ես գիտեմ հայոց այբուբենը՝ այբ…այբբ…բ…բ…- և ուշագնաց եղավ։
– Ահա,- ուշաթափ գերուն մատնացույց արեց դիտորդը,- նա գիտի հայոց այբուբենը։
– Ինձ չի հետաքրքրում։ Սա արդեն դիակ է, ինչո՞ւ պիտի ողջ մարդու տեղ ընդունեմ։
– Եղբայր,- պնդում էր Կարմիր խաչը,- իմ ինքնաթիռը թռչում է երեք ժամից, իսկ մինչ այդ ես պետք է հասցնեմ վճիռ կայացնել հայ-թուրքական սահմանի մասին, արագացրեք:
– Պետք է հանձնաժողով ստեղծել,- պնդում էր հայը,- եթե միայն երիկամը լիներ, էլի ոչինչ, բայց ես ի՞նչ իմանամ՝ էլի ինչեր են պակասում ներսից:
– Եղբայր,- նորից համոզում էր Կարմիր խաչը,- հազիվհազ ձեռք է բերվել զինադադարի պայմանագիր, հազիվ համաձայնել են ձերոնք, հազիվ համաձայնել են նրանք, արժե՞ նորից այդ ամենը ավերել մի ծեծված գերու երիկամի պատճառով: Ընդունիր նրան, լրացրու փաստաթղթերը: Մի քանի ժամից սա կմահանա, կթաղեք՝ կանցնի-կգնա: Ո՞ւմ է հետաքրքրելու դիակի երիկամը բանակցային այս ծանր շրջանում:
Շո՛ւնը: Ավանակի բարձրության, կովկասյան գելխեղդ. թաթը ում բկին սեղմեց՝ վերջ: Կատաղած մի էգ, որի ամեն քայլը խանդով հսկում էր տերը, որ հանկարծ ուրիշ շների հետ չխաչասերվի ու չխեղաթյուրի Կարմիր գրքում գրանցված գենը։
Շանը բանտապետն հիշեց ամենավերջում…
Սովորաբար ճաշարանի հավաքարարը թերմացքը և անգամ կիսատ մնացած թեյերը հավաքում էր կապրոնե դույլի մեջ, երբ դա լցվում էր, տանում էր բակ ու դատարկում պատի ետևում դրված մետաղյա տակառի մեջ։ Օրվա վերջում գալիս էր բեռնատարը, տակառը տանում խոզատերերին։ Երբ հերթապահը առնվազն հինգ անգամ «Նախաճաշն ավարտված է» գոռալով անցավ դատարկ ճաշարանի շարքերի միջով, և Մարատը ծուլորեն շարժվելով՝ պոկվեց աթոռից ու դուրս եկավ, հավաքարարն ընկավ ծանր կացության մեջ՝ ոչինչ չէր կերել։ Նա նայում ու չէր հասկանում՝ հաց ու կարագը, ծիրանի ջեմն ու թեյը ետ տանի խոհանո՞ց, թե՞ համարի թերմացք. ուտելը՝ չէր կերել, բայց վերջին հաշվով կես ժամից ավել նստած շնչել էր ուտելիքի վրա։ Այսինքն՝ ձեռք էր տվել։
Նախաճաշից հետո գերուն հանեցին զբոսանքի։ Բայց նա սիրտ չուներ, հենվեց պատին ու մնաց։
Հսկիչ զինվորներից երկուսը պատրաստակամ վազեցին ու ծանրորեն քաշելով՝ բացեցին դարպասը, որին նախկինում հասնելու համար առնվազն քսան զոհ էր պետք տալ։
Մարատը անշարժ նայում էր դարպասների բաց երախին, որից երևում էր փորոտիքը՝ սառած կավահող, բնության տաքուպաղից ճաքած քարեր, հատուկենտ ավտոմեքենաներ, որոնք չոր գետնից փոշի հանելով սուրում էին հեռվում, ու նրանցից հետո երկար ժամանակ շեկ փոշի էր կանգնած մնում օդում… Բանտապետը ոտքերն ուսերից լայն դրած, բակի կենտրոնում կանգնած, ժպիտը դեմքին սպասում էր։ Գերին անտարբեր նայում էր դարպասների բաց երախին, հեռավոր մշուշի մեջ կապտած լեռներին, բանտապետին, տաք ձմռան պարզ երկնքին, սեփական ոտքերի տակ։ Անելանելի կացության առաջացրած հուզմունքից՝ շուրթերն անձայն շարժելով բանտապետը մտքում խոսում էր ինքն իր հետ և չգիտեր՝ ինչպե՞ս պահել իրեն, որովհետև գալիս պատկերացնում էր այս պահը, երբ ինքը պետք է ավետեր՝ Կարմիր խաչը եկել է քեզ փրկելու, մտովի տեսնում էր, թե ինչ փութկոտությամբ սա կվազեր դեպի դարպասները։ Բայց նա անշարժ էր։ Բանտապետը մտածեց, որ գերին վախենում է դիտակետերում կանգնած զինվորներից, շրջվեց ու ձեռքի նշանով կանչեց նրանց։ Զինվորները ցած թռան ու վազեցին բանտապետի մատի ուղղությամբ՝ ներս:
Մարատը տեղից չէր շարժվում։
Բանտապետն անհամբերությունից վազեց դեպի դարպասները ու սկսեց՝ ներս, ապա դուրս, ներս, ապա դուրս, ամեն անգամ ոտքերի տակից փոշի հանելով ու իր իսկ հանած փոշուց հազալով, ապա կանգնեց դարպասների մեջ ու շունչը տեղը բերելով, հուսահատված՝ ձեռքով հրավիրեց, ինչպես տանից դուրս կաներ իրեն վիրավորողին՝ դո՛ւրս…
Ճարահատյալ բանտապետը հանեց զենքն ու պահեց նրա քունքին.
– Հաշվում եմ մինչև երեքը։
– Երե՛ք,- վրա բերեց Մարատը:
Բանտապետի թևերը ցած կախվեցին.
– Ի՜նչ մարդ ես։ Հազիվ քեզ փրկում են։ Գնա, այ մարդ… գնա՛։
…Որպես միակ փրկություն, բանտապետը նայեց շանը, որը գլուխը մեքենայից դուրս հանած՝ ներքին հերսից լքլքում էր:
– Չկծես, չնայած լրիվ հասնում է, դրանց մեջ էնպիսիները կան, որոնց դաժանության առաջ կյանքը վախից կուչ է գալիս։ Չկծես, եղա՞վ… միայն վախեցնել,- հրամայեց՝ շան վիզը քորելով:- Պայմանավորվեցի՞նք՝ չկծես, մեզ պետք է ընդամենը նրան բանտի տարածքից դուրս քշել։ Չի ուզում տուն գնալ. դու էդպիսի բան տեսե՞լ ես՝ գերուն բաց թողնես, չուզենա… ա՜յ քեզ զարմանալի բան։ Ուրեմն այսպես՝ միայն հաչել, գռմռալ, վախեցնել։ Գզելը, կծելը, անգամ ատամ գցելը խստիվ արգելվում է։
Սկզբում նրա մեքենան անցավ փշալարերի մոտով, ապա հինգ մետր հաստությամբ պատերը, ապա դարպասը…
Երբ բանտապետը ավանակի բարձրությամբ կատաղած շան հետ կանգնեց դարպասների մեջ, բանտարկյալը առաջվա պես պատի տակ էր։
Բանտապետը մատնացույց արեց գռմռացող շանը, որի մեջքին որպես չարացած կոբրա՝ դիք ցցվել էր փարթամ պոչը:
– Սա կատաղած, անաստված կենդանի է։ Գնա՛։
Ասես ի հաստատումն՝ շունը գռմռաց, բացեց առողջ ժանիքները։
Ամեն ինչ առաջվա պես անշարժ էր։
– Մի անգամ էլ եմ ասում, մի ստիպիր…
Մարատը մահարձանի լռությամբ անշարժ ցցված էր։
Բանտապետը հուսահատված տարուբերեց գլուխն ու թփթփացրեց շան մեջքին՝ գործդ արա։
Շունը լավ էր վարժեցրած. գռմռալով չափեց բանտի հրապարակը, աջուձախ թռավ, ընդհատվող, բայց զիլ հաչոցներով, պոչը ահագնորեն ճոճելով ցուցադրեց իրեն ու իր կատաղությունը: Հսկիչներից մի քանիսը զգաստացած սեղմվեցին պատին։ Շունը դրանից ոգևորված՝ ցատկով հասավ Մարատի մոտ։ Խոժոռ դեմքին մսոտ մռութները քշտած, խոնավ ժանիքները ցուցադրելով, լորձունք ցայտեցնելով՝ հաչեց, հաչեց, հաչեց… վրա տվեց։
Նա շան նազուտուզը տանելու սիրտ չուներ, թևքի միջից հանեց հայելու կտորը ու ցցեց շան կոկորդին։ Արյան մի հաստ շիթ գոլորշի արձակելով դուրս ցայտեց, ապա սկսեց հոսել կենդանու բրդի վրայով։ Տաք արյունից շունն ավելի կատաղեց, թռավ գերու վրա։ Նա կողմ փախավ։ Շունը կատաղած հաչելով, արյուն-հետագիծ թողնելով ընկավ ետևից։ Հասավ։ Գազազած կենդանին ետևի թաթերին կանգնած, առջևի թաթերը սեղմել դիմացի պատին, իր ու պատի արանքում Մարատին ճզմել և խռխռալով փորձում էր գտնել նրա գլուխը՝ ատամը էնտեղ խրելու համար, ատամներից էլ կախ՝ կատաղությունից առաջացած արնախառն լորձունքը։ Խռչափողից էլ արյան հետ գռմռոցներ էին բխբխկոցով թափվում։ Մարատը պաշտպանվում էր՝ թևերով փակել էր դեմքը, կուչ եկել շան կրծքի տակ և մեջքով նրան ետ էր հրում։ Չորս կողմից մարդիկ վազել, լցվել էին շան վրա, քաշքշում էին։ Բայց թուլացած շան մարմինը ծանր էր, տաք, ու երբեմն-երբեմն կոկորդից դուրս էին պրծնում խուլ գռմռոցներ, հետն էլ՝ արյան վերջին շիթերը։ Ի վերջո շունը առջևի երկու թաթը պատին հենած, քարը ճանկռելով, ճանկերի տակ երկու զուգահեռ փորելով, կրծքով գերուն ճզմելով՝ ցած ընկավ։ Բոլորը միաժամանակ լցվեցին շան վրա, հարայ-հրոցով, տնքտնքոցներով, իրար ցուցումներ տալով՝ կենդանուն շրջեցին մեջքի վրա, տակից հանեցին Մարատին։
Սատկած շունն ու ուժասպառ գերին գետնին պառկած էին կողք-կողքի, արյան նույն լճի մեջ։ Երկար ժամանակ ամեն ինչ անշարժ էր, ինչպես սատանի գութը, և միայն ամպերն ու ագռավներն էին սահում նրանց գլխավերևով։
– Տեսա՞ր, տեսա՞ր՝ ինչ արեցիր,- իրեն կորցրած ողբում էր բանտապետը,- գնա՛, այ մարդ, գնա՛,- բղավում էր աջուձախ։
Մարատը լուռ կուչ էր եկել։ Նա նայում էր արնաքամ եղած շանը, քարե պատի վրա փոս ընկած ճանկերի հետագծին, շան արյունով թրջված շորերին, բակում գոյացած արյան լճին, անզորությունից սնկրտալով ետուառաջ քայլող բանտապետին… Եվ շարժվելու մտադրություն չուներ։ Հենվել էր պատին, որից այն կողմ փշալարեր էին, որտեղ վնգում է բարձրավոլտ էլեկտրական հոսանքը, ու շվարած նայում էր։ Եվ հինգ մետր հաստությամբ բանտի պատերը նրա միակ փրկությունն էին, միակ հույսը, որովհետև միակն էին, որ պաշտպանում էին իրականությունից։
Կարմիր խաչը եկավ ժամանակին. երբ դեռ գետնին ընկած էր արնաքամ շունը։ Իհարկե, զինվորները կարող էին շանը նետել դարպասից դուրս՝ անգղերին, բայց արյան հետքը կես ժամում անհնար էր լվանալ հողից, և Կարմիր խաչը գուցե մտածեր, թե դա մարդու արյուն է, գուցե կասկածեր, որ իրենք կոպիտ են գերիների հետ։ Դրա համար էլ բանտապետը հրամայեց ձեռք չտալ շանը, գերին էլ, եթե ուզում է, կարող է մնալ իր հերոսության կողքին։
– Տեր Աստված,- բացականչեց Կարմիր խաչի ներկայացուցիչը։ Եվ բանտապետը ստիպված էր բացատրություն տալ.
– Նա ձերբակալվել է սահմանի վրա, զինադադարի օրը, որը ձգվում է արդեն քսան տարի… Այդ ընթացքում կնքվել են ինչ-ինչ պայմանագրեր, վերադարձվել գերիներ, հանդիպել պատերազմող կողմերի նախագահները, սփոփվել են զոհվածների մայրերը, նրանց կանայք հավանաբար գտել են նոր սեր, բայց նրա դեպքում,- ցույց տվեց կուչ եկած Մարատին,- ռեժիմը մնում է նույնը՝ աքլոր, աքլորականչ, քնաթաթախ արև, հորանջ, նախաճաշ, ծեծ։ Ծեծն իհարկե ոչ մեզ մոտ, այլ հակառակ կողմում։ Երբեմն, բանակցությունները հաջող ընթանալու դեպքում, նրան հանում ենք զբոսանքի, մի անգամ նույնիսկ թույլ տվեցինք դիտել արևածագը։
Դիտորդը կռացավ Մարատի վրա ու հարցրեց.
– Արդյո՞ք։
– Քիչ հեռվում վայրի խնձորենիների պուրակ կար,- խոսեց Մարատը,- խնձորենու ծաղիկները, ինչպես միշտ, ճերմակ էին… Այդ ճերմակ ծոցերում քուն են մտնում թռչունները, որոնց կտուցները դագաղներ են, ուր պահվում են ոսկե երգեր։ Գիշերվա մի պահի կափարիչները շարժվում են, բանտված երգերը սրտապատառ սլանում են դուրս, և դա կոչվում է լուսաբաց… Բայց քիչ անց բանակցությունները մտան փակուղի և վերականգնվեց ռեժիմը՝ աքլոր, աքլորականչ… ծեծ։
– Մենք նրա հանդեպ բարի ենք եղել,- հավաստիացրեց ոգևորված բանտապետը,- փոխանակելիս ճանապարհի որոշակի տեղում գերին հոգնում էր։ Նրան սիգարետ էինք տալիս…
– Իրո՞ք,- գերու վրա կռացած՝ փորձում էր նրա հայացքը բռնել ներկայացուցիչը։
– Այո՛, այո՛,- հաստատում էր Մարատը,- Կարմիր խաչից գալիս էր համապատասխան աշխատողը, ստուգում՝ գերին ո՞ղջ է, թե՞ նրա հետ կատարվել է դժբախտություն։ Հարցաքննում էր՝ կերակրո՞ւմ են, լա՞վ են վարվում հետս։ Ժպտում էի՝ ամեն ինչ լավ է։ Ես գերի եմ և ըստ այդմ կատարում եմ իմ պարտականությունները՝ ռեժիմով ուտում եմ, քնում, ծեծվում… Կարմիր խաչի ներկայությամբ կշռում էին ինձ, նշում քաշս, հանձնում հակառակ կողմին զգուշացնելով՝ նիհարելու դեպքում պատասխանատվություն կկրեն։ Կարմիր խաչի աշխատակիցը մյուս կողմին ստորագրել էր տալիս թղթեր ու գնում էր աշխատավարձ ստանալու։ Ինձ հանձնում էին հակառակ կողմին։ Այստեղ դարձյալ ռեժիմը նույնն էր…
– Հանգստացեք, մեր նպատակը Ձեզ օգնելն է։ Մենք գիտենք, որ Դուք դուրս եք եկել տանից և այլևս չեք վերադարձել։ Մենք կօգնենք Ձեզ։ Միայն ասացեք՝ դուք ո՞վ եք՝ հա՞յ եք, թե՞ թուրք։
Նա լացակումած նայեց քննողին ու բղավեց արցունքախառն.
– Ես չեմ ուզում մարդ լինել, հայ լինել կամ թուրք։ Ինձ հանգիստ թողեք։
– Այդպես չի կարելի,- նախատեց Կարմիր խաչի ներկայացուցիչը,- ամեն ինչում հստակություն ու թափանցիկություն է պետք՝ պետք է անպայման կամ հայ լինել, կամ թուրք։ Մենք հենց դրա համար ենք եկել, որ դա՛ ճշտենք։ Միջազգային հանրությունը մեզ հենց դրա համար է վարձատրում, որ Ձեր մեջ հայտնաբերենք հայ կամ թուրք, հանձնենք սեփական ժողովրդին և հանգիստ խղճով վերադառնանք տուն։ Վեր կացեք։ Եկեք մեզ հետ։ Ինքնաթիռը մեզ է սպասում։ Ճանապարհին մենք ամեն ինչ կճշտենք։
– Չեմ ուզում,- մերժեց Մարատը։
– Սիրելիս, ես ողջ Եվրոպան, Կովկասը, հենց ողջ աշխարհը կտրել-անցել եմ, որ Ձեզ օգնեմ…
– Չէ։
– Մի համառեք, ամեն ինչ լավ կլինի։
– Հավատում եմ, արդեն քսան տարի Կարմիր խաչն ինձ օգնում է։ Եվ ես շնորհակալ եմ։ Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում։
– Ինչպես կարելի է լավ զգալ գերության մեջ։ Ինչքան էլ լավ վարվեն Ձեզ հետ, վերջիվերջո Դուք հո գիտեք, որ գերի եք։ Ինչպե՞ս պիտի լավ զգաք։
– Պատկերացրեք։
– Խնդրում եմ, հարգելիս, իմ օրը ծանրաբեռնված է, ես պարապ չեմ, վեր կացեք։ Դուք մի քիչ նեղացած եք, հասկանում եմ, քսան տարին քիչ չէ, բայց մենք միշտ էլ հարցումներ ենք արել երկու կողմերին և առ օրս ոչ մի կողմից էլ լուր չկա Ձեր գոյության մասին։
– Ուրեմն հանգիստ թողեք ինձ։
– Եղբայր,- բանտապետը մեծ դժվարությամբ, հանուն Եվրոպայի ասաց,- մարդը աշխարհից աշխարհ եկել է քո ետևից… դա ի՞նչ վերաբերմունք է։
Բանտապետը երկիմաստ նայեց իր զինվորներին։ Սրանք անմիջապես հասկացան։ Ջլապինդ մի զինվոր մոտեցավ, ավտոմատի փողը պահեց Մարատի քունքին.
– Վե՛ր կաց։
– Չե՛մ ուզում,- գոռում էր գերին:
– Վե՛ր կաց, կկրակեմ,- զգուշացնում էր զինվորը:
– Կրակի՛ր,- հրամայում էր գերին:
Ի վերջո մոտեցան այլ զինվորներ, գերուն ճանապարհի մի մասը գրկած, մյուսը քաշքշելով տարան, նստեցրին Կարմիր խաչի մեքենան։
Մեքենան պոկվեց տեղից։
– Եվ այսպես, բարեկամս, ազատությո՛ւն,- դիտորդը թևերը տարածած աջ ու ձախ նայելով ոգևորեց գերուն։ Մեքենան թափ հավաքեց, կավահողի դեղին փոշին լցվեց ներս:- Ասացեք, որտեղ է Ձեր տունը, մենք Ձեզ տուն կտանենք: Քիչ հեռվում մեր ինքնաթիռն է, այն կարող է կտրել հազարավոր կիլոմետրեր։
Մարատը նայում էր ժպտացող ներկայացուցչին:
– Չէ՞ որ Դուք երազում էիք վերադարձի մասին: Ասացեք, և մենք Ձեզ կուղեկցենք: Մի՞թե չեք ուզում:
Մարատը նայում էր նրան ու մտածում. «Ո՞վ է սա, լրտե՞ս: Իրո՞ք սա Կարմիր խաչից է, և կա՞ արդյոք որևէ փրկարար խաչ»։
– Չեմ հիշում։
– Ոչինչ։ Մի անուն, հուշող մի բան ասեք, մենք կփնտրենք, կգտնենք։
– Ըըմ… կարծես թե այս կողմերում… Մ… Մ… Մ տառով ինչ-որ անուն էր:
– Էլի ինչ-որ բան, մի լեռ, մի սար, նշանավոր մի գետ… էլի մի բան հիշեք, մենք կփնտրենք, կգտնենք,- շարունակում էր հուսադրել Կարմիր խաչի ներկայացուցիչը:
Մարատը նայում էր նրա բարի աչքերին, լսում անկեղծ մխիթարանքը, խոստումները և չէր հավատում.
– Տունն իր տեղում է, Դուք ի՛նձ փնտրեք։ Ե՛ս եմ կորել։ Դուք մոռացե՞լ եք՝ քսան տարի առաջ ես դուրս եմ եկել սեփական ճակատագրից և այլևս չեմ վերադարձել։ Կորուսյալը ե՛ս եմ։ Դուք ի՛նձ փնտրեք։